Թերեւսՙ որոշ
Փետրվարի 19-ի հանրապետության նախագահի ընտրությունների քվեարկությունից հետո մի քանի անգամ մայրաքաղաքում տեղի ունեցան հանրահավաքներ։ Թե ովքեր եւ ինչու էին հավաքվում կամ ինչ նպատակ ունեին, դա հանրահավաքներին մասնակցողների, իսկ առաջին հերթին, դրանք կազմակերպողների խնդիրն ու ցանկությունն է։
Սակայն հետաքրքրական եւ, ցավոք, ոչ ժողովրդավարական մի հանգամանք անընդհատ կրկնվում է նման հավաքներում։
Հանրահավաքների ժամանակ խմբված մարդիկ մեծ մասամբ անհանդուրժող, առավել եւսՙ չարությամբ են տրամադրված լրագրողների ու տեսախցիկների նկատմամբ։ Եղել են անգամ լրագրողներին ահաբեկելու դեպքեր։
Հավաքված բազմության առանձին ներկայացուցիչներ, իրենց սեփական գնահատմամբ իշխանամետ լրատվամիջոցներին առանձնացնում ենՙ անհարկի վիրավորելով լրագրողներին։ Մինչդեռ մոռանում են, որ, իրենց իսկ համոզմամբ, հավաքվել են ոչ թե տոտալիտար համակարգին բնորոշ կարգեր հաստատելու, այլ արդար ու թափանցիկ քվեարկություններով ժողովրդավարություն կառուցելու նպատակով։
Հասկանալի է, որ նշված նպատակը հանրահավաքներին մասնակցող զգալի մասի համար դեռեւս ըմբռնելի չէ։ Բայց եւ այնպես դա դեռ չի նշանակում, թե այդ նպատակ-ժողովրդավարությանը ձգտել, առավել եւսՙ հասնել պետք չէ։
Սակայն ի՞նչ է ստացվում։ Մարդիկ բողոքում են մի երեւույթից, որը դեմ չեն անձամբ կիրառելու։
Եվ հետո, չէ՞ որ լրատվամիջոցները մեր դաշտում չունեն այնպիսի տպաքանակ կամ եթեր գնողներ, որոնցից ստացված ֆինանսական միջոցները թույլ կտային լրատվական դաշտի ցանկացած ներկայացուցչին մատուցել միայն փաստեր։ Մեր ԶԼՄ-ները, առանց բացառության, ունեն տեսակետ, որը գրեթե միշտ ներկայացվում է հասարակությանը։ Եվ որքան դժվար ընկալելի կամ տարօրինակ թվա, այս երեւույթը նույնպես ժողովրդավարություն է, դեմոկրատիայի ամենահիմնարար կատեգորիաներից մեկիՙ բազմակարծության դրսեւորում։ Ուստի պետք չէ անհանդուրժող լինել, եթե «ոտքի են կանգնում» այդ «բազմամասնիկը պաշտպանելու» համար։
Հետաքրքրական է, որ հաստատ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ների նկատմամբ միտինգների մասնակիցներն ավելի չար են տրամադրված եղել, քան այնպիսի լրատվամիջոցների նկատմամբ, որոնք պատրաստ են վճարելու դեպքում հրապարակել ցանկացած տեղեկություն։
Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ հանրահավաքների ժամանակ ներկա կարող են լինել նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ավելի շատ հակված են կռիվ սարքելու, քան թե տեսակետների շուրջ վիճաբանելու, հասկանալի կլինի, թե ինչու են լրագրողները դառնում ակնհայտ դժգոհության հիմք։
Մի բան պետք է հասկանալի եւ ընդունելի լինի յուրաքանչյուր քաղաքացու համար, լրատվամիջոցը չի կարող ապահովել օբյեկտիվություն, երբ խոչընդոտում են լրագրողի աշխատանքը կամ անտեսում։
Ա. Հ.