«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2003-03-01 | #41, 2003-03-03 | #42, 2003-03-04


ՄՈՎՍԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԴՊՐՈՑԸ

Մարդկային շարունակական զարգացման պաշտպանության ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը վերջերս Տավուշի շրջանի Մովսես գյուղում բացումն է կատարել ամբողջովին վերանորոգված, ընդարձակված եւ տեխնիկապես վերազինված մի դպրոցի, որտեղ սովորելու են 380 աշակերտներ, հաղորդում է վերոհիշյալ գրասենյակից ստացված հաղորդագրությունը։

Վերանորոգումն ընդգրկել է շենքի ամրացում եւ ընդարձակում, ջրի եւ սանիտարական համակարգերի խողովակների, տանիքի եւ հատակի, ինչպես նաեւ աստիճանների ու պատուհանների ամբողջական փոփոխություն։ Ավելացվել է նաեւ վառելիքով եւ գազով դասասենյակները տաքացնելու համակարգ։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակը Հայաստանում համագործակցել է Սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ ներդաշնակության ծրագրի գրասենյակի հետ, որոնցից առաջինը դպրոցական կահույքն է մատակարարել, իսկ երկրորդն ինտերնետին միացրած համակարգչային մի լաբորատորիա է նվիրել դպրոցին։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ հիմնվել է նաեւ դպրոցական խորհուրդ։

Բացման արարողությանը մասնակցել են տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Ջոել Բութրուն, Տավուշի շրջանի կառավարիչ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը եւ այլ միջազգային ու հայկական գրասենյակների ներկայացուցիչներ։

«Դպրոցի շենքն ավարտուն տեսքի է բերված այսօր, բայց դրանով չի ավարտվում գործը։ Լավ պատրաստված, ընդունակ եւ առողջ սերնդի դաստիարակման եւ կրթության ամենաբարդ գործը դեռ առջեւում է», նշել է Ջոել Բութրուն իր բացման խոսքում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4