Արժե՞ հավատալ
Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն ընդունելի չեղան թեկնածուներից ոմանց համար։ Եվ արդյունքներից դժգոհելն արտահայտվեց տարբեր ինքնագնահատականներով։ Ընդ որում, այնպիսի ինքնագնահատականներով, որոնք դուրս են ցանկացած, անգամ ամենապայմանական տրամաբանությունից։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր 9 թեկնածուների օգտին տված ձայների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 416 հազար 357, անճշտությունների չափըՙ 2 հազար 536։ Որպեսզի հետագա մեր հաշվարկները քիչ պարզեցնենք, ընդունենք, որ թեկնածուների օգտին տված ձայների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 420 հազար։
Արտաշես Գեղամյանի օգտին տված ձայներն, ըստ ԿԸՀ-ի, կազմել են 250145։ Ըստ Գեղամյանի եւ իր համախոհների ու համակիրների, այդ թիվը 3 անգամ փոքր է իրականում թեկնածու Արտաշես Գեղամյանին կողմ քվեարկած ձայների քանակից։ Այսինքնՙ 250 հազարի փոխարեն իրականում եղել է 750 հազար կողմ ձայն։
Նույնՙ իրականությանը չհամապատասխանող տրամաբանությամբ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցներն էլ հայտարարում են, որ իրենց թեկնածուն ոչ թե հավաքել է 399757 ձայն, այլ հաղթել է հենց առաջին փուլում։ Նման դեպքում ենթադրվում է, որ Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկել է գոնե 710 հազար +1 ընտրող։
Արդյունքումՙ Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին տրված ձայները միասին կազմել են 1 մլն 460 հազար։
Հանրապետության նախագահի թեկնածու Արամ Կարապետյանն էլ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, ստացել է 41795 ձայն։ Պրն Կարապետյանն, իր հերթին, հայտարարում է, որ իր ձայները պակաս են գոնե 10 տոկոսով, այսինքնՙ կազմել են մոտ 46 հազար։
Եթե այս թիվն էլ գումարենք Արտաշես Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճյանի, ըստ իրենց, օգտին տրված 1 մլն 460 հազար ձայնին, ապա կունենանք 1 մլն 506 հազար կողմ քվեարկած ընտրող։
Ավելացնենք նաեւ հանրապետության նախագահի թեկնածուներ Ռուբեն Ավագյանի (5 հազար 788), Արամ Հարությունյանի (1272), Վազգեն Մանուկյանի (12 հազար 904), Գառնիկ Մարգարյանի (854), Արամ Սարգսյանի (3 հազար 34) օգտին տրված ձայները, ապա կստանանք 1 մլն 506 հազար+23 հազար 852=1 մլն 5529 հազար, մոտավորապեսՙ 1 մլն 530 հազար։
Ստացված մոտ 1 մլն 530 հազարն ակնհայտորեն մեծ է բոլոր թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թվից, եւ սա այն դեպքում, երբ ենթադրում ենք, որ հանրապետության նախագահի եւս մեկ թեկնածուիՙ գործող նախագահի օգտին տրված ձայները հավասար են 0-ի։
Եթե, նույն ընդդիմության հաշվարկներով, Ռոբերտ Քոչարյանը ստացել է 20 տոկոս ձայն, այսինքնՙ մոտ 283 հազար, եւ սա էլ գումարենք արդեն ստացած 1 մլն 530 հազարին, ապա կունենանք 1 մլն 813 հազար կողմ քվե եւ սա այն պայմաններում, երբ ոմանք էլ պնդում են, թե ընտրություններին մասնակիցների պաշտոնական թիվը «խիստ չափազանցված է»։
Արտառոց մի թիվ, որի իրական լինելու դեպքում մենք կունենայինք ոչ թե 60 տոկոսը մի փոքր գերազանցող մասնակցություն ընտրություններին, այլ 75 տոկոսից էլ ավելի։
Ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ հավակնությունների եւ իրականության անհամատեղելիության դեպքում նման հայտարարություններն անխուսափելի են։ Միեւնույն ժամանակ, ցանկացած քաղաքական գործիչ (եթե իրականում այդպիսին է) պետք է կարողանա նման իրավիճակներում հայտարարություններ անելիս չխոսել միայն հավակնությունների դիրքերից։
Չէ՞ որ վաղուց ի վեր քաղաքականություն ասվածը հաճախ է բացատրվում որպես «հնարավորի արվեստ», որին չեն տիրապետում, այլ լինում են ի զորու։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ