Գարեգին Նժդեհ. «Գրական երկեր»
Հայ ազգային-ազատագրական մտքի զարգացման պատմության մեջ իր անուրանալի դերն ունի Գարեգին Նժդեհը։ Ցայսօր նրա կենսագրության համակողմանի ուսումնասիրությունը չունենք, ուստի դժվար է ամբողջական կարծիք կազմել այս մեծ մարդու մասին։ Այս իմաստով անչափ կարեւոր իրադարձություն կարելի է համարել «Նախիջեւան» հրատարակչության նախաձեռնությամբ ու ջանքերով տպագրված Գարեգին Նժդեհի գրական երկերը։ Բժիշկ եւ հասարակական գործիչ Մկրտիչ (Սերժ) Մկրտչյանի ծախսերով տպագրված գրքի տեքստը պատրաստել, առաջաբանը եւ ծանոթագրությունները գրել է Բախտիար Հովակիմյանը, խմբագիրն է Ռաֆայել Համբարձումյանը։
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկապետ Քեռու (Արշակ Գալֆայան) մահվան առիթով գրած եւ Երեւանի «Աշխատանք» թերթի 1916 թվականի մայիսի 28-ի համարում տպագրած մանրապատումում Գարեգին Նժդեհը գրում է. «Ամէն ինչ, ամէն ինչ նրա մէջ մատնում էր Հերոսին։ Տաք կարեկցութիւն դէպի իրաւազուրկն ու թոյլը, ֆանատիկ սէրՙ դէպի իր ցեղն ու գուրգուրած ազատութիւնը, բիբլիական աշխատասիրութիւն ու համեստութիւն, վտանգի ու մահւան բացարձակ անգիտացում, ռազմական անսահման էնտուզիազմ¬ ահա՛ Հերոսը, ահա՛ Քեռին...»։ Ո՞ւմ մասին է ասում Գարեգին Նժդեհըՙ Քեռո՞ւ։ Սակայն այս նույն խոսքերը որոշակի հավելումով կարելի է ասել հենց իրՙ այս գրության հեղինակի մասին, որի կենսագրությունն այն բացառիկ օրինակներից է, որ կարելի է դարձնել որպես դասագիրք հայ մարդու ճշմարիտ դաստիարակության համար։
Վերջին տասը տարիների ընթացքում մենք ասես հայտնագործեցինք Գարեգին Նժդեհի առասպելը, հայտնագործեցինք ճշմարտությունը։ «Նախիջեւան» հրատարակչության տպագրած այս գիրքը մեզ ծանոթացրեց նաեւ գեղագետին։ Շատ քիչ բան էր մեզ հայտնի Նժդեհի գրական գործունեության մասին, հատ ու կենտ փաստեր։ 1906 թվականի հոկտեմբերի 15-ին մորը եւ եղբորը Սոֆիայից գրած նամակում նա հայտնել է, որ «շուտով լոյս պիտի տեսնեն իմ բանաստեղծութիւնները, թւով 70, որոնց մի զգալի մասը գրել եմ Սոֆիայի ազատ մթնոլորտում» (տես «Նախիջեւան» պարբերաթերթ, Երեւան 2001, թիւ 20, էջ 4)։ Սա այն ժամանակն է, երբ Նժդեհը սովորում էր Սոֆիայի սպայական դպրոցում։ Դժվար է ասելՙ այդ գիրքը լույս տեսե՞լ է, թե ոչ։ Սակայն պահպանվել է երկու բանաստեղծությունՙ այդ ժամանակից քիչ անց մորը եւ եղբորը, ինչպես նաեւ հարսնացուինՙ Էփեմիային գրած անթվակիր նամակներում։ Բնագրերը չեն պահպանվել։ Ժամանակին բռնագրավվելով դատաքննչական մարմինների կողմիցՙ դատական գործում մնացել են դրանց միայն ռուսերեն թարգմանությունները։ Այդ նամակները եւ նրանցում պահպանված երկու արձակ բանաստեղծությունը հայերենի է վերածել Նժդեհի քրոջ թոռըՙ Արմեն Բաբայանը, ըստ որումՙ հեղինակի ոճին շատ հարազատ։
Մեծածավալ աշխատանք է կատարել Բախտիար Հովակիմյանըՙ Գարեգին Նժդեհի գրական ժառանգությունը համեմատաբար ամբողջական ներկայացնելու համար։ Տասնամյակներ շարունակ զբաղվելով հայ հեղինակների ծածկանունների վերծանվամբ, «Խաթաբալա» սատիրական հանդեսի 1915 թվականի առաջին համարներում Բախտիար Հովակիմյանը հանդիպել է Գ. Դարդունի, փակագծումՙ Նժդեհ ստորագրությունը։ Այս որոնումների ժամանակ բացահայտվել են նրա եւս երկու ծածկանունՙ Գ. Դ. եւ Գար. Նժդեհ, որոնք դրված են նրա չափածո եւ արձակ բանաստեղծությունների տակ։
1910-1918 թ.թ. Այսրկովկասի հայկական պարբերական մամուլում («Ընկեր», «Խաթաբալա», «Հորիզոն», «Պատանի» (լույս են տեսել Թիֆլիսում), «Արեգ» (Բաքու), «Աշխատանք», «Զանգ» (Երեւան), «Ժայռ» (Ալեքսանդրոպոլ)) տպագրված են Գարեգին Նժդեհի գրական ստեղծագործությունները։ Ձեռագրերից չորս արձակ բանաստեղծություն պահվում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում։
Բացի վերոնշյալ գրական ծածկանուններից Գարեգին Նժդեհը ստորագրել է «Դարդունի» անվամբ, որի բացատրությունը գտնում ենք 1907 թվականի հուլիսին մորն ու եղբորը Սոֆիայից գրած նամակում. «Սիրելի մայր, որքա՜ն ուրախ եմ, որ դու ինձ այսքան տխուր ու տրտում ես ծնել։ Ինձ կնքած քահանան շատ է սխալուել, որ անունս «Դարդունի» չի դրել («Նախիջեւան», 2001, թիւ 20)։
Նժդեհի գրական նախասիրությունը նախ եղել է չափածոն, որից հետո անցել է արձակ բանաստեղծության։ Նա գրել է նաեւ ձոներ, մահախոսականներ եւ այլ բնույթի գործեր, որոնց գեղարվեստական արժանիքներն անուրանալի են։ Եթե չափածոյից արձակին անցնելու պարագան ուրիշների դեպքում գուցե դժվար լիներ բացատրել, ապա Նժդեհի համար կարճ պատասխան ունի. ազատատենչ ոգին ոչ մի կապանքի չի կարող ենթարկվել, անգամՙ բանաստեղծական։ «Խաթաբալայի» 1911-ի թիւ 42-ում Jtudiosus ստորագրությամբ տպագրված բանաստեղծությունը այս խոսքերի վկայությունն է։ Նժդեհի կարծիքով սուլթանը կարող է հաշտվել իր նոր դրության հետ, եթե անգամ նրան զրկես թագից ու գահից, իշխելու իրավունքից, պոետը կարող է իր համար նոր զբաղմունք գտնել, անգամ զբաղվել չարչիությամբ, եթե նրան զրկես գրչից ու քնարից, գրելու եւ երգելու իրավունքից։ «Բայց փորձեցէք զրկել Արծւին լեռների էն ազատ բաշերից եւ նաՙ ազատութեան ու հպարտութեան էն խենթ սիրահարը յաւէտ կփակէ աչքերը...»։
Ազատության եւ հպարտության զգացում. ահա Գարեգին Նժդեհի համոզմամբ մարդկային բնավորության կարեւորագույն հատկանիշները։ Այսպես է նա պատկերացնում նաեւ իր սիրած էակին, որի անունը չի ուզում տալ նույն «Խաթաբալայում» տպագրված «Չէ, չէ...» արձակ բանաստեղծությունում. «Չէ, չէ. ես չեմ տայ նրա անունը։ Իսկ եթէ կուզէք իմանալ, թէ որքան աստւածային է իմ սիրածըՙ վերցրէք Պրոմեթէյի հպարտութիւնը, Արծւի ազատասիրութիւնը, աւելացրէք Իրանի սիրանւէր Լեյլիի սիրտը, եւ կստացւի Նաՙ երազներիս էն արեւ թագուին...»։
Գարեգին Նժդեհի կենսագրության նոր փաստերի ու դրվագների ենք ծանոթանում կարդալով այս գիրքը։ Ահա եւս մեկ հետաքրքրական տեղեկություն։
Դեռեւս 1914 թվականին արդեն ստեղծվում է Գարեգին Նժդեհի գրական կերպավորումը։ Այդ ժամանակ նկարիչ եւ թատերական գործիչ Գարեգին Երիցյանը գրում է կամավորների գործունեությունը պատկերող «Մոտ է գարունը» թատերախաղը, որը պատկերում է հայ եւ բուլղար ժողովուրդների պայքարը թուրքական բռնակալության դեմ։ Սա մեզ հայտնի առաջին պիեսն է, որտեղ իբրեւ գործող անձ ներկայացված է Նժդեհը։ Պիեսն առաջին անգամ բեմադրել է Արմեն Արմենյանը Բաքվում, 1914 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ներկայացմանը մասնակցել են Վահրամ Փափազյանը, Մկրտիչ Թաշճյանը, Հովհաննես Ստեփանյանը, Արուս Ոսկանյանը, Օլգա Գուլազյանը եւ ուրիշներ։ Նժդեհի դերակատարը եղել է Միքայել Ալիխանյանը։ 1915 թվականի փետրվարին պիեսի հեղինակի ղեկավարությամբ դերասանական խումբը կամավորների համար այն ներկայացրել է Երեւանում, Ալեքսանդրոպոլում, Կարսում։ Այս անգամ ներկայացմանը մասնակցել են Հովհաննես Աբելյանը, Գրիգոր Ավետյանը, Հարություն Բերոյանը, Ժասմենը եւ ուրիշներ։
Իսկապես կարեւոր գործ են կատարել Բախտիար Հովակիմյանը եւ Ռաֆայել Համբարձումյանըՙ մեր սեղանին դնելով. «Գարեգին Նժդեհ. Գրական երկեր» գիրքը։
Գրքի մասին մեր ծանոթությունն ուզում ենք ավարտել Նժդեհի աֆորիզմներից երկուսով. «Մեռցրէք մուզիկան ու պօէզիան, եւ մեր աշխարհը կդառնայ խոզանոց»։ Ապա նաեւ. «Չգիտեմ, Աստուած կայ թէ ոչ, բայց կուզէի, որ Նա լինէր։ Եթէ նա կայՙ ես անմահ եմ»։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ