Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 1-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, դռնփակ նիստում քննարկել է «Երկրի տարածքում 62 հազար ամերիկյան զինվորների տեղակայման եւ հակաիրաքյան պատերազմին թուրքական զինված ուժերի մասնակցության մասին» կառավարական օրինագիծը։ Քննարկումը տեւել է 3,5 ժամ, ապա պատգամավորները քվեարկել են։
550 տեղանոց Մեջլիսում քվեարկությանը մասնակցել են 553 պատգամավորներ, որոնցից 263-ն օրինագծին կողմ են քվեարկել, 251-ըՙ դեմ, իսկ 19 պատգամավորներՙ ձեռնպահ։ Քանի որ Մեջլիսում օրինագծի հաստատման համար անհրաժեշտ է ձայների բացարձակ մեծամասնությունը, որը հավասար է պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ին, ուստի դա միանշանակ մերժվել է։ Մինչդեռ երկկուսակցական իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը պատգամավորական 363 տեղ ունի։ Ուրեմն, կուսակցության 100 պատգամավորներ հակադրվել են կառավարական օրինագծին կողմ քվեարկելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջին։
Օրինագծի նկատմամբ Մեջլիսի բացասական վերաբերմունքը, որտեղ բացարձակ մեծամասնություն ունի վերոհիշյալ կուսակցությունը, ծանր կացության մեջ է դրել ինչպես կուսակցության խմբակցությանը, այնպես էլ նրա ձեւավորած կառավարությանը։ Այսպիսով, հակաիրաքյան պատերազմում ԱՄՆ-ին աջակցելու շուրջ ծավալվող թուրք-ամերիկյան բանակցությունները կանգնել են փակուղու առջեւ։
Քվեարկության արդյունքները, ըստ թուրքական մամուլի, անակնկալի են բերել իշխող կուսակցությանը, ինչպես նաեւ Աբդուլլահ Գյուլի կառավարությանը։ Ինչ վերաբերում է պաշտոնական Վաշինգտոնին, ապա նա կատարյալ հիասթափություն է ապրել։ Այդ ընթացքում Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչը քվեարկության ավարտին հայտարարել է, որ արդյունքներին պետք է ըմբռնումով մոտենալ, եւ իշխանությունից պահանջել է հետամուտ լինել օրինագծի նկատմամբ պատգամավորների դիրքորոշմանը։
Թե ինչ ընթացք կունենան թուրք-ամերիկյան տարաձայնությունները, ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս, Մեջլիսի վերոհիշյալ նիստի ավարտին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելը զանգահարել է վարչապետ Գյուլինՙ ասելով. «Այդ ի՞նչ եք անում»։ Իսկ Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Փիրսոնը, որին քվեարկության արդյունքի մասին պաշտոնապես տեղեկացնում է թուրքական կառավարությունը, հայտարարել է. «Հույս ունեինք, որ Մեջլիսը կհաստատի հակաիրաքյան պատերազմում ԱՄՆ-ին աջակցելու կառավարական օրինագիծը»։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ