«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2003-02-27 | #39, 2003-02-28 | #40, 2003-03-01


ԸՍՏ ՏԵՂԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻՙ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՀԱՆԳԻՍՏ, ԲԱՑ, ԹԱՓԱՆՑԻԿ

«Նախագահական ընտրությունների քարոզարշավը հիմնականում ընթացել է օրենքի սահմաններում, քվեարկության ամբողջ գործընթացը բաց էր եւ թափանցիկ», երեկ Ժուռնալիստների տանը կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկան փետրվարի 19-ի ընտրությունների ընթացքում համատեղ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական կազմակերպություններ։ Դրանք էին «Արդարություն եւ իրավունք», «Քաղաքագիտական, իրավագիտական եւ տնտեսագիտական հետազոտությունների ու կանխատեսումների կենտրոն», «Երիտասարդների իրավական եւ սոցիալական աջակցության կենտրոն», «Հայկական համաշխարհային միություն», «Հանուն ժողովրդավարության», «Եվրոպական հետազոտությունների հայկական կենտրոն» եւ «Եվրոպական իրավունքի հայկական ընկերակցություն» հասարակական կազմակերպությունները։

Վերջիններից 5-ի ներկայացուցիչներն ասուլիսի ժամանակ նշեցին, որ մոտ 1000 դիտորդներ են իրենց կողմից հետեւել ընտրական գործընթացներին հանրապետության ողջ տարածքում։

Այս դիտորդական առաքելության կողմից որպես հիմնական դիտողություն նշվեցին ընտրացուցակային անճշտությունները, որոնք, ճիշտ է, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակվանից ավելի քիչ են, բայց մտահոգության տեղիք են տալիս։ Խախտումները վերաբերել են նաեւ գյուղական բնակավայրերում տեղամասերի շուրջ խմբվելուն։

Ընդհանուր առմամբ, դիտորդների աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն եղել, եղել են մասնավոր թերություններ, ասենք, կապված վստահված անձանց կողմից օրենքի չիմացության հետ։ Որպես վերջինի հետեւանք եղել են դեպքեր, երբ վստահված անձը փորձել է անհիմն աղմուկ բարձրացնել։

Չեն նկատվել մարդկանց համոզելով ընտրությունների տանելու դեպքեր, իսկ այն տեղամասերում, որտեղ քվեարկել են զինվորականներ, վերը նշված կազմակերպությունների դիտորդները չեն նկատել պարտադրելու փաստեր։ Զինծառայողներից էլ տեղեկացել են, որ ոչ ոք նրանց չի պարտադրել ընտրել այս կամ այն թեկնածուին։

Նշվեց նաեւ այս ընտրությունների ժամանակ անուշադիր վերաբերմունքն այն հաշմանդամների նկատմամբ, որոնք շարժվելու հնարավորություն չունեն եւ չեն կարող հասնել տեղամասեր։

Համաձայն հայտարարության, նախագահական ընտրությունները ընթացել են հանգիստ մթնոլորտում եւ կազմակերպված, ընտրական հանձնաժողովների անդամները բավարար մակարդակով տիրապետել են ընտրական օրենսդրությանը եւ ընտրողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ բռնության կամ սպառնալիքի էական դեպքեր չեն արձանագրվել։

Ընտրական բոլոր գործընթացները վերահսկելի են եղել դիտորդների եւ վստահված անձանց համար, այլոց փոխարեն քվեարկելու նկատված դեպքերը կանխվել են։

Որպես նախնական եզրակացություն, նշված ՀԿ-ները հայտարարեցին, որ ընտրություններն իրականացվել են կազմակերպված, թափանցիկ, առանց ընտրակարգի, վստահված անձանց եւ դիտորդների իրավունքների էական խախտումների, որոնք չէին կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների եւ քվեարկության արդյունքի վրա։

Հայտարարության նման ուշացումը ՀԿ-ների ներկայացուցիչները բացատրեցին նրանով, որ իրենց չի ֆինանսավորում որեւէ միջազգային կազմակերպություն, եւ մասնավորապես այդ պատճառով մարզերից տվյալները ստացվել են բավականին ուշ։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4