«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2003-02-28 | #40, 2003-03-01 | #41, 2003-03-03


ՄԻ ՏԵՍԱԿ ԿԱ, ՈՐ ՄԻՇՏ ԿԵՆՍՈՒՆԱԿ Է

Սահմանային վարքագիծ

Հաշված օրեր են մնում նախագահական ընտրությունների երկրորդՙ առավել շիկացած ընթացք ենթադրող փուլին։ Ոչ միայն նախագահի թեկնածուներն, այլեւ ողջ հասարակությունը համակված է հուզական ծայրահեղ լարվածությամբ, որ բնորոշ է սահմանային իրավիճակում գտնվող ցանկացած խնդրի լուծմանը։ Այս փոքրիկ, միջանկյալ ժամանակահատվածը, ինչպես երբեք, ունակ է երեւան հանել գործընթացի ակտիվ եւ նույնիսկ էպիզոդիկ դերակատարների իրական դեմքը։

Մարդկային գործողությունները շատ հաճախ ղեկավարվում են արտաքուստ ազնիվ, իրականում ստոր շարժառիթներով, որոնք ի հայտ են գալիս հենց սահմանային իրավիճակներում։ Լրագրողական նեղլիկ միջավայրը մեր հասարակական օրգանիզմի ընդամենը մի փոքրիկ բջիջն է, սակայն կուսակցական տուրեւառումների կարեւորագույն դերակատար, նույնպես ենթակա է սահմանային ցնցումների։ Ո՞վ է հաղթելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Մեր պատմության համար պատմական արժեք կրող այս հարցն այս պահին թերեւս ճակատագրական է դարձել նաեւ լրագրողական այս կամ այն ճամբարը ներկայացնող անձանց համար։ Ընդդիմադիր թերթերից մեկը ներկայացնող այսպես ասած «BTP» լրագրողուհիներից մեկն, ի զարմանս շրջապատի (թեկնածուների քարոզարշավը լուսաբանելու ընթացքում լրագրողները, հակառակ թեկնածուների թշնամական անհանդուրժողականության, ջերմությամբ են վերաբերվում իրար), հանկարծ հայտարարեց, որ իր ոչ միայն նախընտրած, այլեւ համակրելի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, եւ որ ինքը միայն աշխատանքի «բնույթով» է ստիպված սեւացնել նրան։ Այդ լրագրողուհու «անկեղծ» խոստովանությունը գուցե թե մոռացվեր եւ ընդամենը կանացի բնավորության տարօրինակ դրսեւորումներից մեկը համարեի, եթե հենց հաջորդ օրը նման բան չլսեի այս անգամ գործող նախագահին ակնհայտ սատարող մեկ այլ օրաթերթի նույնպես առաջնագծում գտնվող լրագրողներից մեկից։ Վերջինս հայտարարեց (ՀՀ նախագահը նրան անձամբ է ճանաչում եւ լրագրողների հետ հանդիպումների ժամանակ զգացվել է հատուկ վերաբերմունքը նրա նկատմամբ), որ ինքն էությամբ ընդդիմադիր լրագրող է, եւ խիստ հարաբերական է այս կամ այն կուսակցական թերթում աշխատող լրագրողների մասին դատել միայն նրանց գրածներով։ Նույն կերպ օր առաջ, հեռուստատեսության մեկ այլ ակտիվ թղթակից, «Ինտերնյուս» կազմակերպության հրավիրած ասուլիսի ժամանակ, վրդովմունք արտահայտեց հեռուստաալիքների (նաեւ իրենց նկատի առնելով) միակողմանի մեկնաբանումների առթիվ։

Թերեւս պարզ է այն ճշմարտությունը, որ հասարակության մեջ քիչ են նվիրյալ, սկզբունքային անհատները։ Հակառակ դեպքում մարդկությունն այդքան տառապանքներ ու փորձություններ չէր կրի, մեր երկիրը եւս։ Ցանկացած իրադրությունում «ճիշտ» կողմնորոշվող այդ անձինք կարողանում են արագ գունափոխվել ու հարմարվել նոր իշխողների պահանջներին։ Այդ տեսակը միշտ կենսունակ է ու մշտապես լավ է զգում իրեն։ Գուցե նրանց առաջնորդները, որոնք այս պահին, համենայն դեպս, չեն դավաճանում կամ չեն փորձում հեռանալ իրենք իրենցից, ավելի սթափ լինեն ու նայեն իրենց շուրջըՙ ովքե՞ր են շրջապատում իրենց ու ինչպիսի՞ վարքաձեւ են դրսեւորում։ Ովքե՞ր են արդեն, դեռ ջրերը չպարզված, մորթը փոխելովՙ ողջունում նոր աստվածների ուրվականների։ Նրանց մի մասը հաշվենկատորեն լքել է ակտիվ գործունեության ասպարեզը, իրադրությունների կենտրոնում քիչ թե շատ երեւալու վտանգից հեռու է պահում իրեն, եւ անպայման կաշխուժանա ջրերը պարզվելուց հետո։ Մեղանչում ենք, որ առնետավազքն ու քամելիոնությունը այդ խեղճ կենդանիների մենաշնորհն ենք համարում։ Մարդկային տեսակները գերազանցում են նրանց, ավելինՙ եթե այդ կենդանիների համար դա բնազդային ու ֆիզիոլոգիական հատկանիշ է, մարդիկ գիտակցաբար են դիմում այդ վարքաձեւին, լինեն նրանք կուսակցական գործիչներ, պաշտոնյաներ թե ընդամենն իշխանական կերատաշտի փշրանքներով սնվող չինովնիկների մանր խմբեր։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4