«Պայքարը պիտի շարունակել մինչեւ վերջ»
Երեկ հրավիրած մամլո ասուլիսում Վազգեն Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի կերպարների համեմատական վերլուծություն արեցՙ պնդելով, թե նաեւ ի դեմս իրեն երկրորդի ճամբարում կան փորձառու մարդիկ, որոնք գործող նախագահից ոչ պակաս ներդրում ունեն մեր երկրում։ Դա, ըստ ԱԺՄ առաջնորդի, վերաբերում է ինչպես ԼՂ խնդրին, այնպես էլ մեր արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը։
Այս պահին, Վ. Մանուկյանի համոզմամբ, ընդդիմության առաջնորդը պիտի հանդես գա քաղաքական հայտարարությամբՙ ներկայացնելով, իր ընտրվելու դեպքում, առաջիկա առնվազն երկու տարիների անելիքները, բերելով խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար անցկացման երաշխիքներ։
Այս հայտարարությունից զատ Ստեփան Դեմիրճյանին սատարող ուժերը սպասում են նրա որոշմանըՙ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու վերաբերյալ։
Որոշման առաջին տարբերակի դեպքում, ըստ ԱԺՄ նախագահի, Ստեփան Դեմիրճյանը չի մասնակցի մարտի 5-ի ընտրություններին։ «Ռոբերտ Քոչարյանը կմնա մենակ եւ կդառնա ձեւական ու թույլ նախագահՙ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ընկալման առումով»։ Երկրորդ փուլից երկու թեկնածուներից մեկի հրաժարվելու դեպքում ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրապայքարում մնացած թեկնածուի հետ պիտի մրցի առաջին փուլում երրորդ տեղը գրաված թեկնածուն, այս դեպքումՙ Արտաշես Գեղամյանը։
Նա արդեն դիմել է ՀՀ Սահմանադրական դատարանՙ բողոքարկելու առաջին փուլի արդյունքները, այսպիսով, այս պահին բացառելով իր մասնակցությունը երկրորդ փուլին։
Երկրորդ տարբերակի դեպքում Ստեփան Դեմիրճյանը կհամաձայնի շարունակել ընտրապայքարը։ «Այս պարագայում անպայման պիտի կայանա Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան հեռուստաբանավեճ։ Կարծում եմ, նման բանավեճում Ս. Դեմիրճյանը ջախջախիչ հաղթանակ կտանի», վստահ է Վ. Մանուկյանը։
«Այս տարբերակներից ո՞րը կնախընտրեր ինքըՙ պրն Մանուկյանը» հարցին վերջինս պատասխանեց, թե նպատակահարմար է համարում գնալ ընտրությունների եւ փորձել հաղթել։ «Որքան էլ մեծ լինեն կեղծիքները, կարծում եմ, հաղթանակի հնարավորություն Ս. Դեմիրճյանն ունի»։
Եթե, այնուամենայնիվ, Ս. Դեմիրճյանը չմասնակցի՞ մարտի 5-ի ընտրություններին, կամ Ռ. Քոչարյանը հաղթի՞։ «Պայքարը պիտի շարունակել մինչեւ վերջ։ Ի վերջո, այս երկրում պիտի՞ պաշտպանված լինեն մարդկանց իրավունքները։ Բայց մեծ բախումներից, ցնցումներից, միեւնույն է, պիտի խուսափել»։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ