Նախագահական ընտրությունների առաջին փուլին հետեւած հանրահավաքներն ու երթերը մեր մայրաքաղաքում լայն շահարկումների առարկա են դարձել, եւ ոչ միայն դրանցում հնչող կոչերի, այլեւ կազմակերպչական խնդիրների առումով էլ։ Մի կողմից քաղաքային իշխանությունները պնդում են դրանց ոչ արտոնված, ապօրինի լինելու մասին, մյուս կողմից էլ... Այստեղ էլ սկսվում են հետաքրքրական մեկնաբանությունները։
Նախ, նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ընտրական շտաբի ներկայացուցիչները հանրահավաքների արտոնված թե չարտոնված լինելու հանգամանքին ի պատասխան հայտարարեցին, թե ժողովուրդն ինքնաբուխ կամքի դրսեւորմամբ է հավաքվում Մատենադարանի մոտ եւ որ ոչ ոք նրան այնտեղ չի հավաքում։ Չենք էլ կամենում կասկածել, որ ժողովրդին բռնի կամ մեկ այլ միջոցով են հավաքում, քանզի քաղաքակիրթ լինելու հավակնություններ ունեցող հասարակությունը պիտի իր քաղաքական կամքում հետեւողական լինի։ Բայց կարծում ենք նաեւ, որ մարդիկ, ուժերը, որոնք հավաքված այդ ժողովրդին ասելիք ունեն բեմահարթակներից, պիտի հոգան, պարտավոր են հոգալ այդ ժողովրդի անվտանգության եւ օրենքի շրջանակում մնալու մասին։ Այստեղ գալիս է հաջորդ հանճարեղ պարզաբանումը։ Այսպես. «Մատենադարանի մոտի հավաքները ոչ թե ցույցեր են ու հանրահավաքներ, այլ պարզապես թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հանդիպումներն ընտրողների հետ»։
Այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս են այդ հանդիպումները վերածվում երթի դեպի ՀՀ եւ ԿԸՀ, գլխավոր դատախազություն, կառավարություն, նախագահի նստավայր։ Արդյոք դրանք մա՞ս են կազմում Ս. Դեմիրճյան-ընտրողներ հանդիպումների։
Լ. Գ.