«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2003-03-01 | #41, 2003-03-03 | #42, 2003-03-04


ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՑ ԱՌԱՋ

«Երկրապահները վճռականորեն են տրամադրված տեր կանգնելու ազատ ընտրություն կատարելու ժողովրդի իրավունքին», այսպիսի տեղեկություն հրապարակեց ընդդիմությանՙ երեկ կայացած հանրահավաքի առաջին բանախոսըՙ Ալբերտ Բազեյանը։ Նա ընթերցեց ԵԿՀ քաղաքային ու մարզային կառույցների ղեկավարների հայտարարությունն այս առթիվ, որում նրանք հավաստում են երկրորդ փուլին մասնակցելու ակտիվության մասին եւ խոստանում այս կարեւոր ժամանակահատվածում էլ լինել ժողովրդի կողքին։

Հանրապետության հրապարակում հավաքված միտինգավոր ընտրազանգվածին հաջորդ ողջունողն Օհան Դուրյանն էր։ Մեջբերելով ֆրանսիական ասացվածքը, թե միայն փողոց իջնելով կարելի է հաղթանակի հասնել, նա անվերջ մեղադրանքներ էր տեղում ՀՀ նախագահի նկատմամբ։ Վերջում էլ խորհուրդ տվեց, որ եթե Ռ. Քոչարյանն ուզում է պատվով մնալ պատմության մեջ, թող թողնի, հեռանա։

Հետո միտինգավարը, իր բնորոշմամբ, «զավեշտական տեղեկատվություն» հրապարակեց, թե ամերիկյան մաքսային ծառայությունները ձերբակալել են Հենրիկ Իգիթյանին։ Այս լուրը բազմությունը հրճվանքով ընդունեցՙ խոսքը մյուս թեկնածուի աջակցի մասին էր։

Անդրօվկիանոսյան այս տեղեկատվությունը լրացվեց նաեւ Լոս Անջելեսում կայացած միտինգի մասին տվյալներով, ուր «30 հազար հայեր իրենց զինակցությունն են հայտնել Ս. Դեմիրճյանին» («Ազգ»-ի տվյալներով նրանց թիվը տատանվել է 5000-10000-ի միջեւ)։

Ստեփան Դեմիրճյանի քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչներըՙ Արամ Գ. Սարգսյանն ու Շավարշ Քոչարյանն իրենց ելույթներում հավաստիացրին, որ պատրաստ են վերցնել պատասխանատվության բեռն այս երկրի ապագայի համար։ Ըստ Ա. Գ. Սարգսյանի, միայն նոր իշխանությունը կարող է մաքրել երկրի «ավգյան ախոռները»։

Հանրահավաքը ստեպ-ստեպ ընդմիջվում էր հետաքրքրաշարժ տեղեկություններով, որը ժողովուրդը, իբրեւ աղանդեր, հաճույքով էր ընդունում։ Միտինգավարը հայտարարեց, թե Սեւանի կալանավայրից ազատ է արձակվել Գարսո անունով մի հանցագործ, որ հիմա շրջում է Աշտարակում եւ փորձում համախմբել թաղային հեղինակություններինՙ Քոչարյանին պաշտպանելու համար։

Վազգեն Մանուկյանի ելույթը, հակառակ այս գործչի փորձառության, համակված էր հոռետեսությամբ. «Չար իշխանություն է ձեւավորվել Հայաստանում, որ վրեժխնդրությամբ է լցված ամեն ընդդիմադիր կեցվածքի հանդեպ»։ Եթե այս իշխանությունը մնա, ըստ Վ. Մանուկյանի, կլինի վրեժխնդիր եւ անհանդուրժողական իշխանություն։ Վազգեն Մանուկյանի նախկին թիմակից Արշակ Սադոյանն էլ խորհրդանշական ու լավ նշան համարեց, որ ընդդիմության հանրահավաքը տեղի է ունենում Հանրապետության հրապարակումՙ կառավարության շենքի կողքին, որ հետո իրենց կառավարությունն է լինելու։

Ստեփան Դեմիրճյանի քաղաքական գվարդիայի նորահայտ կերպարըՙ Արամ Կարապետյանը կրկին մարտական ոգեւորվածության մեջ էրՙ «Էդ ո՞ւմ եք հուպ տալու, ընենց հուպ տանք, որ մազերներդ բիզ-բիզ կանգնեն»։ Նույն տրամադրվածությունն ուներ եւ Արամ Զ. Սարգսյանը։ Նա կրկին ընդգծեց այն փաստը, ինչ միտինգի սկզբում հայտարարել էր Ալբերտ Բազեյանըՙ երկրապահն ավելի ակտիվ մասնակցություն է ցուցաբերելու երկրորդ փուլում։ Եվ կոչ արեց բոլորին ընտրությունների օրը, ժամը 20.00-ին երկրապահների հետ հավաքվել ընտրատեղամասերում ու թույլ չտալ, որ «կեղծիքների որեւէ փորձ արվի»։

Հանրահավաքի կենտրոնական դեմքինՙ Ս. Դեմիրճյանին, որի անունը ստեպ-ստեպ վանկարկվում էր, ավելի շատ մտահոգում էր երկու թեկնածուների բանավեճի թեման։ Նա ասաց, որ «մյուս թեկնածուի» հետ բանավեճից ինքը չի խուսափել նաեւ առաջին փուլում։ Բայց ոչ թե միջնորդավորված, 6 հեռուստաընկերությունների լրագրողների մասնակցությամբ, այլ դեմ առ դեմ բանավեճից։ Թե չէ այդպես մամուլի ասուլիս է ստացվում, որ ինքը կարող է հրավիրել նաեւ իր գրասենյակում։ (Ի դեպ, ԿԸՀ-ից մենք տեղեկացանք, որ դեռեւս փետրվարի 27-ին բանավեճի ֆորմատի վերաբերյալ տեղեկանք է ուղարկվել երկու թեկնածուներին եւ այն ժամանակ Ս. Դեմիրճյանի շտաբը որեւէ առարկություն չի ներկայացրել)։

Ս. Դեմիրճյանի խոսքից անմիջապես հետո բազմությունը սկսեց ցրվել։ Եվ Ա. Բազեյանի եզրափակիչ ելույթի ակորդներն արագ խլանում էին հրապարակը լքողների լսողության մեջ։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4