ՎԱՏԻԿԱՆ, 1 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Առաքյալների պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով իր հրավերն ընդունելու համար, Հռոմի պապը նշել է, որ հաճույքով է հիշում Հայաստանում անցկացրած օրերը եւ խնդրել է ջերմ ողջույններ հաղորդել իր բարեկամինՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նա իր սրտագին զգացմունքներն է հաղորդել քրիստոնեությունը պետականորեն ճանաչման 1700-ամյակը նշած հայ ժողովրդին, նշելով, որ դեռ աշակերտական տարիներին նույն նստարանին է նստել մի հայ տղայի հետ, որին մինչ օրս հիշում է։
Օրհնելով Արա Աբրահամյանինՙ ծավալած ազգանվեր գործունեության համար, պապը նշել է, որ Համաշխարհային հայերի միություն ստեղծելով, էլ ավելի կհամախմբվի աշխարհասփյուռ հայությունը։ Հռոմի պապը Ռուսաստանի հայերի միության նախագահին է հանձնել Վատիկանի բարձրաստիճան պարգեւը։ Այն ընդունելով, Արա Աբրահամյանը հավաստիացրել է, որ կշարունակի ամեն ինչ անել, ինչպես Կովկասում, այնպես էլ աշխարհում կայուն խաղաղության հասնելու կարեւոր խնդրի իրագործմանը նպաստելու համար։
Հռոմի պապն ընդունել է Ռուսաստան այցելելու եւ տեղի երկուսուկես միլիոնանոց համայնքի հետ հանդիպելու հրավերը։