ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում փետրվարի 28-ին հազարավոր ստեփանակերտցիներ, քաղաքի հյուրեր այցելեցին մայրաքաղաքի հուշահամալիրՙ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի զոհերի հիշատակին։
Հուշաքարին ծաղկեպսակներ դրեցին երկրի բարձրագույն ղեկավարությունը, պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Տեղի ունեցած միտինգում հանդես եկած ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը ընդգծեց. «Այսօր ինքներս պետականորեն դատապարտում ենք 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկըՙ խաղաղ բնակիչների սպանդը Ադրբեջանում, որակելով որպես ցեղասպանություն։
Շրջանառության մեջ է դրվել այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության խաղաքարտը։ Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդից շարունակում են թաքցնել դրա հետ կապված ամբողջ ճշմարտությունը, այդ դեպքերի իրական կազմակերպիչներին եւ նպատակները։ Վերջապես, Խոջալուն ռազմականացված հենակետ է եղել, որի դեմ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը հակագործողություն են իրականացրել պատերազմական իրավիճակի անհրաժեշտությունից ելնելով, ինչը չես ասի Սումգայիթի պարագայում»։
Միտինգում ելույթ ունեցան սումգայիթյան հրեշագործությունից մազապուրծ մարդիկ։
Սումգայիթի ջարդերը դատապարտող կոչ հրապարակեցին ԼՂՀ քաղաքական ու հասարակական ուժերը։ Հանրահավաքի բոլոր մասնակիցների անունից դիմում է հղվել միջազգային իրավասու ատյաններինՙ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահներին, այլ կազմակերպությունների, պահանջելովՙ նախքան Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելը, դատավարություն սկսել Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի մյուս քաղաքներում հայերի դեմ իրականացված ցեղասպանության կազմակերպիչների ու կատարողների նկատմամբ։