Այս մի քանի ամիսներին Հայաստանում տիրող անկայուն քաղաքական իրավիճակը մտահոգում է նաեւ Հայաստանում ներդրումներ անողներին։ Հենց այս մտահոգությամբ փորձեցինք իմանալ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի կարծիքը։ «Որքան վտանգներ են լինում, պարզ է, որ գործարար աշխարհն ավելի է զգուշավոր դառնում։ Եթե այդ ընթացքը երկարում է ու չեն լուծվում այդ խնդիրները, ապա մեխանիկորեն դրանց ազդեցությունը նկատվում է թե՛ տնտեսության զարգացման եւ թե՛ ներդրումային ծրագրերի վրա։ Իհարկե, եթե այս խնդիրները լուծվում են կարճ ժամանակում, եւ բոլորս նորից միավորվում ենք ու նվիրվում տնտեսական բարելավման աշխատանքին, չեմ կարծում, որ լուրջ հետեւանքներ լինեն, բայց եթե այդ իրավիճակը շարունակվում է, եւ մենք չենք կարողանում միասնական եզրահանգման գալ, այդ ժամանակ արդեն ես մտահոգված կլինեմ թե՛ արտաքին եւ թե՛ ներքին ներդրումների ծավալով եւ դրա հետեւանքների հետագա տնտեսական աճի խնդրով»։
Պրն Ներսիսյանցը նշեց նաեւ, որ մինչեւ այժմ որեւէ լուրջ ներդրում կամ ծրագիր չի խափանվել, պարզապես ինչ-որ կերպ դադար է առել, եւ վստահեցրեց, որ շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի ու կընթանա իր հունով։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ