Երկու զոհ եւ չորս վիրավոր
Երեկ առավոտյան Նոր Նորքի 9-րդ զանգվածից դեպի Բարեկամություն գնացող թիվ 10 երթուղային ավտոբուսը Մյասնիկյան պողոտայում վթարի է ենթարկվել։ Այդ մասին մանրամասն տեղեկանալու նպատակով դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որի պետի տեղակալ Արմեն Չարենցից ստացանք հետեւյալ տեղեկությունները։ Առավոտյան, ժամը 10.00-ի սահմաններում թիվ 10 երթուղային ՊԱԶ-672 մակնիշի 43ԼՏ652 պետհամարանիշի ավտոբուսն արգելակների խափանման հետեւանքով սրընթաց իջել է Մյասնիկյան պողոտայով։ Թիվ 9 տան դիմաց երթուղային ավտոբուսը բախվել է ՎԱԶ-2107 մակնիշի, 54ԼՏ117 պետհամարանիշով ավտոմեքենայի հետնամասին։ Այդ պատճառով «Ժիգուլին» անցնելով բաժանարար պատնեշի վրայով, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ մայթեզրի մոտ կանգ առել։
Իսկ ՊԱԶ ավտոբուսը շարունակել է սրընթաց իջնել պողոտայով, որի պատճառով ընդհարվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Կամազ 5111» մակնիշի 02ՕԼ167 պետհամարանիշով մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդ Գրիգոր Կոշկարյանը տեղում մահացել է, իսկ տոմսավաճառ Պողոս Լերեդյանը մահացել է քաղաքային շտապօգնության հիվանդանոցում։
Բժիշկների հսկողության տակ են ավտոբուսի 4 ուղեւոր, որոնցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են բավականին ծանր։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Ինչպես տեղեկացանք Երեւանի շտապօգնության գիտաբժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Նելսոն Հարությունյանից, երեկ բաժանմունք են բերվել 5 հիվանդներ։ Մեկըՙ ավտոբուսի տոմսավաճառը, հիվանդանոց բերվելուց 10 րոպե անց մահացել է։ Մյուսներըՙ մեկ տղամարդ, երկու երիտասարդ եւ մեկ մեծահասակ կին, ըստ բժշկի, բարվոք վիճակում են։ Կան կոտրվածքներ, կյանքի համար վտանգ ներկայացնող պրոբլեմներ չկան։
Առաջին հիվանդը հիվանդանոց է բերվել 10.55։ Իսկ վերջինըՙ 81-ամյա կինը, հիվանդանոց է հասցվել 11.30-ինՙ ձեռքի եւ կողոսկրերի կոտրվածքով։ Ինչ վերաբերում է հիվանդանոցում մահացած տոմսավաճառին, ապա, ըստ բժշկի, եղել է ներքին արյունահոսություն։ Հիվանդանոց բերվելուց հետո տոմսավաճառին հասցրել են ուլտրաձայնային հետազոտություն կատարել, որը ցույց է տվել, որ որովայնի խոռոչում մեծ քանակությամբՙ մոտ 2 լիտր արյուն է եղել։ Ըստ երեւույթին եղել է լյարդի պատռվածք։
Հիվանդանոց հասցված մյուս չորս հիվանդներին չեն վիրահատել, քանի որ դրա կարիքը չի եղել։ 81-ամյա կնոջ ձեռքը գիպս է դրվել, մյուս երկու երիտասարդ կանայք ուղեղի ցնցում ունեն, այլ լուրջ խնդիրներ չկան։ Ինչ վերաբերում է վիրավոր տղամարդու, նա գանգատվել է ոտքի ցավից, սակայն ռենտգենը ոչինչ ցույց չի տվել։ Հնարավոր է, որ նա այսօր դուրս գրվի հիվանդանոցից։
Մենք խոսեցինք նաեւ վիրավորներից երկուսի հետ։ Քալանյան Անահիտը մեզ պատմեց, որ ինքը նստած է եղել ավտոբուսի ձախ շարքի առաջին նստարանին, պատրաստվել է գազանանոցի մոտ իջնել ավտոբուսից եւ պարզել է, որ ավտոբուսի արգելակները չեն աշխատում։ Այնուհետեւ մեծ արագությամբ ընթացող ավտոբուսի այլ մեքենային բախվելը տկն Անահիտը չի զգացել։ Միայն ներքեւում տեսել է մեծ մեքենան, որին եւ բախվել ու կանգնել է ավտոբուսը։ Ըստ տկն Քալանյանի, թիվ 10 երթուղային ավտոբուսը ճանապարհի մի հատված էլ անցել է երկու անիվների վրա, այնքան մեծ է եղել արագությունը։ Այնպես, որ քիչ է մնացել ավտոբուսը գլորվեր։
Բեռնատար մեքենային բախվելուց հետո տկն Անահիտն ուժեղ ցավ է զգացել կրծքավանդակի եւ ոտքերի շրջանում։ Այնուհետեւ նա բերվել է հիվանդանոց։
Վիրավորներից Արարատ Սահակյանը նկատել էր, որ կենդանաբանական այգու մոտ արդեն արգելակները չեն աշխատել։ Ավտոբուսի մեջ բոլոր նստատեղերը զբաղված են եղել, մի քանիսն էլ կանգնած էին։ Ապա մոտ 50¬60 մետր անցնելուց հետո ավտոբուսը բախվել է «Ժիգուլու»։ Արարատ Սահակյանը նստած է եղել ավտոբուսի առաջամասում եւ «Ժիգուլուն» բախվելուց հետո, ըստ նրա, ավտոբուսի ուղեւորներից մի քանիսը խուճապահար ընկել են իր վրա։ Ինքն ուշաթափվել է։
Ավտոբուսի մեջ է գտնվել նաեւ Արարատ Սահակյանի կինըՙ Իսպիրյան Վիկտորիան։ Ըստ վերջինիս, դեռ «Ջրաշխարհի» մոտից ավտոբուսի ընթացքն արագացել է։ Ժողովրդի պահանջին, թեՙ կամաց քշիր, վարորդը բացատրել է, որ արգելակները չեն աշխատում։ Բոլորը գոռգոռում էին, ճչում, մինչեւ մեծ բեռնատարին բախվելը։ Մինչ միջադեպը, ամուսինը կնոջը կանչել է ավտոբուսի առաջնամաս, բայց Վիկտորիա Իսպիրյանը համառել ու մնացել է ավտոբուսի վերջնամասում։
Վթարի ականատեսներից Էդգար Պողոսյանը, որն աշխատում է ավտոբուսի եւ բեռնատարի բախման հատվածին մոտ գտնվող մի կրպակում, պատմեց, որ սկզբում բախման ուժեղ ձայն է լսվել, ապա տեսել է շտապօգնության երկու մեքենա։
Ականատեսներից ու ավտոբուսի ուղեւորներից ստացած տեղեկությանն ավելացնենք, որ Մյասնիկյան պողոտայում նախկինում բազմիցս են եղել վթարներՙ հիմնականում արագությունը գերազանցելու պատճառով։ Եվ, ցավոք, պետավտոտեսչության աշխատակիցները Մյասնիկյան պողոտայի երկայնքով նախընտրում են ոչ թե բացահայտ եւ տեսանելի աշխատելՙ կանխելով նման վթարները, այլ թաքնվում են Ավանի կամրջի մոտ, չվերահսկելով արագությունը գերազանցող վարորդներին։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ