Ընտրությունների երկրորդ փուլին մնացել է մի քանի օր, սակայն ընդդիմության թեկնածուն չի հստակեցնումՙ մասնակցելո՞ւ է դրան, թե՞ ոչ։ Նրա փոխարեն դատողություններ ու կարծիքներ են հայտնում նրա շուրջը համախմբված մարդիկ, ընդ որումՙ շատ հակասական։ Այնպիսի տպավորություն է, կարծես ընտրություններին Դեմիրճյանի մասնակցել-չմասնակցելը որոշում են ոչ թե հենց ՀԺԿ-ն կամ Ստեփան Դեմիրճյանը, այլ նրանք։ Դա ուղղակի վկայությունն է այն բանի, որ հիշյալ թեկնածուն, մեղմ ասած, սովոր չէ վճռական, վերջնական որոշումներ կայացնելու։ Ավելինՙ երեկ նախագահի այլեւս նախկին թեկնածու Արամ Կարապետյանի խոսքերից ակնհայտ դարձավ, որ Ստեփան Դեմիրճյանը չի կարողանում նույնիսկ ստեղծված իրավիճակին ռեալ գնահատական տալ։ Ըստ Կարապետյանի, Դեմիրճյանը նույնիսկ զարմացել է, թե ինչպես եւ ինչու են իր կողքին հանրահավաքների հրապարակում հայտնվում այնպիսի մարդիկ, որոնց ներկայությունը ստվեր է ձգում ընդդիմության գործունեության վրա։
Բոլոր դեպքերում ակնհայտ իրողություն է, որ ընդդիմադիրների ճամբարում հերթական հակասություններն են հասունանում։ Մի մասըՙ «Հանրապետություն» կուսակցության ակտիվ դերակատարմամբ միանշանակ կողմնակից է ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «հարցերը լուծելուն», այսինքնՙ ընտրությունների արդյունքներով Ստեփան Դեմիրճյանին նախագահ հայտարարելուն, հանգամանք, որ ամենայն լրջությամբ զգացվում է հենց այս կուսակցության ներկայացուցիչների ելույթներից։ Իսկ մյուս կողմըՙ մանր-մունր կուսակցությունները, առայժմ չի հստակեցրել մոտեցումները, ավելի ճիշտՙ որեւէ նշանակություն չի տալիս այդ հարցինՙ վերջնական որոշում կայացնելու մենաշնորհը թողնելով ՀԺԿ-ին եւ նրա մերձավորագույն շրջապատին։ Այս շրջանակների հիմնական խնդիրն է. ամեն գնով ցույց տալ, թե իրենք շատ լուրջ ընդդիմություն են, իրենց հետ պետք է հաշվի նստել։ Ավելի ճիշտՙ նրանք հակված են երկրորդ փուլին, բայց ըստ էության հասկանում են, որ իրենց կարծիքը նշանակություն չունի։ Այս շրջանակների համար երկրորդ փուլը ձեռնտու է նրանով, որ ԱԺ ընտրությունների այս նախօրեինՙ ի դեմս հնարավորինս երկար շարունակվող հանրահավաքների, հանրությանը երեւալու ավելի մեծ, ազդեցիկ միջոց են ունենալու։ Նրանք շատ պարզ հասկանում են, որ նախագահ դառնալուց հետո Ստեփան Դեմիրճյանի հետ հույսեր կապել չեն կարող, քանի որ վերջինս չէ, որ պետք է տա խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար բավարար երաշխիքներ։ Ամենայն հավանականությամբ նրանցից շատերը, անգամ Ստեփան Դեմիրճյանի ընտրվելու դեպքում ստիպված կլինեն ԱԺ ընտրություններին մասնակցել միայնակ կամ իրենց նման մանր մեկ կամ մի քանի այլ կուսակցությունների հետ դաշինքի ձեւով։ Այսինքնՙ այս լարված իրավիճակը նրանք փորձում են լավագույնս օգտագործել քարոզչության համար։ Վկայությունըՙ նախորդ օրը կայացած հանրահավաքի ժամանակ հնչած այն հայտարարությունը, թե հանրահավաքներ կլինեն նաեւ մարտի 3-ին, 4-ին եւ այլն։ Դա խիստ նման է փետրվարի 19-ի հետկեսօրյան իրավիճակին, երբ ընտրությունները դեռ չավարտված, այս ուժերն ընտրությունների ընթացքը որակեցին ոչ թափանցիկ, ոչ արդար, ավելինՙ ժողովրդավարական արժեքներին չհամապատասխանող։ Այսինքնՙ առաջին հայացքից անհեթեթ է պատկերացնել, թե կոնկրետ ինչ նպատակներ են այդ հանրահավաքները հետապնդելու, եթե պահանջները, մի պահ խելագարության կանխավարկածով ենթադրենք, կատարվեն այս երկու օրվա ընթացքում։
Սակայն այդ հանրահավաքների բուն նպատակը կռահել միայն կարելի էՙ շարունակել պահանջներ ներկայացնել իշխանություններին այս կամ այն կապակցությամբ։ Օրինակ, կարելի է սպասել, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ նրանք կսկսեն շահարկել այն հարցը, թե իշխանությունները չկատարեցին Սերժ Սարգսյանին, Ալիկ Հարությունյանին, Հայկ Հարությունյանին պաշտոնանկ անելու, դատավորների հարցերն արդարադատության խորհրդում քննարկելու իրենց պահանջները, թեեւ պարզ գիտակցում են, որ դրանք ի սկզբանե անլուծելի են։ Ի դեպ, պատահական չէ, որ նրանք այդ պահանջները չկատարելու պարագայում են միայն առաջ քաշում նախագահ Ռ. Քոչարյանի հրաժարականը։ Այնպիսի տպավորություն է, որ եթե անգամ նախագահը տեղի տա ու ընթացք տա ներկայացված պահանջներին, Քոչարյանի պաշտոնանկման, հրաժարականի հարցերը դուրս են գալու շրջանառությունից։ Դա աբսուրդ է այնքանով, որքանով աբսուրդ կլինի տուրք տալ ամբոխավարության եւ ներքին անվտանգության խաթարմանն ուղղված այդ կոչերին։
Իսկ ընդհանրապես պետք է նշել, որ առնվազն մինչեւ երկրորդ փուլի ավարտը կրքերը համեմատաբար հանդարտվել են, քանի որ հանրությունը կարծես հասկանում է, որ հանրահավաքների ներկայիս ընթացքն ուղղակի ընդդիմության որդեգրած մարտավարության շարունակությունն է եւ ոչ ավելին։ Բանն այն է, որ քաղաքական պայքարը, սկսած «Հանրապետություն» կուսակցության ստեղծման պահից, այդ ուժերը տեսնում ու պատկերացնում են միայն հանրահավաքների միջոցով։ Այսինքնՙ հիմնվելով այդ մարտավարության վրա, պարզ է դառնում, որ անկախ երկրորդ փուլի արդյունքներից, ընդդիմության այս շրջանակները շարունակելու են հանրահավաքները, շարունակելու են հանրությանը համեմատաբար լարված, նյարդային վիճակում պահելու քաղաքականությունը։ Իսկ դրա գլխավոր պատճառն այն է, որ ընդդիմության այս հատվածը հանրությանը ներկայանալու այլ հնարավորություն, նոր ասելիք չունի։ Իրավիճակը որոշակիորեն կփոխվի միայն մայիսից հետո, երբ խորհրդարանական ընտրություններն ավարտված կլինեն, եւ պարզ կդառնա, թե որքանով էր արդյունավետ ներկայումս ծավալվող հանրահավաքային մարտավարությունը։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ