Հայաստանի մտավորականության նկատմամբ վերջերս վերստին սաստկացած վարկաբեկման արշավը երեկ նոր դրսեւորում ստացավ, երբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հանդիպումը վարող Վարդան Խաչատրյանը որպես «հրատապ լրատվություն» ներկա բազմությանը հաղորդեց «ցնցիչ» լուրՙ օրերս Մ. Նահանգներ մուտք գործելիս մաքսանենգության համար ձերբակալվել է հանրածանոթ մտավորական, Գեղագիտական դաստիարակության կենտրոնի հիմնադիր տնօրեն Հենրիկ Իգիթյանը։
Առաջին իսկ հայացքից կասկածելի այդ «լուրը» ստուգելու համար ավելի ուշ զանգահարեցինք պրն Իգիթյանի տիկնոջը, որն ասաց, որ հենց քիչ առաջ է խոսել ներկայումս Լոս Անջելեսում գտնվող ամուսնու հետ, որ ապշած է իր հասցեին հնչած այդ զրպարտությունից։ Անշուշտ, ավելացրեց տկն Իգիթյանը, այդ «տեղեկությունը» բոլորովին հիմնազուրկ է եւ մեր ճանաչված արվեստաբանը Լոս Անջելեսում է գտնվում Էմիլ Գազազի գիրք-ալբոմի ձեւավորման համար։
Մեր կողմից ավելացնենք, որ Մ. Նահանգների մաքսատներում մարդկանց ձերբակալում են ընդամենը 2 պարագաներումՙ զենք-զինամթերք կամ թմրանյութ հայտնաբերելիս։ Չի թույլատրվում նաեւ հող, բույսեր, սերմ, պտուղ կամ ուտելիք մտցնել երկիր։ Թերեւս պրն Հ. Իգիթյանին սազական կլիներ Ամերիկա մտցնել լավաշի մեջ փաթաթած, ասենք, դոլմաներ։ Երեւանի հրապարակներում պայթող դոլմաներ...