«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2003-02-26 | #38, 2003-02-27 | #39, 2003-02-28


«ԱՊԱԳԱ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓԱՅԼԸ

Ստ. Դեմիրճյանի թիմը, որը թեկնածուին միջոց է դարձրել

Չկարողանալով ըստ էության բացատրություն տալ նույն թիմում ՀՀՇ-ի հետ հայտնվելու փաստի կապակցությամբ, ընդդիմադիր ուժերն անմիջապես սկսեցին ամենաանհեթեթ պատճառաբանություններով հայտարարել, թե այսօրվա դրությամբ երկրում չկա որեւէ ակտիվ ուժ, որը սերված չլինի ՀՀՇ-ից։ Այսինքնՙ սկզբունքորեն չժխտելով նախկինների հետ համագործակցության փաստըՙ այդ ուժերը փորձում են թյուրիմացության մեջ գցել սեփական ընտրողներին։ Հազիվ թե կարելի էր ենթադրել, որ որեւէ այլ դեպքում, ասենք, Արշակ Սադոյանը կամ ՀԴԿ-ի Արամ Սարգսյանը կհանդուրժեին իրենցՙ ՀՀՇ-ի հետ ունեցած կապերի մասին որեւէ ակնարկ կամ քննադատություն։ Սակայն հիմա նրանցից գոնե առաջինը փորձում է բոլոր քաղաքական ուժերին ցեխոտել նույնՙ նախկինների ցեխով, շատ լավ հասկանալով, որ խաղում է շարքային ընտրողների ընկալումների հետ, որի շրջանակներում, չնայած ՀՀՇ-ից իր եւ մյուսների սերելու մասին հիշեցումներին, չի կարող տեղավորվել նրանց ՀՀՇ-ական լինելու հանգամանքը։

Մյուս կողմից ողջ խնդիրն այստեղ այն է, թե ի՞նչ թիմով են այդ ուժերը համախմբված, այսինքնՙ ո՞րն է նրանց քաղաքական սկզբունքային պլատֆորմը։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ որեւէ թեկնածու ի զորու է որեւէ ծրագիր իրագործել միայն համապատասխան կադրային բանկ, այսինքնՙ գաղափարական թիմ ունենալու դեպքում։

Թերեւս Ստեփան Դեմիրճյանին առաջին սատարող ուժը «Հանրապետություն» կուսակցությունը կարելի է համարել։ Այս կուսակցության ղեկավարությունը բաղկացած է հիմնականում տարբեր պատճառներով պաշտոնազրկված մարդկանցից. Արամ Սարգսյանՙ նախկին վարչապետ, Ալբերտ Բազեյանՙ նախկին քաղաքապետ, Վաղարշակ Հարությունյանՙ նախկին պաշտպանության նախարար, Արտակ Զեյնալյանՙ նախկին առողջապահության փոխնախարար, Սմբատ Այվազյանՙ նախկին պետեկամուտների նախարար եւ այլք։ Նրանցից ոմանց պաշտոնանկությունը ժամանակին բացատրվել էր նույնիսկ կաշառակերությամբ կամ պարտականություններում թերանալով։ Սակայն հետաքրքրականն այն է, որ հինգ տարի առաջ, երբ էլի նախագահական ընտրություններ էին եւ ասպարեզում մնացել էին Ռ. Քոչարյանը եւ Կ. Դեմիրճյանը, նրանցից մասնավորապես Ալբերտ Բազեյանը նույն ջերմեռանդությամբ քննադատում էր Կարեն Դեմիրճյանին։ Իսկ Վաղարշակ Հարությունյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգության շրջանում մի քանի խիստ պաշտոնասերների հետ իր ղեկավարած մարմնի վարչական շենքում կառավարության կազմ էր մշակում, որպեսզի հանրապետության նախագահին, որպեսզի ստիպեր հաստատել։ Եթե հանրապետության նախագահն այն ժամանակ լիներ Կարեն Դեմիրճյանը, նման նախարարներին պաշտոնա՞նկ կաներ, թե՞ կխրախուսեր։

Իսկ, եթե Սմբատ Այվազյանն այդքան լավ նախարար էր, ապա կարող էր գործով ապացուցել հարկային դաշտը ստվերայնությունից դուրս բերելու վճռականությունը, ինչի անհրաժեշտության մասին նրանք հիմա խոսում են։

Ի դեպ, կտրուկ շրջադարձները քաղաքական դաշտում միայն այս կուսակցությանը չէ, որ հատուկ են։ Կարելի է հիշել նաեւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի պարագան, որը 1998-ին Քոչարյանին սատարողներից մեկն էր։ Սակայն բավական էր նախագահին կից ստեղծված քաղաքական խորհրդում նրա գործունեության ձախողումը, որն այդպես էլ չկայացավ քաղաքական ուժերիՙ որոշ հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով, որպեսզի շատ կարճ ժամանակամիջոցում ՍԻՄ-ը վերածվեր թունդ հակաքոչարյանականի։ Արդյոք այդ ինչ երաշխիքներ է տվել Ստեփան Դեմիրճյանը ՍԻՄ-ին, որ այդքան վստահ է վերջինիս «հավատարմությանը»։

Սակայն այս բոլորի մեջ թերեւս ամենախղճուկ վիճակում հայտնվել են բոլոր ժամանակների ԱԺՄ-ականների մնացուկները։ Օրինակ, Արշակ Սադոյանը, որը նույնիսկ արյուն թափելու ճանապարհով իշխանության կողմնակից է։ Այդ «արյունասիրությունը», պարզվում է, այս պատգամավորի մեջ նստվածք է տվել։ Հիշել միայն կարելի է, թե ինչպես էր նա այդ կարգախոսը կենսագործում 1996 թ. ԱԺ-ն գրավելու ժամանակ, որից հետո թաքնվելովՙ ժողովրդին թողեց միայնակ, իշխանությունների դեմ-դիմաց։ Իսկ Վազգեն Մանուկյանի դեպքում բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է նրա հայտարարությունը. եթե այսքան ժամանակից հետ չգամ, դուք եկեք իմ հետեւից։ Պետք է ասել, որ իսկապես այս տեսակետից ԱԺՄ-ականները բավականին մեծ փորձ ունեն։ Սակայն կոնկրետ Մանուկյանի պարագայում հետաքրքրականը ոչ այդքան դա է, որքան նրա հանկարծակի դեմիրճյանական դառնալը։ Դեռ ընդամենը երեկ Վազգեն Մանուկյանը ոչ մեկին, իրենից բացի, նախագահ դառնալու արժանի չէր համարում։ Իսկ այսօր սատարում է մինչ այդ «անարժան» ուրիշ թեկնածուի...

Մի խոսքով, կարծես ընդդիմությանը հաջողվեց կենսագործել իրՙ Քոչարյանից հետո թեկուզ ջրհեղեղ մարտավարությունը։ Ստեփան Դեմիրճյանի թիմի այս իրավիճակը վկայում է, որ միմյանց հետ համերաշխություն են կնքել ուժեր, որոնք շատ դեպքերում իրենք չեն կարողանում պահպանել իրենց սկզբունքայնությունը, քաղաքական հետեւողականությունը։ Հետեւաբար, դժվար է պատկերացնել անգամ, թե ինչպես է նրանց հետ աշխատելու Ստեփան Դեմիրճյանն ապագայում, նախագահ դառնալու պարագայում։ Չէ՞ որ ի վերջո աչքի նման պարզ է, որ նրանցից մեծ մասի նպատակն ուղղակի միասնական թեկնածուի պարագան քաղաքական հեռանկարն ապահովելու միակ միջոց դարձնելն է։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4