Ս. Սարգսի տոնից անմիջապես հետո սկսվում է Բարեկենդանը։ Այն տեւում է երկու շաբաթ։ Երկրորդ շաբաթվա կիրակին հայտնի է բուն Բարեկենդան անունով։ Կերուխումով, ցնծությամբ, երգ ու պարով, տաղասացությամբ, խաղերով հագեցած տոն է, որի ընթացքում ամեն ինչ թույլատրելի է, անկախ մարդկանց տարիքից եւ հասարակական դիրքից։
Բարեկենդանն ավետում է բնության զարթոնքը, նոր սկսվող կյանքի սկիզբը, խորհրդանշում է բերքի առատությունը եւ մարդկանց երջանկությունը։ Այդ պատճառով նշվել է համաժողովրդական ուրախություններով, առատ ուտեստներով, անսահման երջանկությամբ ու ազատությամբ։
Տոնի հենց առաջին օրը մեծ քանակությամբ գաթա, հալվա, փախլավա էին պատրաստում։ Տան մեծի կարգադրությամբ անասուն էին մորթում, բացում էին գինու կարասները։ Բարեկենդանին էին տեղի ունենում խնամախոսությունները, նշանադրություններն ու հարսանիքները։ Բուն Բարեկենդանին կազմակերպվում էին ըմբշամարտ, բռնցքամարտ եւ ձիախաղերՙ ջիլիթ, մականախաղ, ձիամրցում, ուժամրցում եւ այլ մարզախաղեր, որոնք երիտասարդների համար ճարպկությունը, ուժն ու դիմացկունությունը փորձելու, ցուցադրելու հնարավորություն էին։
Բուն Բարեկենդանին եկեղեցին անգամ զուրկ չէր մնում խաղերից։ Եկեղեցականները կազմակերպում էին «Աբեղաթող» խաղ-ներկայացումը։ Անպակաս էին երգն ու պարը։
Պարում էին մինչեւ կեսգիշեր։ Ամեն օր կեսգիշերն անց կարգ պահպանողը ճիպոտով կիսում էր պարը, դես ու դեն քշում պարողներին, հաճախ չկարողանալով դադարեցնել պարըՙ փախցնում էր նվագածուներին, որից հետո ցրվում էին տներըՙ առավոտյան վերսկսելու հույսով։
Բուն Բարեկենդանին, որպես վերջին կիրակի օր, որպես տոնի գագաթնակետ, հավաքվում էին բարեկամ-հարեւաններով կամ գերդաստաններով, մեծ ու առատ սեղան բացում, կերուխում անում մինչեւ ուշ գիշեր։ Ամենավերջում երիտասարդ տղաները դուրս էին գալիս ձիարշավի, որը պետք է ավարտվեր «ուտիս տատին» վռնդելով եւ «պաս պապին» հրավիրելով։ «Ուտիս տատը» գզգզված մազերով, քրքրված հագուստներով մի տիկնիկ էր, որին տղաները սարի գլխից գլորում էին ձորը, «պաս պապին» էլ համեցեք ասում, որ գա երդիկից ոտները կախ անի։
Կեսգիշերն անց, անչափ ու անսահման ուտել-խմելուց հետո Բարեկենդանն ավարտում էին հավկիթ ուտելով, իրար «շնորհավոր պաս» ասելով ցրվում տները։
Բուն բարեկենդանից մինչեւ Զատիկն ընկած ժամանակահատվածը կոչվում է Մեծ պահք։ Այն կոչվում է նաեւ Քառասնորդականՙ քառասուն օր տեւելու պատճառով։
Պահք կամ պաս նշանակում է հրաժարվել որոշ տեսակի կերակուրներիցՙ հատկապես մսեղենից, կաթնեղենից, ձվից եւ նվիրվել զղջումի, ինքնաքննության եւ ապաշխարության։ Պահոց օրերը կրոնական կրթության, հոգեւոր դաստիարակության, գործած հանցանքների, սխալների ու մեղքերի քավության եւ թողության մի շրջան է։ Այն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը սնուցանում ու բանակակից է դարձնում սրբերին։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ