ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
1988 թ. փետրվարի 28-ին սումգայիթյան ողբերգությունը հայության համար հերթական ցնցող հարված էր։ 1915-ի Ցեղասպանության այս նոր շարունակությունը դարավերջին հոգեվարքի մեջ գտնվող խորհրդային երկրի հերթական սադրանքի հետեւանքն էր, որ հանգեցրեց դաժանագույն ողբերգությանՙ սկիզբ դնելով ազգամիջյան արյունահեղությունների։ Կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» լրատվական ծառայության կեղծ տեղեկատվությունից գրգռված հայության ակտիվ հատվածը 88-ի հանրահավաքների ժամանակ թռուցիկներից էր միայն իրազեկվում սումգայիթյան ողբերգության ճշմարտությունների մասին։ Հայաստանի համար ճակատագրական այդ տարեթիվը, որ ազգային զարթոնքի վերելքով նշանավորվեց, ըստ էության, սկսվեց եւ ավարտվեց երկու մեծ ողբերգություններովՙ փետրվարի 28-Սումգայիթ եւ դեկտեմբերի 7-երկրաշարժ։ Եվ շարունակությունըՙ անկախության համար մղվող պայքար արցախյան գոյամարտով, որ երկրի ներսում զուգահեռվեց էներգետիկ տեռորով ու տեղեկատվական վակուումով։ Տարիներն անցել են, բայց վերքը դեռ չի սպիացել, քանի որ դահիճը շարունակում է զոհ ձեւանալ։
Այսօր մեր երկիրը լարված է, անհամեմատ լարված էր նաեւ 15 տարի առաջ փետրվարի 28-ի սումգայիթյան ողբերգության սահմռկեցուցիչ եղելությունից հետո։ Երեկ Երեւանում սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքը կազմակերպել էին քաղաքապետարանը եւ Հայաստանի գրողների միությունը։ Բազմության երթը սկսվեց Կիեւյան կամրջի սկզբնամասից։ Երթին մասնակցում էին մայրաքաղաքի բուհերի հազարավոր ուսանողներՙ սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող բազմաթիվ պաստառներով, իսկ սումգայիթյան զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցած հանրահավաքի բազմության գլխավերեւում փողփողում էին տարբեր կուսակցությունների բազմագույն դրոշներըՙ ՀՌԱԿ, ՀՅԴ, «Արժանապատիվ ապագա», ՀԺԱՄ, «Հզոր հայրենիք» եւ այլն։
Սգո հանրահավաքին բացման խոսքով ելույթ ունեցավ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանն իր ցավակցությունը բերեց 15 տարի առաջ գազանաբար խոշտանգված մեր հայրենակիցների հարազատներին։ Նահատակների հիշատակի համար հոգեհանգստյան պաշտոն կատարեց Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Սումգայիթյան ոճրագործությունըՙ իբրեւ 1915-ի Ցեղասպանության շարունակություն, դատապարտելու կոչով հանդես եկան ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը։ Իրենց ելույթներում հանրահավաքի բանախոսներն աշխարհին դիմելու կոչով հանդես եկան, գտնելով, որ եթե դատապարտվեր 1915-ի Եղեռնը, կկանխվեր նրա շարունակությունը ոչ միայն մեզանում, այլեւ ընդհանրապես աշխարհի յուրաքանչյուր հորիզոնականում։ «Մենք սպառել ենք լռության մեր լիմիտը, մենք պատասխանատու ենք ապագա սերունդների առաջ, տեր պիտի կանգնենք մեր անցյալին եւ արժեքներին։ Չի կարող առաջ շարժվել այն ազգը, որ պատմությունից դասեր չի քաղում»։
Լարիսա Ալավերդյանն իր խոսքն ուղղեց Կիրովաբադի, Բաքվի, Սումգայիթի զոհեր ունեցող բոլոր հայերինՙ ցավակցելով նրանց, ովքեր դարձան ազգային ազատագրական պայքարի առաջին նահատակները։ «Թուրքիայում հայ ծնվելը դժբախտություն է, հայ մնալըՙ հերոսություն» Րաֆֆու հանրահայտ խոսքերը հիշեցնելովՙ Լավրենտի Բարսեղյանը գտավ, որ այսօր նահատակների ոգեկոչման այս արարողությունն անհրաժեշտ փաստ է, հատկապես երբ ադրբեջանցիները ոգեւորվել ենՙ հայերին մեղադրելով Խոջալուի դեպքերի կազմակերպման մեջ։ Դիմելով Ազգային ժողովին, պրն Բարսեղյանն ասաց, որ ժամանակն է փետրվարի 28-ը Ադրբեջանի տարածքում Հայոց ցեղասպանության օր հռչակելու։
Հանրահավաքին ընթերցվեց Սիլվա Կապուտիկյանի ուղերձը։ Ժողովրդին 1988-ի միաբանության ոգի մաղթելով, բանաստեղծուհին կոչ էր անում միջազգային հանրությանը լսելի դարձնել մեր կոտորածների, ադրբեջանական նորօրյա եղեռնագործությունների մասին։ Սումգայիթյան ցեղասպանությունը վերապրող Հրանտ Ադամյանն ականատեսի վկայությամբ 15 տարի առաջ կատարված ոճրագործություններից մի քանի սարսռազդեցիկ պատկերներ ներկայացրեց։
Հանրահավաքն ավարտվեց Զորի Բալայանի բոցաշունչ ելույթով. «Չմոռանանք մեր նահատակներին եւ նկատի ունենաք, որ ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որ աղ ցանեն մեր վերքերին, որ այս աղմուկի մեջ Ղարաբաղի հարցն ի նպաստ իրենց լուծեն», ապա ընթերցեց ՀԳՄ-ի եւ քաղաքապետարանի հետ ստեղծված մշտական հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծըՙ ուղղված ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին, Մինսկի խմբի համանախագահողներինՙ սումգայիթյան հրեշավոր ոճրագործության դատապարտմամբ եւ մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը ոճրագործների դեմ բաց դատաստան տեսնելու առաջարկությամբ։
Հանրահավաքի մասնակիցներն անցան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրովՙ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1915 թ.-ի զոհերի հիշատակին, իսկ ճանապարհին ոմանք թեքվում էինՙ խոնարհվելու նաեւ արցախյան ազատամարտում զոհվածներիՙ Մովսես Գորգիսյանի, Երվանդ Սաղումյանի եւ մյուսների շիրիմներին։