Անկեղծ ասած, 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն ինձ որոշ չափով հուսախաբ արեցին։ Ես նույնպես վստահ էի, որ գործող նախագահը պետք է հեշտությամբ հաղթանակ տոնի դեռեւս առաջին փուլում, սակայն «մենք որոշում ենք, իսկ աստված տնօրինում», ինչպես ասվում է հայտնի ասացվածքում։ Այսօր այս հարցի կապակցությամբ չէ, որ ցանկանում եմ խոսել։ Խնդիրը ընտրությունների առաջին փուլին հաջորդած խիստ մտահոգիչ իրադարձությունների շղթան է, որը ակտիվորեն հրահրվում եւ բորբոքվում է մի շարք քաղաքական ուժերի կողմից վստահաբար շահադիտական նպատակներովՙ ամեն կերպ խաթարելով երկրի ներքին կայունությունը, թշնամանք սերմանելով ազգի տարբեր հատվածների միջեւՙ վերադառնալ իշխանության, եւ որքան էլ գայլերը փորձեն քողարկվել գառան մորթիներով, միեւնույն է, ականջներն ու պոչը մատնում են նրանց։ Իսկ վերջին օրերին նրանք ավելի բացահայտ են հանդես գալիս, դեն են նետել արդեն ավելորդ դարձած այդ գառան մորթին եւ ամեն միջոց օգտագործում են սեւացնելու ներկայիս իշխանություններին, անտեսելու ավելի քան 700.000 ընտրողների օրինական կամքի արտահայտությունը, գեթ մեկ նպատակ ունենալովՙ վերադարձ իշխանության։
Ինձ թվում է, բոլոր գիտակից, նախորդ իշխանությունների ջանքերին հակառակ «մանկուրտներ» չդարձած, հիշողությունից չզրկված մարդիկ տեսնում են այդ անձանց հիացական, էքստազախառը վիճակը, որի մեջ նրանք ընկնում են չարտոնված հանրահավաքների, երթերի ժամանակ. դա նրանց տարերքն է, նրանց հարազատ միջավայրը, դրանց շնորհիվ էին նրանք 88-ին գահընկեց անում Կարեն Դեմիրճյանին (ներկայիս իրենց պաշտպանյալի արժանապատիվ ծնողին), դրանց շնորհիվ էին փակում ատոմակայանըՙ մի ամբողջ ժողովրդի մղելով խավարի, սովի ու ցրտի ճիրանները. դա էր նրանց հիմնական գերնպատակը։ Ցավոք ժողովրդավարացման եւ ազատականացման այդ ալիքի ազդեցությամբ էյֆորիայի մեջ ընկած մեր ժողովրդին այդ ճակատագրական պահին դավաճանեց իր դարավոր իմաստությունն ու զգուշությունը. իշխանական գահը հանձնվեց քաղաքականությունից եւ պետական կառավարումից շատ հեռու կանգնած մի խումբ մարդկանց, որոնք երկիրը կանգնեցրին քաղաքացիական պատերազմի եւ տնտեսական ու մշակութային անդունդի եզրին։ Սակայն ժողովուրդն իմաստուն է, եւ այդ ճակատագրական պահինՙ 1998-ին, երկրի ղեկը վստահվեց Ռոբերտ Քոչարյանին, մի մարդու, որը, հաղթող է, ընդ որում ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ նախեւառաջՙ ինքն իրեն, իր խորհրդային եւ հետխորհրդային հոգեբանությանը, մտածելակերպին, կենսակերպին, ուժերի, որոնք իր համախոհների հետ հանուն ժողովրդի բարեկեցության եւ հայ ազգի հզորացման պատրաստ էին ցանկացած զոհողությունների, որոնք կայուն, ինքնավստահ ու ամբիցիոզ էին, բառի դրական իմաստով։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավելի քան տասնամյա գոյությունը, Հայաստանի Հանրապետության կայուն ու վերընթաց զարգացումը վերջին տարիների ընթացքում, գալիս են հաստատելու վերը արտահայտած այն համոզմունքը, որ նրանք կկարողանան էլ ավելին ապահովել մեր ազգի համար։ Թող ների ինձ երջանկահիշատակ սպարապետը, սակայն նա ներելի շփոթության մեջ էր, երբ հայտարարում էր, որ ինքն է Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի մեծ հայրենիք վերադարձը ազգապահպանական, գոյապահպանական անհրաժեշտություն էր եւ դա կանխորոշված էր ի վերուստ, դա հայ ազգի հավաքական կամքի եւ իմաստության արգասիքն էր. վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում մենք առաջին անգամ է, որ ունենք հաղթող նախագահ, մարտիկ նախագահ, իր նպատակներին վստահորեն հավատացող եւ դրանք իրագործող նախագահ, իր խոստումներին հավատարիմ նախագահ, որը ցուցաբերում է մեր ազգին այդքան պակասող հանդուրժողականության զարմանալի հատկանիշներ, ոչ մի անգամ չպատասխանելով իր հասցեին ամեն օր, ամեն վայրկյան հնչող հայհոյանքներին, հերյուրանքներին, թույլատրելիի սահմանն անցնող անձնական վիրավորանքներին, պահպանելով սառնասրտություն եւ բարեկրթություն. մի այնպիսի հզոր դաս տալով այն անձանց եւ քաղաքական ուժերին, որ գիտակից լինելու եւ մի փոքր արժանապատվություն ունենալու դեպքում նրանք պետք է ուղղակի ամաչեին իրենց արածների եւ ասածների համար։ Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է հանուն այդ նույն ժողովրդի բարօրության, սակայն ժողովրդավարությունը չպետք է շփոթել ամբոխավարության, ամբոխահաճության, աթոռակապության հետ։ Շատ հեշտ է լինելով գործող նախագահ եւ գնալ նմանատիպ քայլերիՙ ընտրությունների նախօրյակին նվազեցնել կամ վերացնել հարկերը, տրամադրել բազմապիսի արտոնություններ եւ նպաստներ, Հին Հռոմի տարբերակով, «հաց եւ զվարճանքներ» ապահովելով բթացնել ժողովրդին եւ հեշտությամբ վերընտրվել, սակայն դա չի կարող երկար շարունակվել, քանի որ այդ նույն «հացն ու զվարճանքը» տեւապես ապահովելու համար պետք են տեւական միջոցներ, իսկ դրանք գոյանում են այն դեպքում, երբ երկրի տնտեսությունը գործում է, երբ հարկային եւ օրենսդրական համակարգերն աշխատում են բնականոն հունով։ Այդ իսկ պատճառով առավել հարգանքի է արժանի մեր գործող նախագահը, որը, չվախենալով ոչ պոպուլիստական քայլերից, հմուտ վիրաբույժի նման գերադասում է ազնվորեն գործել եւ, ցավ պատճառելով հիվանդին, հեռացնել խոցը, քան զանազան հանգստացուցիչների միջոցով ցավը բթացնել, ավելի խորը թաքցնել։ Վերջին հաշվով ավելի լավ է ազնվորեն իմանալ, թե ինչ խնդիրներ են կանգնած երկրի եւ ազգի առաջ, ինչպես է նախագահը տեսնում դրանց հաղթահարման ուղիները, երկրի տնտեսական, սոցիալ-քաղաքական զարգացումները առաջիկա տարիների ընթացքում, ուսումնասիրել այն լուրջ տնտեսագիտական եւ այլ ցուցանիշները, որոնք ներկայացված են նրա նախընտրական ծրագրում, քան գնալ դատարկ եւ անօգուտ հանրահավաքներիՙ տեսնելու եւ լսելու նախկին եւ ավելի նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների, 0% կամ համարյա դրան հավասար քվեներ ստացած նախագահի նախկին որոշ թեկնածուների բարբաջանքներըՙ Ալիեւի որպես ՀՀ նախագահի նախընտրելիության, մատեր եւ այլ բաներ ժողովրդի վրա թափ տալու, ինքնահռչակ նախագահ հորջորջվելու եւ դրանից մեծագույն հրճվանքի մեջ գտնվելու վերաբերյալ։
Պետք չէ ունենալ բարձրագույն կրթություն կամ լինել մեծ մաթեմատիկոս, վիճակագիր կամ տնտեսագետ, տեսնելու համար, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ժողովրդի մի զգալի հատվածի սոցիալ-տնտեսական վիճակը դժվարությամբ, սակայն հաստատուն քայլերով բարելավվում է, որ մեր բոլորիս սիրելի Երեւանը ավելի գեղեցկանում եւ երիտասարդանում է, որ ավելի շատ հարսանիքներ են լինում, ծնելիությունը դանդաղորեն աճում է, որ կրթական եւ առողջապահական համակարգերի բարեփոխումներն արդեն սկսել են տալ իրենց առաջին արդյունքները, եւ այս ամենը հանգեցնում է ինձ այն համոզմունքին, որ Ռոբերտ Քոչարյանի վերընտրման դեպքում հետագա տնտեսական բարեփոխումների ընթացքը չի դանդաղի, այլ կարագանա, ինչը թույլ կտա բարելավել բնակչության ավելի մեծ հատվածի բարեկեցությունը, նվազեցնել չքավորությունն ու հետամնացությունը եւ, ի վերջո, հաղթահարել դրանք։ Չէ որ մենք ստեղծագործ եւ համբերատար ժողովուրդ ենք, դա է ապացուցում մեր ամբողջ պատմական անցյալը, ինչպես նաեւ այն իրականությունը, որ արտերկրում գտնվող մեր բոլոր հայրենակիցները կարողանում են գտնել իրենց տեղն այդ օտար երկրներում, դառնալ նրանց տնտեսական համակարգի մի բաղկացուցիչ մասը, ուստի պետք է նույն նպատակն ունենալ եւ նույնին ձգտել նաեւ Մայր Հայրենիքում։ Պետք չէ սպասել հրաշքի, պետք է ուղղակի աշխատել նախագահի հետ մի թիմ դարձած, լինել ավելի հանդուրժող եւ ազգասեր, քանի որ միայն դա է հայ ազգի գոյապահպանության եւ հարատեւման բանալին։
Հոդվածս գրելու ընթացքում ինձ անընդհատ մի հարց էր տանջում. ինչու Տիգրան Մեծից ի վեր իր պատմական հայկական հողերը անընդհատ կորցնող մեր ժողովուրդը չի տեսնում կամ պատշաճ կերպով չի ընկալում այն էական, կարեւորագույն, ազգապահպան իրողությունը, որ մենք վերջապես թոթափելով պարտվողի հոգեբանությունը, կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի ամենագողտրիկ անկյուններից մեկըՙ մեր Արցախը։ Չեմ պատկերացնումՙ Շուշիի ձորը, Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը եւ այլ հրաշալիքները տեսնելուց հետո, մի՞թե կարելի է դեմքին գիտունի արտահայտություն տալով լրջորեն հակադրել, անհանդուրժողականություն սերմանել Հայաստանի եւ մեր հայրենիքի մի հատվածի, մեր ազգիՙ կարծես անհույս կորսված, սակայն աստվածահաճո մի հրաշքով ու մեր հայ զավակների սուրբ արյունով վերագտնված մի կարեւորագույն հատվածի միջեւ. հայրենասեր, հայկականությունը ավելի անխաթար պահած, համարյա երբեք իր անկախության համար պայքարը չդադարեցրած արցախցուն հակադրելով մեր հայրենիքի մեկ այլ հատվածի, նրանց պիտակելով «թուրք», իսկ մեզ «հայ»։ Այդ որքան ժանտ ու թույն պետք է կուտակված լինեն այս բառերն արտահայտողի սրտում եւ ուղեղում, որ նա մեր ազգին Վաչագան Բարեպաշտ արքա, Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Բաբաջանյան զորավարներ, արվեստի եւ մշակույթի հռչակավոր գործիչներ տված մարդկանց այդպես պիտակի։ Պատկերացնում եմ, թե որքան են ուրախացել մեր թշնամիները։ Մի՞թե կարելի է պատեհապաշտական, այսվայրկյանային խնդիրների լուծման, աթոռ գրավելու սին նպատակներով գնալ նման քայլերի, չէ՞ որ ժողովուրդը չի ների նման վարվելակերպը։ Անհասկանալի է, ինչպե՞ս կարելի է փետրվարի 20-ին հանրահավաքներ գումարել, բազմահազար մարդկանց կտրել իրենց բնականոն կյանքից եւ պահանջել լոկ աթոռ, սակայն գեթ մեկ բառով անգամ չհիշատակել, չնշել մեր հայրենիքի մի կարեւոր մասի, մեր Արցախի ազատագրական պայքարի փառապանծ 15-ամյա հոբելյանը, որը, հավատացած եմ, առհավատչյան է մեր ազգի ու պետականության վերածննդի ու հզորացման։
Մի ասացվածք կա, «պատմությունը կրկնվում է երկու անգամՙ մեկ անգամ ողբերգության, երկրորդ անգամ ֆարսի ձեւով»։ Երեւի մեր նախագահի ճակատագիրն է ամեն անգամ ընտրվել երկփուլ ընտրություններով, եւ ամեն անգամ ընտրաթերթիկում նրան մրցակցում է Դեմիրճյան ազգանունով անձնավորություն։ Սակայն, եթե 1998 թվականի Կարեն Դեմիրճյան բազմափորձ քաղաքական գործիչի չընտրվելը երեւի ողբերգություն էր նրա համար անձնապես, քանի որ նշանակում էր ժողովրդի մեծամասնության մերժումըՙ վերադարձ լճացման եւ տեղում դոփելու տարիները (ընդ որում պետք է նշեմ, որ ի պատիվ այդ մեծագույն քաղաքական գործչի, նա կարողացավ հանուն իր ազգի բարգավաճման եւ հզորացման հաղթահարել այդ մերժումը եւ գործող նախագահի հետ լծվել մեր պետականության կայացման եւ հզորացման գործին), ապա 2003 թվականին Կարենի որդի Ստեփան Դեմիրճյանի մասնակցությունն ընտրությունների երկրորդ փուլին կարող է դիտվել որպես իմաստուն ասացվածքի հաստատում։ Մի՞թե ֆարս չէ այն, որ ամբողջ կյանքում գործարանի տնօրենի պաշտոնից բարձր որեւէ դիրք չգրաված, քաղաքական ասպարեզում բացարձակ նորելուկ եւ քաղաքականությունից բացարձակ բոբիկ մի անձնավորություն մարտահրավեր է նետում քաղաքական ղեկավարության ավելի քան տասնամյա փորձ ունեցող, արցախյան ազատամարտի հաղթող, արտաքին աշխարհում ընդունվող եւ մեծ հարգանք վայելող, երկրի տնտեսական զարգացման ոլորտում իր կայացածությունը ապացուցած նախագահինՙ չունենալով ո՛չ տնտեսական ծրագիր, ո՛չ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ծրագիր, ո՛չ արտաքին աշխարհում ճանաչվածություն, ո՛չ էլ մի քանի նախադասություն իրար հետեւից կապելու ունակություն։ Հասկացողին պարզ է, որ նման նախագահը ղեկավարվելու է, այլ ոչ թե ղեկավարելու, եւ նրա ընտրությամբ ՀՀՇ-ն ճանապարհ է հարթում նախկին նախագահի իրենց «ծրագրած հաղթական վերադարձի» համար։
Համոզված եմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի ֆոնի վրա, մեր համազգային բոլոր խնդիրները երկրորդ պլան են անցնում, քանի որ այնտեղ է որոշվում մեր լինել-չլինելու, հայոց պետականության գոյատեւման հարցը, եւ այս փուլում մեզ անհրաժեշտ է նախագահ, որը լավ է հասկանում հակառակորդի մտավոր եւ հոգեկան աշխարհի բոլոր նրբերանգները։ Այո, պարոնայք «իշխանատենչ ընդդիմադիրներ», թշնամու լծի տակ ապրելը թերություն չէ, հայ ազգի գոյության տվյալ պատմական ժամանակահատվածում դա մեծագույն առավելություն է, որը մենք պետք է ըստ ամենայնի պահպանենք։ Դարերի ընթացքում առաջին անգամ է, որ մեր թշնամին թե ռազմի դաշտում եւ թե բանակցությունների սեղանի շուրջն ունի իրեն արժանի մրցակից, եւ ցանկանում եմ ընդգծելՙ երիտասարդ, բանիմաց եւ հաղթող մրցակից։ Մի վայրկյան պատկերացրեք Կարենի որդի Ստեփան Դեմիրճյանին Ալիեւի հետ բանակցելիս, եւ կարծում եմ դույզն իսկ չեք տատանվի, թե ում օգտին պետք է կատարեք ձեր ընտրությունը 2003 թվականի մարտի 5-ին։
Ցանկանում եմ հնարավոր ընդդիմախոսներիս նախօրոք զգուշացնել, որ ես որեւէ պետական պաշտոն չեմ զբաղեցնում, բնիկ երեւանցի եմ, երկու կողմից էլ շառավիղն եմ 1860-ական թվականներից այստեղ հաստատված իմ ծնողներիս նախահայրերի, իսկ Արցախի հետ որեւէ ազգակցական կապեր չունեմ, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ գենետիկորեն բոլոր հայերն էլ իրար հարազատ են, սակայն 1988-ին առաջին անգամ լինելով Ղարաբաղում, մշտապես կրում եմ այդ երկրամասի մշտական երկրպագուի եւ հավատարիմ բարեկամի հավատամքը։
ՎԱՀԱԳՆ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ, իրավագիտության թեկնածու, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ