ԲԱՔՈՒ, 26 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Տեցուրո Յանոն Բաքու կատարած իր կարճատեւ այցի ավարտին հրավիրել է մամլո ասուլիս, ուր հայտնել է, թե արդյունավետ են եղել բանակցությունները, որ ինքը վարել է Միլլի մեջլիսի նախագահ Մ. Ալեսքերովի, վարչապետ Ա. Ռասիզադեի, փոխվարչապետ Ա. Շարիֆովի, արտաքին գործերի փոխնախարար Խ. Խալաֆովի, կրթության նախարար Մ. Մարդանովի հետ։ Նա ընդգծել է Ճապոնիայի շահագրգռվածությունը Ադրբեջանից նավթ եւ բնական պաշարների այլ տեսակներ գնելու հարցում, ինչպես նաեւ այդ հանրապետության մասնակցությամբ 2005 թվականին Տոկիոյում նախատեսված համաշխարհային ցուցահանդեսին։ Անդրադառնալով Ղարաբաղյան հարցին, հյուրը նշել է, որ մինչեւ 1999 թվականը Ճապոնիան պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում, իսկ հետագայում իր դիրքորոշման մեջ կատարված փոփոխությունները բացատրել է աշխարհում այդ հակամարտության հետ կապված առկա չափազանց բարդ քաղաքական իրադրությամբ։