Փետրվարի 27-ին հայ եկեղեցին նշում է Նորին Սրբություն Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի անվանակոչության տոնը
«Ուխտեմ կալ մնալ զամենայն աւուրս կենաց իմոց սպասաւոր հաւատարիմ ու աւանդապահ սրբոյ ի միոյ Առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց, եւ հնազանդ ի հոգեւորս զամենայնի, նախամեծար Մայր Աթոռ Սրբոյ Էջմիածնի», 1976 թվականին հոգեւոր ճեմարանի սան Կտրիճ Ներսիսյանը Մայր աթոռի Ս. սեղանի առջեւ ծնրադիր ասաց այս աղոթքըՙ հոգեւոր աշխարհ մուտքով եւ նոր անվամբՙ Գարեգին։
Ն.Ս.Օ.Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին շատ է գրվել ու էլի կգրվի։ Անվանակոչության առիթով այս փոքրիկ անդրադարձը տարիներ առաջ Գարեգին սրբազանի հետ մեր հանդիպումների ու զրույցների արդյունք է, որոնք հրապարակված չեն։ Եվ 1993 թվականի այդ օրերից որոշ մանրամասներ այսօր վերհիշելը, կարծում ենք, նաեւ Վեհափառին պիտի հաճելի լինի։ Դա մի շրջան էր, երբ Գարեգին սրբազանը կաթողիկոսի 8 թեկնածուներից մեկն էր եւ, որպես Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, մեծ հեղինակություն էր վայելում։ Ծանրակշիռ էին արած գործերը, որոնք էլ կաթողիկոսի թեկնածուի նրա առաջադրման հիմնավոր նախապայման էին։ Դա այն ժամանակ էր, երբ երիտասարդ, եռանդուն հոգեւոր հայրը եկեղեցական բեղմնավոր գործունեություն էր ծավալել ե՛ւ թեմից ներս տարվող եկեղեցաշեն աշխատանքներում, ե՛ւ սոցիալական դժվարին կացության մեջ գտնվող աշխարհական մարդկանց բարօրություն բերելու գործում։ Հավելենք այդ ժամանակներին հայ եկեղեցու առջեւ ծառացած հիմնական դժվարությունըՙ տասնամյակներ շարունակ եկեղեցուց հարկադիր հեռու պահված մարդկանց համախմբել եկեղեցու շուրջը, կարողանալ վերացնել եկեղեցու եւ ժողովրդի միջեւ արհեստականորեն առաջացրած անջրպետը, եկեղեցու համար պատրաստել երիտասարդ նոր հովիվներ։ Այս վերջինի կարեւոր խթանը սրբազանի ջանքերով Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի բացումն ու հաջող գործունեությունն էր։
Սրբազանի հետ կայացած մեր մի զրույցում վերհիշեցինք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ նշանակելու առիթով Վազգեն Վեհափառի հայրապետական կոնդակը (1983 թ. մարտի 11). «...Վստահ ենք, որ Ձեր նոր պաշտօնում պիտի շարունակէք Ձեր եկեղեցաշէն գործունէութիւնը, Ձեր անձը բնորոշող հոգեւոր եռանդով եւ պատասխանատուութեան գիտակցութեամբ»։ Այն ժամանակ սրբազանին ասացի. «Վստահությունն անշուշտ արժանի պատասխան է ակնկալում»։ «Աստծո առաջին հատկանիշը,¬ ասաց նա,¬ արարումի հատկանիշն է։ Մարդը Աստծո կողմից ստեղծված է եւ իր մեջ կրում է մասնիկն Աստծո, հետեւաբար մարդու կենսաձեւի առանցքը պետք է դառնա արարմա՛ն հատկանիշը։ Այս գիտակցությունը հետեւել է ինձ իմ կյանքի ողջ ընթացքին, որպեսզի կարողանամ մի բարի գործ անել, եւ այդ գործի մեջ Աստված փառավորվի, ու իմ գոյությունն էլ արժեւորվի եւ իմաստ ունենա այս երկրի վրա։ Կարծում եմ, այս գիտակցությամբ պիտի առաջնորդվի մարդ, ով կրոնական զգացողություն ունի, հավատք եւ գիտակցություն»։
Թե սրբազանի կողմից այդ վստահությանն ինչ պատասխաններ տրվեցին թեմի առաջնորդ եղած 14 տարիների ընթացքում, նոր չէ, որ պիտի ասվի։ Մի վկայություն, սակայն, մեջբերեմ։ Տարիներ առաջ սրբազանի կողմից ստեղծված եւ հովանավորվող «Մանկունք» համույթի անդրանիկ համերգն էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Մեռոնօրհնեքի առիթով Հայաստանում էին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ առաքելական եկեղեցու սփյուռքի ամբողջ հոգեւոր դասի ավագանին, եւ Վազգեն Վեհափառի մասնակցությամբ ներկա էին համերգին։ Մանուկների հիանալի երգեցողությամբ կատարվեցին հոգեւոր երգեր ու շարականներ, հնչեցին Սուրբ գրքի հատընտիր հատվածներ։ Մեկուկես ժամ շարունակ փոքր տարիքի այդ երեխաները քրիստոնեական ուսմունքի տարածման մի յուրօրինակ եղանակ ու միջոց ցուցադրեցինՙ եկեղեցական որեւէ արարողությանը չզիջող մաքրությամբ ու մակարդակով։ Համերգի ավարտին, շնորհավորելով Գարեգին սրբազանին, Վեհափառն իր շուրջը հավաքված հոգեւորականներին ասաց. «Օրինակ վերցրեք սրբազանի ձեռնարկումիցՙ այս մանուկներն այսօր վկայեցին եկեղեցու եւ ժողովրդի ամուր միասնության մի կարեւոր փաստ»։ Այդ այն ժամանակ էր, երբ Հայ առաքելական եկեղեցու ընդհանուր հոգսերից իր բաժինն ուսածՙ սրբազանը տանում էր իր ծառայությունը, եւ դրանով էր լուսավորվում նրա ճանապարհը դեպի կաթողիկոսական ընտրություններ։
Եկեղեցու, ժողովրդի ճակատագրով ու հոգսերով մտահոգ սրբազանի կյանքը լեցուն էր եկեղեցական նոր կառույցների ստեղծումով։ Դրանք գործուն, այլեւս հավատ ներշնչող կառույցներ էին, որոնց մեջ էր աշխատանքների շարունակական լինելու կարեւորությունը, եւ այս պարագային արդեն նոր ծանրություն, իմաՙ կաթողիկոսին բաժին ընկնող հոգսերը ուսողը ժամանակ չի վատնիՙ ինչի՞ց սկսել, ինչպե՞ս սկսել մտորումների վրա։ Նրա համար ընտրություն ասածը սոսկ խորհրդանշական էրՙ առաջնորդն ընտրվում է Տիրոջ կամքով, եւ նա ընդամենը ընդառաջ է գնում Տիրոջ այդ ցանկությանը։ Միակ վերապահումն այն է, թե որտե՞ղ է անցնելիք ճանապարի սահմանը. այդ հաշվեկշռի մեջ է այն կողմնորոշումը, երբ կարողությունները համաչափվում են ցանկություններին։
1993-ի ապրիլի 3-ին, 4-ին, մասամբ նաեւ 5-ին ընտրությունների ընդմիջումներին կայացած մեր այդ զրույցներն այն ժամանակ հրապարակման որեւէ առիթ չունեին։ Եկավ նաեւ այն պահը, երբ արդեն մրցույթի երկրորդ փուլում Գարեգին Ա-ի հետ երկուսով էին մնացել, ու սրբազանն արեց իր բարձր կեցվածքի, իր մաքուր խառնվածքի արտահայտություն քայլը. «Ես ինձ համար պատշաճ չեմ համարում օծյալ կաթողիկոսի հետ մրցել»։ Հետո արդեն, վեհարանի դահլիճում կայացած եկեղեցական ազգային ժողովի եզրափակիչ նիստում, երբ կազմվում էր ընտրության արձանագրությունը, Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը պիտի առաջարկեր. «Արձանագրության մեջ անպայման պիտի նշվի, որ Գարեգին սրբազանը երկրորդ փուլի ընտրություններից ինքնակամ է հանել իր թեկնածությունը»։
Իսկ Գարեգին սրբազանը, պարզ ու խաղաղ «Մենք ձեր կողքին ենք» խոսքերով իր շնորհավորանքները բերեց նորընտրյալ կաթողիկոսինՙ ցանկություն հայտնելով, որ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրապես մեր ժողովրդի համար դառնա այն բաբախուն կենսունակ սիրտը, որը կարողանա առատորեն արյուն մատակարարել իր անդամներին, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսը տարածվի, ներհոսի բոլոր օջախներից ներսՙ ջերմացնելով մեր ժողովրդի զավակաց հոգին եւ սիրտը»։ Մեծերին հատուկ պահվածք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ