ԲԱՔՈՒ, 26 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Չորեքշաբթի սկսվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի երկօրյա աշխատանքային այցը Ադրբեջան։ Այցի ընթացքում Ս. Իվանովը բանակցություններ կվարի ադրբեջանցի իր գործընկերոջՙ գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւի եւ կհանդիպի Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ։ Բանակցությունների արդյունքում փետրվարի 27-ին ռազմական գերատեսչությունների ղեկավարները երկու պետությունների պատմության մեջ առաջին անգամ կստորագրեն ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը նախ եւ առաջ «խորհրդային սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի վերանորոգմանը, արդիականացմանը, վերահանդերձմանը կամ ոչնչացմանը ռուս մասնագետների մասնակցության մասին» է, որոնցով հիմնականում զինված են ադրբեջանական զինված ուժերը։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի փոխգործունեության հաստատում եւ զարգացում, այդ թվում փոխադարձ տեղեկատվություն օդային իրադրության մասին ՀՕՊ հրամանատարական կետերին։ Համաձայնագրում ասվում է եւ Ռուսաստանի կողմից ռազմական նշանակության օբյեկտների արդիականացման գործում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին։ Կստորագրվի նաեւ 2003 թ. երկկողմ ռազմական համագործակցության պլան։ Այն կարձանագրի ձեռք բերված պայմանավորվածությունները զինվորական պատվիրակությունների փոխադարձ այցերի, ՌԴ ՊՆ բուհերում ադրբեջանցի զինծառայողների ուսուցման, միջպետական զինվորական փոխադրումների, մարտական պատրաստության միջոցառումների անցկացման մասինՙ հրավիրելով մյուս կողմի ԶՈՒ ներկայացուցիչների։