Ռոբերտ Քոչարյանը ջախջախիչ հաղթանակ է տարել
Նոյեմբերյանի շրջանի Զորական գյուղում Ստեփան Դեմիրճյանը ստացել է 0 ձայն, իսկ գործող նախագահըՙ 518
Հայաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլի նախօրեին Նոյեմբերյանի շրջանում տարածվեց խոսակցություն, թե իբր պանդխտությունից Վանո Սիրադեղյանը հատուկ ուղերձ է հղել հայրենիքՙ Կոթի գյուղ, համագյուղացիներին հորդորելով դեմ քվեարկել Ռոբերտ Քոչարյանին։
Փետրվարի 19-ին Կոթիում 1.155 ընտրողներից Ռոբերտ Քոչարյանն ստացել է 702 քվե, Ստեփան Դեմիրճյանըՙ 267։ Փաստորեն, ՀՀՇ-ի աջակցությունն ստացող պրն Դեմիրճյանը ՀՀՇ նախկին նախագահ Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղում ջախջախիչ պարտություն է կրել։
Ադրբեջանին սահմանամերձ այս շրջանում ընդհանուր առմամբ ժողովուրդը վատ է ապրում։ Երբ կարկուտը ծեծում է գյուղացի Սաքոյի արտը, Սաքոն մեղադրում է երկրի իշխանություններին։ Իրենց պակաս ապրելու մեջ գործող իշխանություններին են մեղադրում պարապությունից աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարող գյուղացիները։ Այս կողմերում կարեւոր դեր է խաղում «Վանոյի գործոնը»ՙ տեղական հայրենասիրությունը։ Որոշ մարդիկ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց հայրենակցինՙ Վանո Սիրադեղյանին «թափառական դարձրեց»։
Կոթի գյուղում գործող նախագահի ստացած քվեները սենսացիոն էին։ Բացատրությունը մեկն էՙ Ռոբերտ Քոչարյանի թիմը լավ է աշխատել։ Գործող նախագահի թիմը փայլուն է աշխատել Նոյեմբերյանի շրջանի եւս վեց գյուղերումՙ Դեղձավանում, Դեբեդավանում, Բագրատաշենում, Պտղավանում, Զորականում եւ Բարեկամավանում։
Դեղձավանում 208 ընտրողներից 190-ը քվե են տվել Ռոբերտ Քոչարյանին, Դեբեդավանումՙ 397-ից 389-ը, Բագրատաշենումՙ 1300-ից 811-ը, Պտղավանումՙ 760-ից 334-ը, Բարեկամավանումՙ 231-ից 157-ը։ Ամբողջ Հայաստանի ընտրատարածքներից ամենաարտառոցը եղել է Զորական, նախկին Չարդախլու գյուղում։ Զորականում բնակիչները բացառապես փախստականներ են։ Ընտրություններին մասնակցել է 519 քաղաքացի, որից 518-ը քվեարկել է Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Քվեաթերթիկները հաշվելու ժամանակ պարզվել է, որ 519-րդ զորականցին եւս քվեարկել է գործող նախագահի օգտին, պարզապես խախտել է քվեարկության շրջանակի սահմանները, եւ քվեաթերթիկը համարվել է անվավեր։ Ուշադրություն դարձնենք. պրն Քոչարյանը հաղթել է այն գյուղերում, որտեղ վերջին հինգ տարիներին մարդկանց կյանքը դրական իմաստով գրեթե չի փոխվել։
Նոյեմբերյանի շրջանի ութ գյուղերում Ռոբերտ Քոչարյանը պարտություն է կրել։ Այս ութ ընտրատեղամասերում հաղթել է նախագահության թեկնածու եւ ընտրությունների երկրորդ փուլ անցած Ստեփան Դեմիրճյանը, ընդ որում երկու ընտրատարածքներում Խորհրդային Հայաստանի ղեկավար եւ համայնավար առաջնորդ Կարեն Դեմիրճյանի որդին տարել է ջախջախիչ հաղթանակ. Կողբի 3-րդ ընտրատեղամասում Քոչարյանի օգտին քվեարկել է 209, Դեմիրճյանի օգտինՙ 784 ընտրող, իսկ Բաղանիսումՙ համապատասխանաբար 95 եւ 333։
Ստեփան Դեմիրճյանը տպավորիչ հաղթանակներ է տարել նաեւ Ոսկեպար, Ոսկեւան, Արճիս, Այրում, Լճկաձոր, Դովեղ գյուղերում եւ Նոյեմբերյան քաղաքում։
Ընդհանուր առմամբ Նոյեմբերյանի շրջանում ընտրություններն անցել են հանդարտ մթնոլորտում, չեն գրանցվել ընտրակեղծիքների դեպքեր նախագահության ինը թեկնածուներից որեւէ մեկի օգտին։
Այս ամենով հանդերձ երկու գյուղերում ընտրությունների առաջին փուլի արդյունքները վերլուծության կարիք են զգում։ Այսպես, Բաղանիս գյուղում Ռոբերտ Քոչարյանի անմիջական «միջամտությամբ» վերջին երկու տարիներին կատարվել են հետեւյալ աշխատանքները. ասֆալտապատվել է գյուղամիջյան ճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածը, լուծվել է մեկ թաղամասի խմելու ջրի խնդիրը, միջնակարգ դպրոցի սպորտդահլիճը վերանորոգվել է եւ ապահովվել գույքով։ Փոքրիկ գյուղ է Բաղանիսը, վերջին մեկ տարում հանրապետության նախագահը երկու անգամ եղել է այնտեղ։ Ի տարբերություն Հայաստանի հեռավոր գյուղերի, վերջին մեկ տարում բաղանիսցիների մի մասն աշխատանք է ունեցել, դրամ է մտել այս գյուղ։ Արդյունքն, իրոք, «տպավորիչ» է. Քոչարյանն ստանում 95 ձայն, Դեմիրճյանըՙ 333։
Հարեւան Ջուջեւան գյուղում, որ Բաղանիսից ավելի փոքր է, Քոչարյանի օգտին քվեարկել է 166 ընտրող, Դեմիրճյանի օգտինՙ 132։ Հաշվի առնելով, որ այս գյուղում հիմքից կառուցվել է դպրոց, գյուղացիների մեծ մասը ներգրավված է եղել «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհաշինական աշխատանքներում, ընդ որումՙ համեմատաբար բարձր աշխատավարձով, Քոչարյանի հաղթանակը պարտությունից չի տարբերվում։
Ուշագրավ է եղել ընտրությունների առաջին փուլի քարոզարշավը սահմանամերձ շրջանում։ Ռոբերտ Քոչարյանի թիմն աշխատել է տրամաբանության եւ բարոյական նորմերի սահմաններում. գյուղացիներին բացատրվել են գործող նախագահի աշխատանքի արդյունքները, ակնկալվող ծրագրերը, կարեւորվել են Հայաստանի կայուն վիճակը, տնտեսական առաջընթացը։
Ստեփան Դեմիրճյանի թիմը, ինչպես նաեւ նախագահի մի քանի այլ թեկնածուների նախընտրական շտաբները քարոզչության հիմքում դրել են ժողովրդի մեջ հակաքոչարյանական տրամադրություն սերմանելու մարտավարությունը, այսպես կոչված «սեւ PR»-ը։
Հանրապետության նախագահի հակաքարոզիչները նրան մեղադրում են հազար ու մի «հանցագործությունների» մեջ. իբր «Ռոբերտ Քոչարյանը սփյուռքից եկող օգնությունները բացառապես ուղարկում է Ղարաբաղ», «նա է կազմակերպել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը», «սպանել է հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանին», «Քոչարյանը հայ չէ, այլՙ ադրբեջանցի», «Քոչարյանն ադրբեջանական լրտես է»... Ցնդաբանությունների այս շարքը կարելի է շարունակել։ Ամենավտանգավորն այն է, որ ժողովրդի մեջ սերմանվում է թշնամանք արցախահայության նկատմամբ։
Անհեթեթ եւ անպատասխանատու ասեկոսեներ են սկսել տարածվել ընտրությունների երկրորդ փուլ անցած Ստեփան Դեմիրճյանի եւ, որ առավել ցավալի էՙ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հասցեին։ Այսպես, բարձրաձայն, երբ Դեմիրճյանի կողմնակիցները Քոչարյանին մեղադրում են «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կազմակերպելու մեջ, Քոչարյանի համակիրները նույն համոզվածությամբ գոռում են, թե «Կարեն Դեմիրճյանը սովետների ժամանակ «գողերի» ձեռքերով սպանել է 97 մարդու»։ Երբ «դեմիրճյանականը» Քոչարյանին անվանում է «դիկտատոր ասիացի», «քոչարյանականը» Ստեփան Դեմիրճյանին որակում է «անողնաշար», «մտքով տկար», «չկայացած գործարար, որն ի վիճակի չեղավ մի գործարան կառավարել»։
Մարտի 5-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նոյեմբերյանի շրջանում Ռոբերտ Քոչարյանին առաջին փուլում քվե տված ընտրողները մեկ անգամ եւս ձայն կտան գործող նախագահին։ Մարտականորեն են տրամադրված նաեւ Ստեփան Դեմիրճյանի համակիրները։ Երրորդ տեղ զբաղեցրած Արտաշես Գեղամյանի ընտրազանգվածը դեռեւս չի կողմնորոշվել։ Արամ Կարապետյանի երկրպագուներին հիասթափեցրեց «հյուսիսցի փեսացուի» սադրիչ «Փարաքարը կփակեմ, սաղիդՙ կհավաքեմ», «մինչեւ հիմա մատ եմ թափ տալիս, ընտրվելուց հետոՙ ուրիշ բան թափ կտամ» եւ մյուս լկտի հոխորտանքները։
Ընդհանուր առմամբ, վերջին օրերին կազմակերպվող հանրահավաքները, Ստեփան Դեմիրճյանի կողքին կանգնած քաղաքական գործիչների արյուն թափելու, նստավայրը գրավելու կոչերը բացասաբար են անդրադառնում պրն Դեմիրճյանի վարկանիշի վրա։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նոյեմբերյան