Նախընտրական տրամադրությունների խճապատկերից
Երկրորդ փուլին նախորդող այս վերջին օրերին ի՞նչ են մտածում հասարակ մահկանացուները, հասարակ ընտրազանգվածը, ում կենսապայմանն այդպես տրամագծորեն կախված է իշխանափոխությունից։ Հավատարի՞մ են մնում իրենց թեկնածուին, ում համար քվեարկել էին առաջին փուլում, թե՞ ոչ, եւ ի՞նչ հույսեր են կապում նրանց հետ։ Պատահական, չկանոնակարգված հարցումները սոցիոլոգիական ճշմարտության երեւան հանելու հավակնություն չունեն, համենայն դեպս հետաքրքիր են սահմանային այս պահի տրամադրությունները պարզելու տեսանկյունից։
Գուրգեն Հակոբյան (կաթ ու մածուն վաճառող)¬ Իմ ընտրած թեկնածուն Գեղամյանն էր, հիմա ընտանիքով չենք ուզում որեւէ մեկին ձայն տալ։ Երասխում եմ ապրում, սահմանամերձ գյուղ էՙ աշխարհից կտրված։ Անգամ խմելու ջուրը դույլը 25 դրամով ենք առնում։ Ավելի լավ է մեզ գրանցեն հարեւան Սադարակի վրա, որ տեր լինեն։
Նելլի Շահմուրադյան (տնային տնտեսուհի)¬ Առաջին փուլում Դեմիրճյանին եմ ընտրել, երկրորդում էլ եմ ընտրելու։ Ինքն իր հոր տղեն է, էդ ընտանիքի զավակը, մի բան կանի։
Իվետա Սարգսյան (բժշկուհի)¬ Արցախ ¬Հայաստան վերամիավորման խնդրի լուծումը Ռոբերտ Քոչարյանի մեջ եմ տեսնում։ Գնահատում եմ խելքը, փորձը, հիանում եմ արտաքին հարաբերություններում դրսեւորած պահվածքով։ Ուրիշ բան է գործունեությունը, բայց դիվանագիտական կեցվածքը, ինձ թվում է, համակրանք է ներշնչում նույնիսկ օտարներին։ Նաեւ հմուտ ճարտասան է, իսկ Դեմիրճյանը, տեսնում ենք, վատ հռետոր է։ Առաջին դեմքի համար դա շատ կարեւոր է, թեեւ հայտնի չէ, իհարկե, իբրեւ նախագահ Դեմիրճյանն էլ ինչպիսին կլինի։
Մելանյա Մարտիկյան (ֆիզիկոս)¬ Առաջին փուլում Քոչարյանին եմ ընտրել, հիմա էլ պատրաստվում եմ նրան ընտրել։ Քանի որ առիթ եղավ, ուզում եմ մի բան ասել, գործող նախագահի նախընտրական քարոզչությունը սխալ հունով գնաց, միագիծ. եւ իմ կարծիքով, հատկապես հեռուստաալիքները արջի ծառայություն մատուցեցին։ Նախապես պետք էր աշխատել խելամիտ քարոզչություն կազմակերպելու համար, զգացվում է, որ ոչինչ չէր արվել։
Տանյա Թումանյան (ուսուցչուհի)¬ Ոչ ոքի չեմ ընտրելու, ո՞վ է իմ մասին մտածում, որ ես իրենց մասին մտածեմ։
Շուշան Գրիգորյան (կիտրոն ծախող)¬ Ես ձայնի իրավունք չունեմ, գրանցված եմ, բայց ոչ ոք չի հաշվառել ինձ, վարձով եմ ապրում։ Ով էլ լինի նախագահը, ինձ ի՞նչ... 50 տարեկան կին եմ, լիմոն ծախելով գլուխ եմ պահում։ Իմ վիճակը փոխվելո՞ւ է...
Ժենյա Հակոբջանյան¬ Ես նախկին հհշական եմ, հիանալի աշխատանք ունեմ, առաջին փուլում Գեղամյանին եմ պաշտպանել, երկրորդ փուլում որոշել էի պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, բայց ինձ զայրացրեց Քոչարյանին սատարող Ալվարդ Պետրոսյանի 2 օր առաջվա հեռուստատեսային ելույթը։ Եթե Հայոց համազգային շարժման գաղափարախոսությունը ապազգային է, իրե՞նցն է ազգային։ Ընդհանրապես, գործող նախագահի կողքին կանգնածներից շատերը ինձ դուր չեն գալիս։
Սոնա Հակոբյան (ասպիրանտ)¬ Քոչարյանին եմ ընտրել եւ ընտրելու եմ։ Ինքն ինձ նաեւ իբրեւ տղամարդ է (ծիծաղում է) դուր գալիս։
Անուշ Իսկանդարյան (գործավարուհի)¬ Առաջին փուլում Դեմիրճյանին եմ ընտրել, հիմա երկուսին էլ դեմ եմ քվեարկելու։ Դեմիրճյանին որպես քաղաքական գործչի չեմ տեսնում, կարծում եմ մի պահ սխալվեցի ձայնս նրան տալով։ Ոչ մեկին հավատ չեմ ընծայում։
Մուրացկան կին¬ Էլի էդքան շա՞տ են թեկնածուները...
Լենա Ասատրյան (ճարտարապետ)¬ Քոչարյանին եմ ընտրել, նորից նրան եմ ձայն տալու։ Ես զինվոր ունեմ Ղարաբաղում ծառայող, ես խաղաղության ու կայունության կողմնակից եմ։ Իհարկե, չեմ ասում, որ Դեմիրճյանը կամ որեւէ այլ ոք պատերազմ կարող է ցանկանալ, բայց մինչեւ գործի մեջ մտնի, չգիտեմ ինչ կլինի։ 5 տարի տեսել եմ, թե ինչպես է աշխատում նախագահը, ի՞նչ իմանամ, նորն ի՞նչ կանի, Ղարաբաղի հարցում նրա անփորձությունը չի՞ վնասի իմ տղային։ Իմ կարծիքով, բանակում զինվոր ունեցող բոլոր մայրերն այդպես են մտածում։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ