«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2003-02-25 | #37, 2003-02-26 | #38, 2003-02-27


ԱՅՍՕՐ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

Ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու տոնացույցի, Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է։ 428 թ. Հայաստանում վերացվում է Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանի պարսկական տիրապետությանն անցած մասը դառնում է մարզպանություն, եւ Վասակ Սյունին նշանակվում է մարզպան։ Հենց այդ ժամանակ պարսից թագավոր Հազկերտն իր տերության սահմաններում բնակվող բոլոր հպատակներին ձգտում է զրադաշտական հավատի դարձնել եւ 449 թ. հրովարտակ է հրապարակումՙ պարտադրելով զրադաշտական կրոնը (կրակապաշտությունը)։ Սակայն շատերը հրաժարվում են ընդունել արքայիՙ աստվածուրացման այդ հրահանգը։ Այդ ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ կաթողիկոս Հովսեփ Հողոմեցու գլխավորությամբ Արտաշատում ժողով են գումարում ու Հազկերտին պատասխան գրում, որ երբեք ոչ ոք չի կարող հավատքը խախտել, եւ երկնքում Հիսուս Քրիստոսից բացի ուրիշ Աստված չկա։ Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին, եւ նա, տասը մեծանուն նախարարների տանջանքների ենթարկելով, ստիպում է հրաժարվել քրիստոնեությունից։

Հայաստանում լսելով նախարարների ուրացման լուրը, ժողովուրդը ոտքի է կանգնում։ 451 թ. գարնանը պարսկական զորքը, Վասակ Սյունին եւ համախոհ նախարարների գնդերըՙ թվով 200 հազար (հայկականից 3 անգամ ավելի), մտնում են Հայաստան, հասնում Արտազ գավառՙ բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին։ Հայոց սպարապետ եւ զորագլուխ Վարդան Մամիկոնյանը քաջալերիչ խոսքերով խրախուսում է զորքին ու միաբանված նետվում ճակատամարտ։ Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը։ Ավարայրում հերոսաբար իր զինվորների հետ ընկնում է քաջ Վարդանը եւ նրա հետ 7 երեւելի նախարարներՙ Արտակ Պալունին, Խորեն Խոռխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը, ազնվականներ, ընդամենըՙ 296 հոգի։ Նույն օրը, տարբեր վայրերում, կռվի ընթացքում զոհվում են 740 հոգիՙ նահատակների թիվը դարձնելով 1036։

Վարդանանց քաջերին Սբ. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» շարականըՙ յուրաքանչյուր տուն սկսելով մի նահատակ իշխանի անունով։ Երանելի Վարդանը ոչ միայն բանակի զորագլուխ էր, այլեւ հավատի մարտիրոսների, ինքը պսակվեց եւ ուրիշների պսակվելու առաջնորդը եղավ։ Որքան քաջ էր թշնամուն սպանելիս Վարդան զորավարը, ավելի քաջ եղավ թշնամու ձեռքով մահն ընդունելիս։ Ճակատամարտին մասնակցել էին նաեւ հոգեւորականներ, ովքեր իրենց անմնացորդ ծառայությունը մատուցեցին հայ եկեղեցու, հավատքի եւ հայրենիքի պաշտպանությանը։ Նրանց շարքերում էին Սուրբ Ղեւոնդյանները, որոնց մարտիրոսությունը տեղի ունեցավ Վարդանանց նահատակությունից 3 տարի 2 ամիս հետո, բայց տոնացույցի մեջ սկզբում դրված է Ղեւոնդյանց տոնըՙ իբրեւ Վարդանանց պատերազմի գաղափարախոս նախապատրաստողների։

Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց նրանք միշտ կենդանի են մեր հոգում։ Եվ յուրաքանչյուր հայ պարտական է գլուխ խոնարհել նրանց հիշատակի առաջ։ Վարդանանց խորհուրդը հավերժական է, պատմության քառուղիներում այն միշտ ուղեկցել է մեզ, եւ Վարդանանց ոգին է, որ այսօր էլ երաշխավոր է մեր գոյության ու հաղթանակների, մանավանդ այս նորՙ 21-րդ դարում։ Հիմա էլ մեր հոգեւոր հայրենիքըՙ մեր հավատը, մեր Տիրոջ երկնային վարդապետությունը Ավարայրի դաշտի է վերածվել օտարամուտ զանազան աղանդներիՙ Հայաստան ներխուժումից, որոնք ուզում են իրականություն դարձնել հազկերտյան հրովարտակը, բայց մենք, ինչպես ասել է Եղիշեն, «մեզ հայր ենք ճանաչում սուրբ Ավետարանը, եւ մայրՙ Առաքելական կաթողիկե եկեղեցին, եւ թող ոչ ոք իբրեւ չար անջրպետ մեջ ընկնելով մեզ նրանից չբաժանի»։

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 27-ին հատուկ պատարագ է մատուցում 451 թ. Ավարայրի ճակատամարտում զոհվածների ու մարտիրոսացածների հիշատակին։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4