«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2003-03-01 | #41, 2003-03-03 | #42, 2003-03-04


ԱՆՎԵՐՋ ՇԱՐԺՈՒՄ ԴԵՊԻ ԻՐ ԻՍԿ ԽՈՐՔԸ

«Ռուբեն Ադալյան. Ստեղծագործական ճանապարհի արձագանքներ» գրքի առիթով

1999 թվականի դեկտեմբերին լրացավ Ռուբեն Ադալյանի կյանքի 70 տարին, իսկ վերջերս «Վան Արյան» հրատարակչությունը լույս ընծայեց «Ռուբեն Ադալյան. Ստեղծագործական ճանապարհի արձագանքներ» գիրքը (կազմել է Պողոս Հայթայանը, խմբագիրՙ Սարո Սարուխանյան)։ Գիրքն ամփոփում է նկարչի հիսնամյա ստեղծագործական ճանապարհի արձագանքներըՙ մամուլում տպագրված հոդվածներ, վերլուծություններ, ակնարկներ, կարծիքներ։

Գրեթե կես դար, սկսած 20-րդ դարի 50-ական թվականներից, ստեղծագործում է գեղանկարիչ Ռուբեն Ադալյանը։ Արտաքին աշխարհին արձագանքելու պատրաստ այս արվեստագետի ստեղծագործությունը միշտ էլ դժվար է եղել, որովհետեւ նա ստեղծել է մտածողության մի բարդ համակարգ։ Դեռեւս 1974 թվականին մեր մշակույթի մեծագույն երախտավորներից մեկըՙ համաշխարհային արվեստի գիտակ Ռուբեն Դրամբյանը, ով անչափ ժլատ էր իր գնահատականներում, Ռուբեն Ադալյանի անհատական ցուցահանդեսի առիթով ասել է. «Ռուբեն Ադալյանի նկարչությունը հարստացրեց մեր պատկերացումը ամբողջությամբ վերցրած հայ արվեստի մասին, մեզ ցույց տվեց նրա նոր, համեմատաբար անհայտ կողմերը»։

Գեղագիտության մեջ միշտ էլ դժվար է եղել այն արվեստաբանների վիճակը, ովքեր զբաղված են նկարչությամբ ու երաժշտությամբ։ Եվ, եթե բոլոր ժամանակներում գրականագիտությունը կարողացել է համեմատաբար ամբողջականությամբ ներկայացնել գրականության ընթացքը, ապա հազվագյուտ դեպքերում է միայն նկարչության հարցերով զբաղված մասնագետը լիովին բացատրել նկարչի կամ նկարչության բոլոր նրբերանգները։ Մեզ ծանոթ են մեծագույն նկարիչների մասին գրված կենսագրություններ։ Ռուբեն Ադալյանն այսպիսի հզոր կենսագրություն ունենալու հավակնություն չունի։ Սակայն պետք էր այս գիրքը, պետք էր անկասկած, որովհետեւ Ռուբեն Ադալյանի կենսագրությունը շատ բանով բացատրում է հայ գեղանկարչության 20-րդ դարի երկրորդ կեսի ողջ ներկապնակը, այս ոլորտում կատարված արտաքին աշխարհի համար աննկատելի իրադարձությունները, ներքին հոսանքներն ու խութերը։ Ճիշտ է, Ռուբեն Ադալյանը երբեք էլ հայտնի չի եղել իր հասարակական անհանգիստ բնավորությամբ, հանդես չի եկել գովերգումներով ու բողոքներով, սակայն նրա ստեղծագործական ողջ կյանքը եղել է պայքար, պայքարՙ ինքն իր դեմ։ Մեծն Միքելանջելոյի մասին խոսելիս հաճախ կրկնվում է այն միտքը, որ նա պարզապես ազատել է Դավթին կամ Մովսեսին մարմարի ավելորդ կտորներից։ Ռուբեն Ադալյանի պարագայում համարձակվենք ասել, որ նկարիչը ճիգեր է թափել ազատվելու ավելորդ գծերից, գույներից, առավել եւսՙ զգացողություններից։ Ադալյանի նկարչությունը որքան էլ պրակտիկ է ու պաթետիկ, նույնքան լեցուն է խորհրդավորությամբ ու խորքերով։

Գրախոսվող գրքում, ինչպես ասացինք, ի մի են բերված մամուլում տպագրված հոդվածներն ու հարցազրույցները Ռուբեն Ադալյանի ստեղծագործության մասին։ Շատ ու շատ նյութերում, հատկապես արվեստաբանների ելույթներում շեշտվում է նկարչի բացարձակ պրոֆեսիոնալիզմը, խրոխտ ոգեղենությունն ու կատարման վիրտուոզությունը։ Հասկանալի է, որ այս ամենին Ռուբեն Ադալյանը հասել է երկար տարիների ընթացքում, համառ աշխատանքի շնորհիվ։ Այս իմաստով հետաքրքրական է բանաստեղծ Արտաշես Ղազարյանի մեջբերումը։ Անրի Մատիսը ժամանակին գրել է. «Սկսնակ նկարչին թվում է, որ ինքը հոգով է նկարում։ Կազմակերպվելուց հետո նկարիչը դարձյալ մտածում է, թե հոգով է նկարում։ Իրավացի է վերջինը, որովհետեւ վարժությունը եւ կարգապահությունը, որոնց ենթարկվել է նա, իրավունք են տալիս արդեն առաջնորդվելու սեփական մղումներով»։ Այս միտքը համարձակորեն կարելի է կիրառել Ռուբեն Ադալյանի ստեղծագործական ճանապարհը գնահատելիս, ինչը եւ արված է այս գրքում։

Գեղանկարչի կերպարի ամբողջացմանը նպաստել է եղբորՙ գրող, դրամատուրգ Նորայր Ադալյանի «Իմ եղբայր Ռուբեն Ադալյանը «Անշրջանակ դիմանկարի փորձ» հոդվածը։ Շուրջ տասնհինգ տարի Նորայր Ադալյանը մտահղացել էր այս հոդվածը, սակայն, ինչպես ինքն է ասում, մտածում էր, որ պատեհ չէր հասարակական դաշտում չափել, գնահատական տալ պորտալարով իրեն կապված հարազատի կյանքն ու գործը։ Բայց հաղթահարել է հոգեբանական այդ արգելքը եւ փորձել է պատկերել նկարիչ եղբոր ներքին ազատությունը։ Սոսկ փաստագրական թվարկումներ չէ այս հոդվածը, այլ ավելի շուտՙ բացատրություն։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Նորայր Ադալյանի որոշ մտքերին, սակայն վստահորեն պետք է ասել, որ Ռուբեն Ադալյան արվեստագետը շատ ավելի ճշմարիտ լույսի տակ է պատկերված։

Մի առիթով արվեստաբան Պողոս Հայթայանն ասել է. «Ռուբեն Ադալյանին ո՞ր սահմաններում կարելի է «տեղավորել»... դժվարին գործ է։ Նրա միտքն ու երեւակայությունը չունեն հանգրվան, ոճըՙ երկփեղկված կանոն, որոնք ունակ են երկարատեւ սնել նրան»։

Ահա այսպես էլ դժվար է մեկ գրքում ամբողջությամբ ներկայացնել գեղանկարիչ Ռուբեն Ադալյանին։ Ամեն դեպքում փորձը հաջող է ստացվել։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4