Երեկ «Ինտերնյուսի» տնօրեն Վիլյամ Կանտերը եւ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության պատասխանատու Նունե Սարգսյանը ներկայացրին իրենց հայտարարությունն ու դիմումը, ուր, ըստ իրենց մասնավոր կարծիքի, «հայաստանյան ԶԼՄ-ները, մասնավորապես հեռարձակվողները, ցավոք, չհաղթահարեցին 2003 թ. փետրվարյան փորձությունը։ Մենք չենք հետեւում լրագրողական սկզբունքներին եւ բարոյական նորմերին, մենք չենք հետեւում անգամ բիզնեսի օրենքներին եւ կախվածության մեջ ենք մնում ումից ասես, բացի մեր լսարանից»։ Բազմաթիվ «մեղադրանքներ» ընդգծելով, տկն Սարգսյանը գտնում է, որ մենք արժեզրկում ենք լրագրողի մասնագիտությունը եւ կամաց-կամաց կորցնում այնքան դժվարությամբ նվաճած խոսքի ազատությունը։ Հենց այս խնդրով, ինչպես նշված է դիմումում, «Ինտերնյուսը» խիստ անհանգստացած է եւ պատրաստ է հնարավոր օգնություն ցուցաբերել, քանի որ գտնում է, որ նրանք նույնպես պատասխանատու են ԶԼՄ-ներում տիրող իրավիճակի համար, կոչ են անում նախընտրական քարոզարշավի այս վերջին օրերին զինվել համարձակությամբ եւ անկողմնակալությամբ ու հիշել հասարակության առջեւ իրենց ունեցած պատասխանատվության մասին։ Պրն Կանտերի կարծիքով, լրատվամիջոցներն ու շահագրգիռ անձինք չեն իրականացրել իրենց գործը, եւ մտավախություն ունի, որ խիստ վտանգի տակ է նաեւ ազատ, անկողմնակալ եւ օբյեկտիվ լրատվամիջոցների զարգացումը։
Հայտարարությունն ավարտվում է «Ինտերնյուսի» առաքելության բնորոշմամբՙ հզորացնել անկախ լրատվամիջոցները եւ լրագրողների համար ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի արհեստավարժ, օբյեկտիվ ու ազնիվ տեղեկատվության տարածմանը։
Հենց այս տողերից ելնելով մտածում եսՙ «Ինտերնյուսը» նո՞ր է հասկանում, որ վաղուց արդեն, 2¬3 տարուց ի վեր, Հայաստանում լրատվամիջոցները վերածվել են քարոզչամիջոցների եւ դրա մեջ մեղքի մեծագույն մասն ընկնում է այսպես կոչված ընդդիմադիր մամուլի վրա, որ անպատասխանատվության բացառիկ օրինակներ տվեց այդ ընթացքում։ Օրինակներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում Մ. Նահանգներում դատարանի վճռով կսնանկանային դրանք։ Բնականաբար, այդ վիճակն ունենալու էր իր հակազդեցությունը, որի արդյունքում այժմ ունենք այն, ինչ ունենք։
«Ինտերնյուսը» եւ միջազգային մյուս կազմակերպությունները ժամանակն է, որ մտածեն լրատվամիջոցների ոչ թե հայհոյելու ազատության, այլ իսկական անկախության մասին, որի դեպքում լրատվամիջոցները կախում կունենան միայն իրենց լսարաններից։