«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2003-02-28 | #40, 2003-03-01 | #41, 2003-03-03


ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ նախագահի հետ զրույցում անդրադարձել է վարչական կալանքի տակ գտնվող չարտոնված երթերի մասնակիցներին ազատ արձակելու խնդրին, ինչը դրական արձագանքի է արժանացել երկրի ղեկավարի կողմից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում այսօր հայտնեց Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն, ըստ ՀՀ նախագահի, ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի դատարանը, որի առնչությամբ Գարեգին երկրորդը դիմել է նաեւ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ «Ես շատ նորմալ են նայում, երբ եկեղեցին նման պահերին փորձում է դերակատարություն ունենալ։ Կարծում եմ, սա ճիշտ քայլ էր Վեհափառ հայրապետի կողմից, եւ հուսով եմ, որ դատարանը համապատասխան որոշումներ կկայացնի», ասաց հանրապետության նախագահը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հանրապետությունում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների կապակցությամբ, ՀՀ առաջին ատյանի դատարանների կողմից մի շարք անձանց նկատմամբ չարտոնված միտինգներին եւ երթերին մասնակցելու համար նշանակվել են վարչական տույժի միջոցներ, այդ թվումՙ զանցառուների մի մասը ենթարկվել է վարչական կալանքի մինչեւ 15 օր ժամկետով, իսկ մի մասըՙ տուգանքների։

Ըստ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի, վարչական կալանքի ենթարկված անձանց մի մասը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահինՙ իրենց նկատմամբ նշանակված վարչական տույժի միջոցըՙ կալանքը, ավելի մեղմ տույժով փոխարինելու համար։ ՀՀ վարչական օրենսգրքի 294 հոդվածի դրույթներից ելնելով, վերանայվել են առաջին ատյանի դատարանների կողմից կայացված որոշումները եւ մարտի մեկի երեկոյան արդեն 32 անձի նկատմամբ փոխվել էր նշանակված վարչական տույժըՙ կալանքը, եւ նշանակվել տուգանքներ։

Տիգրան Սահակյանի խոսքերով, առաջին ատյանի դատարանների որոշումների վերանայման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նշված անձանց գերակշիռ մասը դիմում-բողոքներում նշել է, որ զղջացել է իր կատարածի համար։ Բացի այդ, նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նրանց զգալի մասն իր խնամքին ունի բազմանդամ ընտանիքներ, անչափահաս երեխաներ։ Նա առանձնահատուկ ընդգծեց, որ վերանայման համար հիմք է հանդիսացել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4