«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2003-03-01 | #41, 2003-03-03 | #42, 2003-03-04


ՆԵՐՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՊԱՏՃԱՌ

2002 թ. մայիսից ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում ուղեւորների հաշվառում է կատարվումՙ որքան մարդ օդային կամ ցամաքային ճանապարհով մուտք գործեց երկիր, որքանը դուրս եկավ, եւ այս տվյալներն ամեն ամիս փոխանցվում են ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչություն։ Տվյալները մոտավոր են, այնուամենայնիվ, պատկերացում են տալիս արտագաղթի ծավալների մասին։ Նման հարցերի մասին զրուցեցինք վարչության պետ Գագիկ Եգանյանի հետ։ Այսպես, ըստ 2000 թ. ամփոփ տվյալների, միգրացիոն բացասական սալտոն եղել է 57499 մարդ, 2001-ինՙ 60389։ Գագիկ Եգանյանի խոսքով, իրավիճակը փոխվել է 2002-ին։ Երկրից դուրս եկողների թիվը մուտք գործողների համեմատ շատ է եղել ընդամենը 2719 մարդով։ Թեեւ սալտոն դեռեւս բացասական է, այնուամենայնիվ, նախորդ տարիների տասնյակ հազարների համեմատ թիվը գրեթե զրոյական է։ Սա ճշգրիտ հաշվարկ է, որը երկրից արտագաղթի եւ ներգաղթի վերաբերյալ որոշակի պատկերացում է տալիս։ Բավական է միայն ասել, որ 1992¬93 թթ., երբ արտագաղթողների թիվն ամենաշատն էր, միգրացիայի բացասական սալտոն կազմում էր 150¬200 հազար։ Որոշ հետաքրքրական տվյալներն էլ ներկայացրեց պրն Եգանյանը։ 2002 թ. հունվարին հանրապետությունից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թվին 4,6 հազար մարդով, որը 3,1 հազարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից։ Բացասական սալտոյի կրճատումն արձանագրվել է ուղեւորահոսքերի ծավալների 12 տոկոս աճի պայմաններում։ Իրավիճակը, սակայն, արդեն առաջիկա ամիսներին կփոխվիՙ բացասական իմաստով։

Անշուշտ, երկրից արտագաղթին նպաստողՙ արտամղող գործոններից են ՀՀ նախագահական ընտրությունների շուրջ կատարվող իրադարձությունները, եւ խնդիրը ընտրությունների մեջ չէ, այլ այն լարվածության մեջ, որ առաջացել է այս օրերին։ Սա անպայման երկրից արտագաղթողների թվի ավելացում կարձանագրի։ Նրանց համար, ովքեր տատանվում էինՙ մեկնել, թե ոչ, այս իրադարձությունները խթան կլինեն ճամպրուկները կապելու համար։ Նույնիսկ եթե ընտրությունները քաղաքակիրթ ճանապարհով ընթանան, այսուհետեւ միգրացիայի ծավալների աճից հնարավոր չի լինի խուսափել։

Այս մտավախությունն է նշում նաեւ Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը։ Նրա խոսքով, անհրաժեշտ էր, որ ընտրություններն անցնեին հոգեբանորեն ավելի հավասարակշիռ իրավիճակումՙ առանց այս կամ այն թեկնածուի կողմնակիցներին միմյանց դեմ թշնամացնելու։ Իսկ այս պայմաններում մենք մարդիկ ենք կորցնում, բիզնես, կապիտալ ենք արտահանում, ու այս իրավիճակի հետեւանքները երկրի համար ցավալի կարող են լինել։

Թերեւս կարեւոր է այն գիտակցությունն իրար դեմ թշնամացողների համար, որ ընտրություններն անցնելու են, եւ մենք նորից մնալու ենք բարեկամներ, հարեւաններ, ընկերներ, մի խոսքովՙ նույն ազգի ներկայացուցիչներ։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4