«Ճապոնական գավառներից մեկից մի երիտասարդ մեկնում է մայրաքաղաք ուսանելու։ Հայրենի բնակավայր վերադառնում է մայրաքաղաքային կեցվածքով եւ խոսելակերպով ու եթե անգամ նրա մտքերը խելացի լինեին, նրա ասածներն ընդամենը ծիծաղ էին առաջացնում»։ Սա մեջբերում էր սամուրայական մի այլաբանությունից, իմիջիայլոց։ Իսկ հրապարակման բուն թեման երեկ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հրավիրած մամլո ասուլիսն է։
Հայաստան գալովՙ ի սկզբանե նախագահի թեկնածուն որոշել էր առաջնորդվել քաղաքական պայքարի քաղաքակիրթ ձեւերովՙ բանավեճեր, ոչ մի միտինգ, սակայն, նրա խոսքով, իր այսօրվա կեցվածքը պարտադրված է ներկայիս իշխանությունների կողմից։ Նախ, իր հետ ոչ ոք չնստեց բանավեճի սեղանի շուրջ, այլ գերադասեցին ինտրիգների միջոցով առաջ շարժվել։ Իսկ ինքը պատրաստ է ծրագրային քննարկման, եթե ինչ-որ մեկն, իհարկե, կարող է իրեն բացատրել, օրինակ, «կոռուպցիա» բառի իմաստը։
«Մասնագիտական պատկերացում չունեցող մարդիկ երկրում փորձում են եղանակ ստեղծել, միշտ գալու ենք միտինգային տիպի, որին կատեգորիկ դեմ եմ», ասում է Արամ Կարապետյանը։ Այդուհանդերձ, կատեգորիկ դեմ լինելով միտինգներին, նախագահի թեկնածուն դրանց պերճախոս ակտիվիստներից է։ Ինչ վերաբերում է մասնագիտական պատկերացումներին, դրանք, ըստ նրա, հավանաբար Ստեփան Դեմիրճյանն ունի, քանի որ նախագահի հենց այս թեկնածուի կողքին է պատրաստվում լինել Արամ Կարապետյանը, եթե, իհարկե, Դեմիրճյանը նախագահ դառնա։ Այն թեկնածուի հետ, որի ծրագրի ոչ մի դրույթին այդպես էլ չծանոթացանք, բայց իմացանք, որ նա գիտի, թե ինչ է անելու, ինչպես եւ ումով։ Արամ Կարապետյանն այժմ բանակցություններ է վարում, բայց ոչ թե աթոռի, այլ երկրի առաջիկա զարգացման ճանապարհների, ներքին եւ արտաքին քաղաքականության շուրջ։
Բանակցություններն, ըստ Կարապետյանի, դեռեւս չեն ավարտվել, ժամանակ չկա, հանրահավաքներից հետո մարդկանց ձերբակալությունները խլում են այդ ժամանակը։ Հավանաբար միայն իր, քանի որ Ստեփան Դեմիրճյանն, օրինակ, հայտարարեց, թե պատասխանատվություն չի կրում հանրահավաքներից հետո կատարվող անկարգությունների համար։
Արամ Կարապետյանի խոսքովՙ Մատենադարանի մոտ օրերս հաճախակի դարձած հավաքները ոչ թե հանրահավաքներ են, այլ Ստեփան Դեմիրճյանի հանդիպումներն իր ընտրողի հետ։ Ընտրողների համար բավականին վտանգավոր, իսկ քարոզարշավի տեսանկյունից բավականին էժան արժեցող հանդիպումներ են, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր թեւը դեռ վիճարկում է առաջին փուլի արդյունքներն ու երկրորդին գնալը դեռ չի որոշել։ Ինչեւէ։
Արամ Կարապետյանը մեկ անգամ եւս հերքեց, թե Պուտինի խորհրդականն է, միեւնույն ժամանակ, որպես ապացույց Ռուսաստանում իր ծավալած լուրջ գործունեության, լրագրողներին ցույց տվեց ՌԴ Պետդումայի անվտանգության խորհրդի հարավի հարցերի պատասխանատուի իր վկայականը։ Նշեց նաեւ, որ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում հզոր կապեր ունիՙ «երկրում լուրջ հարցեր լուծելու համար»։ Ինֆորմացված լինելու առումով իր հետ ինչ-որ մեկը մրցել չի կարող, նույնիսկ պետական մարմինները։ Արամ Կարապետյանը բարձրաստիճան իշխանավորների ոչ օրինական գործունեությանը, դրսում ունեցած կապերին, կազինոներում վատնած գումարների չափերին քաջատեղյակ է, այնուամենայնիվ, առայժմ երկրի վարկից ելնելով չի խոսի։ Իր բացահայտումները նա կանի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո միայն։
Ալեքսանդր Գեւոեւն իր դեմ լուրջ մեղադրանքներ է ներկայացնում։ Ինքը, սակայն, դիմել է դատախազությունՙ Գեւոեւի դեմ, որպես զրպարտչի, քրեական գործ հարուցելու համար։ Ըստ Արամ Կարապետյանի, լրատվամիջոցներին, որոնցով տեղեկությունը տարածվել է, փող են տվել։ Մեր կողմից նշենք, որ ԱԼՄ-ի պարագայում չգիտենք տրված գումարի չափը, «Ազգի» պարագայում դա զրո է կազմել. դրամ, դոլար թե ֆրանկ, միեւնույն է։
Կարապետյանի դեմ սեւ PR-ի դրսեւորում են եղել նաեւ որոշ հեռուստաալիքներիՙ ի վնաս իրեն մոնտաժած տեսանյութերը, մասնավորապես Փարաքարը փակելու կամ մատ թափ տալու պատմությունները։ Պարոն Կարապետյանը լրագրողներիս առաջարկեց դիտել չմոնտաժվածՙ «հում» տեսանյութըՙ ապացուցելու համար, որ «ուրիշ բան եմ թափ տալու» ասելով ինքն օրենքը նկատի ուներ։ «Օրենք» բառն, իհարկե, հնչում էր տեսանյութում, բայց պաուզայից հետո։ Հրապարակային ելույթների այս պարզունակ հնարքն, անշուշտ, բոլորին է հայտնի, մանավանդ Արամ Կարապետյանը համաձայնեց, որ ընտրազանգված գրավելու ձայներ բերելու համար իր կողմից որոշ տեխնոլոգիաներ կիրառվել են։
Մ. Հ.