«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2003-02-26 | #38, 2003-02-27 | #39, 2003-02-28


«ԱԶԵՐԻ ԶԻՆՎՈՐԸ» ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ

Մեր ընթերցողները հիշում են հունվարի 31-ի մեր թերթում տպագրված նամակը, որ «Ազերի զինվոր» կեղծանվան տակ թաքնված մի ադրբեջանցի էլ. փոստով ուղարկել էր մեր խմբագրությանը, վիրավորելով հայ ժողովրդի արժանապատվությունը։ «Ազգի» ինտերնետային ծառայության թուրքերեն եւ անգլերեն բաժինների լեզուն քննադատելուց հետո, «Ազերի զինվորը» ռասիստական մոտեցմամբ վիրավորել էր մեր ժողովրդի արժանապատվությունը, հայերենը անվանելով «շների եւ առնետների լեզու»։ Համակարգչային մեր ծառայության աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակում մեզ հաջողվեց պարզել, թե ով էր թաքնված «Ազերի զինվոր» կեղծանվան ներքո։ Նրա անունն է Զահիր Ահմեդով, որն իր նամակն ուղարկել էր BBC-ի գրասենյակից։

Այս կապակցությամբ երեկ ստացանք BBC-ի Բաքվի մոնիտորինգի գրասենյակի պետ Անն Թոմփսոնի նամակը, որտեղ վերջինս ներողություն է խնդրում պատահածի համար եւ տեղեկացնում է, որ «Ազերի զինվորը» ներկայումս գտնվում է «կարգապահական ընթացակարգի» տակ։ Թարգմանաբար հրապարակում ենք նամակը եւ մեր կողմից BBC-ի գրասենյակի պետին վստահեցնում, որ մոտիկից հետեւելու ենք «կարգապահական ընթացակարգի» արդյունքին։

Հարգելի խմբագիր.

Ես Ձեզ գրում եմ «Ազերի զինվոր» կեղծանունով «Ազգ» օրաթերթի 2003 թ. հունվարի 31-ի էլ. փոստի կապակցությամբ։ Դրա համար պատասխանատու անձը BBC-ի աշխատակիցն է եւ որպես մոնիտոր աշխատում է BBC-ի Մոնիտորինգի կովկասյան բաժնում, որ տեղակայված է Բաքվում։ Նա այժմ ենթակա է BBC-ի կարգապահական ընթացակարգին։ Նրանից պահանջվել է չներկայանալ աշխատանքի մինչեւ կարգապահական գործընթացի ավարտը։ Նրա նամակում արտահայտված տեսակետներն ամենեւին չեն արտացոլում BBC-ի տեսակետները։ Ես շատ եմ ցավում, որ այդ նամակն ուղարկվել է BBC-ի աշխատակցի կողմից, որն օգտագործել է BBC-ի սարքը։ Թեեւ դա արվել է առանց BBC-ի գիտության եւ համաձայնության, BBC-ն ցանկանում է իր ներողությունը ներկայացնել Ձեզ, Ձեր օրաթերթին եւ Ձեր ընթերցողներին։

Անկեղծորեն, ԱՆՆ ԹՈՄՓՍՈՆ, Բաքու, Ադրբեջան
Head of BBC Monitoring's Caucasus Unit
Botanical Institute, Patamdar sosesi 40, Baku,
370073 Azerbaijan Tel: (00 99 412) 97 50 72, (00 99 412) 93 92 36 Fax: (00 99 412)
97 50 71 Mobile: (99 4 55/855) 590 36 24
E-mail: anne.thompson@mon.bbc.co.uk


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4