«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2003-02-25 | #37, 2003-02-26 | #38, 2003-02-27


ԼԻՊԱՐԻՏ ԱԶԱՏԵԱՆԻ «ՀԱՅ ՈՐԲԵՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ» ԵՌԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԷՔԸ

Լոս Անջելեսում լույս է տեսել Լիպարիտ Ազատյանի «Հայ որբերը մեծ եղեռնի» գրքի երրորդ հատորը, որը Հայոց ցեղասպանության մի նոր վավերագիր է։ Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանիՙ գրքի համար գրված վերջաբանը։

Քսաներորդ դարը, որին նորերս հրաժեշտ տուեցինք, մարդկութեան պատմութեան մէջ մտաւ որպէս սոցիալ-քաղաքական մեծ վերափոխումների եւ յեղաշրջումների, կայսրութիւնների կործանման եւ բազում ազգերի կողմից իրենց անկախութիւնը ձեռք բերելու, գիտական եւ մշակութային վիթխարի նուաճումների, մարդու կողմից տիեզերքը նուաճելու դարաշրջան։

Քսաներորդ դարը, դժբախտաբար, պատմութեան մէջ մտաւ նաեւ որպէս ցեղասպանութիւնների դարաշրջան։ 1915 թ. Հայոց ցեղասպանութիւնը, որն անցեալ դարի առաջին ցեղասպանութիւնն էր, հրեաների ողջակիզումը (հոլոքոստը), ցեղասպանութիւնը Կամբոջիայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ աշխարհի այլ երկրներում, մարդկության պատմութեան թերեւս ամենամռայլ էջերից են, որոնք, իրաւամբ, համարւում են ոճրագործութիւն համայն մարդկութեան դէմ։

Որբութեան հարցը ցեղասպանութեան ամենաէական, կարելի է ասել առանցքային հարցերից է։ Նրա ուսումնասիրութեանը կարող են մեծապէս օգնել ճիշդ հասկանալու չափերը, նրա խորքային զսպանակները, ցեղասպանութեան ենթարկուած ազգի, ժողովրդի կամ էթնիկական խմբի հետ պատահած աղէտի սարսափները։ Որբութեան հարցի անտեսումը (խօսքն այստեղ հարցի գիտական լուսաբանութեան եւ ոչ թէ թռուցիկ ակնարկի մասին է) կամ անբաւարար ուսումնասիրութիւնը, կարող է յանգեցնել տուեալ ժողովրդի հետ պատահած ողբերգութեան մասին ոչ ամբողջական պատկերացման ստեղծմանը, խեղաթիւրել նրա իրական պատկերը եւ դրանով իսկ քօղարկել կատարուած յանցագործութիւնը եւ յանցագործների ոճրագործութիւնն ամբողջութեամբ վերցրած։

Այսպիսով կարելի է ասել, որ ցեղասպանութիւնը, ինչպէս մի մետալ, ունի երկու կողմ։ Մի կողմը բուն ցեղասպանութիւնն է, տուեալ ժողովրդի էթնիկական ոչնչացումը, նրա դէմ կատարուած եւ այդ կերպ համայն մարդկութեան դէմ կատարուած աններելի յանցագործութիւնը, իսկ միւս կողմըՙ որբութիւնը, որբերի զանգուածների առաջացումը եւ նրանց ձեւաւորումը որպէս ուրոյն հասարակական կատեգորիա։ Նրանց ամբողջութիւնն է, որ տալիս է մեդալի, տուեալ պարագայում ցեղասպանութեան, իրական եւ ամբողջական պատկերը։

Այդ կապը ցեղասպանութեան եւ որբութեան առաջացման միջեւ, ինչպէս վկայում է եւ աշխատութեան վերնագիրը, շատ լավ է նկատել Լիպարիտ Ազատեանը, որի «Հայ Որբերը Մեծ Եղեռնի» եռահատոր ուշագրաւ եւ խիստ անհրաժեշտ աշխատութիւնը գալիս է լրացնելու հայոց ցեղասպանագիտութեան մէջ ցարդ եղած այդ բացը։

Կարելի է ասել, որ մինչեւ Լ. Ազատեանի սոյն հետազօտութեան երեւան գալը, որը տասնեակ տարիների տքնաջան եւ հիւծող, միաժամանակ նուիրական աշխատանքի արդիւնք է, դեռ ոչ ոք այդպիսի խորութեամբ, հանգամանալիօրէն եւ բազմաթիւ ու տարաբնոյթ հարցերի ընդգրկումով չէր լուսաբանել հայ հասարակութեան բոլոր խաւերին եւ սերունդներին յուզող այս ցաւոտ խնդիրը։ Եւ դա կազմում է Լիպարիտ Ազատեանի աշխատութեան կարեւոր արժանիքներից մէկը։ Հեղինակը մեծածաւալ աշխատանք է կատարել հայ որբութեան առաջացման եւ ձեւաւորման ուղիների ու մեթոդների բացայայտման ուղղութեամբ, որը գիտական մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում։ Առանձնայատուկ գնահատականի է արժանի այն հանգամանքը, որ նա «որբութիւն» հասկացողութեան մէջ ներառել է նաեւ հայ որբերի ազգափոխութեան եւ հաւատափոխութեան հարցը։ Լիպարիտ Ազատեանը բազմաթիւ աղբիւրների մէջբերումով եւ նրանց վերլուծութեան հիման վրայ գալիս է այն եզրակացութեան, որ եղել է հայ որբերի պարտադրուած ազգափոխութիւն եւ հաւատափոխութիւն, որ տեղի է ունեցել հայ որբերի թրքացում, քրդացում եւ արաբացում։ Իսկ բռնի հաւատափոխութիւնը եւ ազգափոխութիւնը, ինչպէս յայտնի է, կազմում է ցեղասպանութեան քաղաքականութեան ամենաէական մասերից մէկը, որը դատապարտուած է ցեղասպանութեան վերաբերեալ միջազգային բազմաթիւ փաստաթղթերում։

Ճիշդ է, առայժմ հնարաւոր չէ ճշգրտել ազգափոխութեան ենթարկուած հայ որբերի ստոյգ թուաքանակը, բայց պէտք է ենթադրել, ինչպէս նշուած է աշխատութեան մէջ, որ այդ թիւը եղել է բաւականին մեծ։ Իսկ դա կարող է նոր լոյս սփռել 1915 թ. երիտթուրքերի կողմից իրագործուած Հայոց ցեղասպանութեան ծաւալների եւ թուրք ջարդարարների յանցագործ քաղաքականութեան վրայ։

Լիպարիտ Ազատեանի եռագրութեան գիտական նշանակութիւնը բարձրանում է նաեւ նրանով, որ նա հայ որբերի ազգափոխութեան հարցն արծարծելիս ցուցաբերել է տարբերակուած մօտեցում։ Նա հաւասարութեան նշան չի դնում, ասենք, հայերի թրքացման եւ արաբացման միջեւ։ Եթէ թրքացումը հայերի նկատմամբ բռնութեան եւ ուծացման քաղաքականութեան շարունակութիւնն էր նոր պայմաններում եւ նոր մեթոդներով, ապա, ինչպէս նշում է հեղինակը, «հայ որբերու որդեգրումը (արաբացումը) կանանց եւ աշխատունակ ուժերուն աշխատանք տալը, արժանապէս կը գնահատուեն իբրեւ փրկարար գործ»։ Այսպիսով, մի կողմում բռնի ուծացում, իսկ միւս կողմում փրկարար գործ։ Տարբերութիւնը սկզբունքային է, քանի որ առաջին դէպքում գործ ունենք յանցագործութեան, իսկ երկրորդ դէպքումՙ մարդասիրութեան հետ։

Մեր կարծիքով, այս հարցի քննարկումը եւ հեղինակի կողմից նրան տրուած գնահատականները կազմում են սոյն ուսումնասիրութեան կարեւոր արժանիքներից մէկը։

Աշխատութեան բոլոր երեք հատորները առատ նիւթ են պարունակում հայ որբերի ծանր հոգեւոր եւ ֆիզիքական դրութեան, նիւթական եւ սոցիալական վիճակի, գոյատեւելու նրանց մաքառման եւ վերապրելու անկոտրում կամքի եւ հնարամտութեան վերաբերեալ։ Այդ հարցը լուսաբանելիս հեղինակն ընտրել է միանգամայն ճիշդ մեթոդոլոգիա։ Նա աւելի շատ խօսեցնում է վերապրող նախկին որբերին, որոնց շարքին պատկանում է նաեւ ինքը, եւ օտարազգի տարբեր ականատեսների։ Այդ վկայութիւնները փաստօրէն սկզբնաղբիւրի արժէք ունեն, որոնց ներմուծումը Լիպարիտ Ազատեանի կողմից գիտական ոլորտ, նշանակալիօրէն ընդլայնում է Հայոց ցեղասպանութեան աղբիւրագիտական հիմքը եւ բարձրացնում տեղեկատւութեան հաւաստիութեան աստիճանը։

Հարկ ենք համարում նշել Լիպարիտ Ազատեանի երկասիրութեան մի կարեւոր դրական առանձնայատկութիւն եւս։ Խօսքը քննարկող հարցը արժանապատւութեամբ ներկայացնելու մասին է։

Գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանութեան խնդիրներին նուիրուած ուսումնասիրութիւնների մի զգալի մասը, եթէ ոչ աւելին, գրուած է ողբերգական մոտիւներով, որն աւելի շուտ վհատութիւն, անգամ յուսահատութիւն է առաջացնում հայ ընթերցողի մօտ։ Հոգեբանօրէն թերեւս դա կարելի է բացատրել, գուցէ եւ արդարացնել, քանի որ 1915 թ. կատարուած եղեռնագործութիւնը մինչեւ յատակը ցնցեց հայութեանը։ Յաւակնութիւն չունենալով դատաւորի դեր ստանձնել, սակայն մեզ թոյլ են տալիս նկատել, որ նման մօտեցումը մեզ յուզող հարցի նկատմամբ արդէն ժամանակավրէպ է, որը զգացել է Լ. Ազատեանը, եւ չի նպաստում ազգի ոգու արիացմանը, կամքի կոփմանը եւ մեր ազգային անանց երազանքների իրականացման համար նրա բարոյական, հոգեբանական եւ ֆիզիկական նախապատրաստմանը։ Լիպարիտ Ազատեանը չի գնացել այդ ուղիով։ Նա իր առջեւ նպատակ չի դրել հերթական անգամ արցունք կորզել հայի աչքերից։ Նրա նպատակն է, ինչքան մենք հասկացել ենք, առարկայականօրէն ներկայացնել հարցի պատմութիւնը, տալ նրա ճշմարտապատումը եւ նպաստել Հայոց ցեղասպանութեան խնդրի ուսումնասիրութեանը որբութեան պրիզմայով։

Եւ նա դա անում է արժանապատւութեամբ, սթափ գնահատանքներով եւ ապագայի նկատմամբ անխախտ հաւատով։ Երեք հատորների միջով կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ չնայած արհաւիրքներին, հայ ժողովուրդը, այդ թւում եւ նրա որբացած մասը, գոյատեւեց, իր մէջքը շտկեց, գլուխը բարձրացրեց, եւ հաւատարիմ իր տոհմիկ ազգային յատկանիշներին, կրկին արարեց։ Թող տարօրինակ չթուայ, եթէ ասենք, որ եռագրութիւնը շնչում է լաւատեսական ոգով։ Դրա վկայութիւնն է նաեւ երկրորդ հատորում զետեղուած հեղինակի, կարելի է ասել իմաստուն ձօնը. «Մեծ Եղեռնէն վերապրող այն որբերուն, որ կրցան հայ մնալ, հայ ապրիլ եւ նոր ծիլեր արձակել»։ Իսկ իւրաքանչիւր հայի նոր ծիլարձակումը հայութեան, Հայաստան աշխարհի եւ Հայաստան պետութեան ծիլարձակումն է։

Ամփոփելով եւ մեկնելով վերոշարադրեալ մեր մտքերից, կարող ենք հաւաստել, որ Լիպարիտ Ազատեանի «Հայ Որբերը Մեծ Եղեռնի» եռահատոր աշխատութիւնը կարեւոր ներդրում է հայ ցեղասպանագիտութեան բնագաւառում։

ՆԻԿՈԼԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4