Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 3-րդ գումարման 6-րդ նստաշրջանի այս տարվա անդրանիկ նիստը։ Օրակարգը, ի տարբերություն նախորդ նիստերի, խիստ հագեցած էր։ Ընդգրկում էր 16 հարց, որոնք վերաբերում էին երկրի ֆինանսատնտեսական եւ իրավասոցիալական ոլորտներին։ Պատգամավորները նոր նստաշրջանի համար ընտրեցին հաշվիչ հանձնաժողովՙ 3 հոգուց բաղկացած։ Այնուհետեւ հաստատվեց ԱԺ 6-րդ նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագիրը։
Իբրեւ 3-րդ հարց լսվեց ԼՂՀ գլխավոր դատախազի հաղորդումը «ԼՂՀ դատախազության մարմինների 2002 թ. գործունեության մասին»։ Հանրապետության գլխավոր դատախազ Մ. Ղուկասյանի տեղեկատվությամբՙ 2002 թ. զգալի աշխատանք է կատարվել հանրապետությունում իրավակարգի ապահովման, պետական շահերի պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ։ Անցած տարվա ընթացքում նվազել է ԼՂՀ-ում կատարված հանցագործությունների քանակը, դրան զուգահեռ ավելացել է հանցագործությունների բացահայտման թիվը։ Գլխավոր դատախազը չշրջանցեց նաեւ այն փաստը, որ ծանր հանցագործությունների բացահայտման գծով ցուցանիշները գոհացուցիչ չեն, գտնելով, որ այս ուղղությամբ քրեական հետախուզության եւ քննչական մարմինները պետք է առավել արդյունավետ դարձնեն իրենց աշխատանքները։
ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովի նախագահ Ա. Մոսյանը գլխավոր դատախազի հաղորդման կապակցությամբ նշեց, որ հանրապետության դատախազական մարմինները 2002 թ. էական աշխատանք են կատարել համընդգրկուն առումով։
Խորհրդարանն ի գիտություն ընդունեց գլխավոր դատախազի հաղորդումը։
Հաջորդ հարցերն առնչվում էին, մասնավորապես, հարկային քաղաքականությանը, ինչպես նաեւ պետական վիճակագրական ծառայության գործունեությանը, սոցիալական ոլորտին։ Լրացումներ եւ փոփոխություններ կատարվեցին համապատասխան օրենքներում, որոնց մի մասը խորհրդարան էր ներկայացվել ԼՂՀ նախագահի առաջարկության հիման վրա։
Նիստի վերջում, համաձայն օրակարգի, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարությանը։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ