ԱՆԿԱՐԱ, 26 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը գրում է, թե երբ վերջերս Թուրքիայի արտգործնախարարը եւ էկոնոմիկայի նախարարը Վաշինգտոն էին գնացելՙ Ջորջ Բուշը նրանց ասել է. «Պարոնայք, դուք ԱՄՆ-ում անելու բան չունեք։ Վերադարձեք Ձեր երկիր եւ անցկացրեք այդ որոշումը պառլամենտում (նկատի ունի որոշումՙ ի պաշտպանություն Իրաքի դեմ պատերազմում ԱՄՆ-ին օժանդակելու)։ Ոչ մի այլ դաշնակից մեզ այդքան հոգս չի պատճառել, որքան դուք»։ Թերթը պնդում է, որ Բուշի վարչակազմը Թուրքիայի վրա ճնշման 3 լծակ է բանեցրելՙ 1-ին. «Չեք կատարի մեր պահանջներըՙ մենք կհամագործակցենք Հյուսիսային Իրաքի քրդերի հետ, որոնցից դուք սարսափում եքՙ ենթադրելով, որ անկախանալու են. 2-րդ. Եթե չհամագործակցեք մեզ հետ ՄԱՀ-ն, ՀԲ-ն եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը ձեզ լավ աչքով չեն նայի, 3-րդ. Դուք գիտեք, որ մեր շատ նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Կոնգրեսը առայժմ չի ճանաչել, բայցՙ առայժմ։ Հայկական լոբբին միայն առիթի է սպասում այդ բանաձեւը անցկացնելու համար»։
Փետրվարի 6-ին Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդ էրդողանը ասել է. «Խորհրդարանի այդ որոշումը պետք է ամենաշահեկանը լինի մեր պետության եւ ազգի ապագայի համար»։