Եվս երկու ՀՌԱԿ ակումբներ
Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության երկու նոր ակումբ հիմնվեց Գեղարքունիքի մարզի Նորաշեն եւ Արագածոտնի Կարբի գյուղերում։
Նորաշենի նորագիրներին ռամկավարական մեծ ընտանիքի մաս կազմելու համար ողջունեցին ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը, Հանրապետական վարչության անդամ Գայանե Մուրադյանը։ Նորաշեն էին մեկնել նաեւ «Սեւան» ակումբի ատենապետ Նորայր Խալաֆյանն ու փոխատենապետ Հովհաննես Ղուկասյանը։ Կուսակցության փոխատենապետի կնքահայրությամբ 9 նորաշենցիներ ռամկավար դարձան։ Իսկ քննարկվող հարցերը տարբեր էին. երկրի համար բախտորոշ այս ժամանակահատվածում, անշուշտ, նախագահական ընտրությունները եւս հնարավոր չէր շրջանցել։ Իսկ այս հարցին նորաշենցիները մոտենում են առաջին հերթին իրենց գյուղի խնդիրների տեսանկյունից։ Նախագահի թեկնածուներից ո՞վ կարող է քայլեր ձեռնարկել, որ գյուղացու վաղվա օրն այդքան հոգսաշատ չլինի։ Բնակլիմայական դժվար պայմաններում ապրող քարքարոտ հող ունեցող Նորաշենը հիմնականում անասնապահության հույսին է, իսկ արտադրված մթերքն իրացնել է պետք։ Ինչպե՞ս։ Գյուղացին այս հարցի լուծումը պատկերացնում է. «Վերամշակման արտադրամասեր լինեն, հոգսից ազատվենք», ասում են նրանք։ Ու, թեեւ երկրի վերջին տարիներին ունեցած զարգացումը նրանց համար տեսանելի է, գյուղացին անհամբեր է։ Տեսնելով տնտեսական առաջընթացը, աղետի գոտու վերականգնումը, հարցնում է. «Ե՞րբ է մեր բնակավայրի հերթը գալու»։ Մեխակ Գեւորգյանի խոսքով, երկիրն արդեն բռնել է զարգացման ճանապարհը։ Կամաց-կամաց, բայց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդեգրած քաղաքականության շնորհիվ, անշուշտ, ոչ հեռավոր ապագայում արդյունքներն ավելի շոշափելի կլինեն։ Իսկ հեղափոխական կոչերով առաջ չես գնա, մի քանի տարին մեկ երկրի նախագահ փոխելն օգուտ չի տա, մանավանդ որ երկրի կայունությունն ու առաջընթացի առաջին քայլերը վտանգավոր անորոշությամբ փոխելը մեզ ձեռնտու չէ։
Փետրվարի 19-ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը ստացել է Նորաշենի ընտրողների 48 տոկոսի վստահության քվեն։ Գործող նախագահի օգտին քվեարկած նորաշենցիներից մեկը փորձում էր հիմնավորել իր ընտրությունը. գյուղի մեծագույն խնդիրներից էլ գազիֆիկացման հարցն է, եւ դատելով հանրապետությունը գազիֆիկացնելու Քոչարյանի սկսած ծրագրից, Նորաշենի հերթն էլ է գալու։ Իսկ գործող նախագահն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ ասած խոսքը միշտ գործի է վերածում։
Ռամկավարների հետ հանդիպմանը մասնակից էին ոչ միայն նորագիրները, այլեւ գյուղի բնակիչները, փոխգյուղապետ Անդրանիկ Ավագյանը։ Նրա խոսքով, շատ կուսակցությունների ներկայացուցիչներ են եկել, բայց երբեւէ նման անկեղծ եւ անմիջական զրույց չէր եղել։ Առիթն օգտագործելով, Անդրանիկ Ավագյանն իր հարգանքն արտահայտեց ավանդական կուսակցության նկատմամբ։ Այլ կուսակցությունների ղեկավարները, պաշտոն չունենալու դեպքում միանգամից այլՙ ղեկավարող կուսակցություններին են հարում։ Ռամկավարներն իրենց ամբողջ պատմության ընթացքում միասնական եւ հայրենանվեր են եղել անկախ նրանից, թե կուսակցության ղեկավար դիրքերո՞ւմ են եղել, թե՞ ոչ։
Մյուս ակումբը, որ երեկ հիմնվեց, հիմնականում Կարբիի Թեքեյանի անվան դպրոցի ուսուցիչներից էր կազմված, նաեւ ուսանողներ, գյուղապետարանի աշխատողներ։ 51 կարբեցիների կնքահայրը դարձավ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Կարբեցիների համար, առավել եւս ուսուցիչների, ավանդական կուսակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի. նրանց համերկրացինՙ Վարդգես Պետրոսյանը, կուսակցության լիդերներից է եղել, դպրոցն էլ կրում է Ռամկավար Ազատական կուսակցության առաջին ատենապետ Վահան Թեքեյանի անունը։ Երդմնառության արարողությունից հետո նորագիր ռամկավարներն ընտրեցին նաեւ ակումբի ղեկավարներին։ Ատենապետ դարձավ Հովհաննես Օհանյանը, փոխատենապետՙ Արմեն Մուրադյանը, ատենադպիրՙ Թերմինե Ավետիքյանը, գանձապահՙ Գեւորգ Եղիազարյանը, խորհրդականՙ Կարապետ Հովհաննիսյանը։ ՀՌԱԿ ատենապետի հետ կուսակցական ընկերները շոշափեցին քաղաքական հարցեր, ավելի ստույգՙ նախագահական ընտրությունները։ Ռուբեն Միրզախանյանը եւս մեկ անգամ շեշտեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու կուսակցության դիրքորոշումը։
Նորագիրներից աշխարհագրության ուսուցչուհի Սեդա Հովհաննիսյանը եւս, ինչպես փետրվարի 19-ին, մարտի 5-ին էլ Ռոբերտ Քոչարյանի օգտին է քվեարկելու։ Նախ, Արշակ Սադոյանի նախորդ օրվա ելույթում հնչած այն խոսքերից, թե Քոչարյանին միայն ղարաբաղցիներն ու բաքվեցիներն են ընտրում, տիկին Սեդան շատ էր վրդովվել։ «Սադոյանն ինչո՞ւ է իրավունք վերապահում իրեն, օրինակ իմՙ ծագումով սեւանցուս անունից խոսել», նշում էր կինը։ Իսկ Քոչարյանին սատարելու համոզմունքն այսպես է հիմնավորում. «Ղարաբաղն ինձ համար շատ թանկ է նաեւ նրա համար, որ պատերազմում հարազատներիս արյունն է թափվել։ Մենք պարտավոր ենք Ղարաբաղը պահել, իսկ Ղարաբաղը պահողներին գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը»։
Մ. Հ.