«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2003-02-28 | #40, 2003-03-01 | #41, 2003-03-03


ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ ՀԱ՞Յ Է... ԻՍԿ ՉԱՐԵՆՑՆ ՈՒ ԹՈՒՄԱՆՅԱ՞ՆԸ

Մենքՙ հայերս, մեզ համարում ենք խելացի եւ տաղանդավոր ազգ, առիթը բաց չենք թողնում պատեհ եւ անպատեհ առիթներով հպարտանալու հայ նշանավոր, տաղանդավոր մարդկանցով։ Եվ աշխարհն էլ յուրաքանչյուր ազգի, հայերին նույնպես, ճանաչում է նրա հանճարներով։ Սակայն հիմա մենք պետք է հրաժարվենք մեր տաղանդներից, քանի որ նրանք հայաստանցի չեն, առավել եւսՙ երեւանցի։ Հայոց մայրաքաղաքի բնակիչները մարդկանց տարբերակում են մի քանի տեսակի. երեւանցիներն ազնվականներ են, ոչ երեւանցի հայաստանաբնակներնՙ արհամարհանքի արժանի ինչ-որ գեղացիներ, ռայոնցիներ։ Ղարաբաղցիները թուրք են, արտասահմանում ապրողներըՙ ախպար։ Կարեւոր չեն համարում հիշել, թե ինչպես են իրենք դարձել երեւանցի, թե ինչու է սփյուռք առաջացել, ինչու է Ղարաբաղը հայտնվել Ադրբեջանի կազմում եւ էլի շատ բաներ։ Սակայն հպարտանում են, օրինակ, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանով, մոռանալով, որ նա հայաստանցի չէր (թիֆլիսեցի է)ր։ Հպարտանում են նաեւ կիսով չափ հայ, մոր կողմից ղարաբաղցի Գարի Կասպարովով, մարշալ Հովհաննես Բաղրամյանով, որը նույնպես ղարաբաղցի է, հետեւաբարՙ թուրք։ Զարմանալի է, թե երեւանցիներն ինչպես են հանդուրժում, որ այդ »թուրքի» անունով կոչվի Երեւանի գլխավոր պողոտաներից մեկը։ Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե Երեւանի փողոցները կոչեին հնաբնակ երեւանցի դուքանչիների անուններով, որովհետեւ ոչ Թումանյանը, ոչ Սայաթ-Նովան, ոչ Օրբելիները, ոչ Չարենցը, Ալիխանյան եղբայրները, Խաչատրյանը, Սարյանը, Նժդեհը, Թամանյանը, Աբովյանը, Կոմիտասը եւ մյուսները երեւանցիներ չէին։ Նրանցից շատերն այսօրվա Հայաստանից էլ չէին։ Հայոց հանճարներից քանի՞սն են երեւանցի։ Երեւանցիներն ինչո՞ւ չեն մոռանում հայ հանճարներին, չէ՞ որ նրանք քաղաքի տղերք չէին (երեւանցիների համար քաղաք է միայն Երեւանը)։ Եվ վերջապես, երեւանցիները եկվորներ են, շատերի պապերը, շատերի էլ ծնողներն են Երեւանում բնակություն հաստատել։ Այսօր Երեւանում ծնվածները ցավալիորեն մոռացել են իրենց արմատները եւ ամբարտավանորեն ղարաբաղցուն թուրք են անվանում։ 1915 թ.-ից հետո, երբ Արեւելյան Հայաստանում էին ապաստանել Եղեռնից փրկված հազարավոր հայեր, տեղացիներըՙ արեւելահայերը, նրանց վերաբերվում էին որպես օտարի, գաղթական, թուրք էին ասում։ Սակայն աստիճանաբար այս ամենը հարթվեց, հաղթեց հայը։ Այսօրվա երեւանցիներից շատ-շատերն են արեւմտահայեր, արդյոք լա՞վ էր, արդարացի՞ էր յաթաղանից փրկված իրենց պապերին թուրք անվանելը։ Չե՞ք զգում նրանց հասցված ցավը։ Այժմ պատմությունը կրկնվում է։ Հայաստանում եւ հատկապես Երեւանում ծնված արեւմտահայի ժառանգն է ղարաբաղցուն, բաքվեցուն, սումգայիթցուն թուրք կոչում։ Ամեն տարի ապրիլի 24-ին հիշում ենք Եղեռնի զոհերին, հիշում ենք մեր պապերին, պահանջում ենք, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հիշում ենք նաեւ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը։ Սակայն այսօրվա երեւանյան գավառական մտածողությամբ եթե դատելու լինենք, պիտի մոռանանք Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերը, քանի որ այդ ողբերգությունները տեղի են ունեցել ոչ այսօրվա Հայաստանում։ Ինչո՞ւ ենք հպարտանում Վենետիկի Մխիթարյաններով, արեւմտահայ բանաստեղծներով, սփյուռքահայ գործիչներով, չէ՞ որ նրանք նույնպես երեւանցիներ չեն։ Հաճախ ենք երեւանցիներից լսում, թե ղարաբաղցիները թող գնան իրենց երկիրը։ Թող գնան Ղարաբաղ։ Եթե երեւանյան մտածողությամբ առաջնորդվենք եւ մի քիչ խորանանք, պիտի ասենքՙ ամեն մարդ թող գնա իր երկիրը։ Օրինակ, արեւմտահայերը թող գնան Արեւմտյան Հայաստան։ Սկսենք փորփրել, ովքեր այսօրվա Հայաստանից չեն, վտարենք։ Ղարաբաղցիների, տավուշցիների, սյունեցիների, լոռեցիների բախտն այստեղ բերում է, երեւանից գնալու տեղ ունեն։ Իսկ մյուսները, մյուս երեւանցիներն ի՞նչ են անելու, ո՞ւր են գնալու։ Ե՞րբ պիտի հասկանանք մի շատ պարզ բան, որ Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորում ապրելու իրավունք ունի յուրաքանչյուր հայ։ Ղարաբաղն էլ մեր հայրենիքի մի մասն է, բայց, ի տարբերություն Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի, ազատագրված է, որի համար ազգովին շատ թանկ ենք վճարել։ Ղարաբաղն ու ղարաբաղցուն օտար համարելով մենք մեզ ենք կործանելու։

Գուցե ՀՀ կրթության նախարարությունը միջամտի, որպեսզի հատկապես Երեւանի դպրոցներում ավելի շատ ուսուցանվեն հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, հայ գրականություն եւ հայ մշակույթի պատմություն։ Գուցե պորտապարերով, թուրքի կլկլոց ռաբիսով համեմված գավառական մտածողությունն իր տեղը զիջի հայի՛ մտածողությանը։

Ա. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4