Ուշ երեկոյան ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական կենտրոնական շտաբի գաղափարաքարոզչական աշխատանքների պատասխանատու Վահագն Մկրտչյանն օրվա առավել թեժ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ տվեց լրագրողներին։ Նա նախ նշեց, որ նախընտրական շտաբն ընտրությունների ընթացքն ընդհանուր առմամբ բավարար է գնահատում եւ առավել մեծ լսարանի առջեւ իրենք հանդես կգան ԿԸՀ-ի կողմից արդյունքների ամփոփումից հետո։ Վ. Մկրտչյանն օրվա համար բնութագրական համարեց մրցակից թեկնածուի կողմից, այսպես ասած, նոր տեխնոլոգիաների գործարկումը։ Արդեն վաղ առավոտից սկսվել են ապատեղեկատվության մեծ հոսք, մտացածին լուրեր, բողոքներ նաեւ ինտերնետում, որոնց նպատակն, ի վերջո, ընտրական գործընթացների վարկաբեկումն է եղել։ Դրանցից մի քանիսը ստուգվել են, եւ պարզվել է, որ անհիմն են եղել։ Վ. Մկրտչյանն այսպիսի մի փաստ օրինակ բերեց. բողոք է ստացվել, թե Նորք-Մարաշ համայնքի «Օլիմպուս» կրթահամալիրում տեղակայված հանձնաժողովիՙ Քոչարյանի կողմնակից անդամներ Հռիփսիմե Բալագյոզյանը եւ նրա դուստր Արփինե Պետրոսյանը մարտի 5-ի գիշերն իրենց տանը քվեաթերթիկների հետ կապված ինչ-որ մեքենայություններ են արել։ Այս մասին տեղեկացրել է նրանց հարեւանությամբ ապրող ՀԺԿ-ի մի անդամ։ Զուտ կենցաղային բամբասանքներ հիշեցնող նմանատիպ բողոքները շատ են, այնպես որ, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ «թացն ու չորը» դժվար է տարբերել։
Այսօր «Երկիր» թերթի ինտերնետային էջում տեղեկատվություն էր տրվել թիվ 332 ընտրատեղամասում գրանցված միջադեպի մասինՙ Ալբերտ Բազեյանը զենքով մտել է ընտրատեղամաս եւ սպառնացել։ Հետագայում այդ լուրը հերքվեց կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի կողմից։ Վերջինս պնդեց, որ Ա. Բազեյանը նման գործողության ընդունակ չէ, ավելինՙ նա բացակայում է քաղաքից։ Այս տեղեկատվության պարզաբանման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի դիմումին Վ. Մկրտչյանը պատասխանեց, որ դա եւս պատկանում է անհիմն, ոչ արժանահավատ լուրերի շարքին, որոնց իսկությունը դեռ պետք է պարզեն ԿԸՀ-ն եւ իրավասու օղակները։
Օրվա վերջում նախընտրական շտաբ ուղարկված բողոք-ահազանգերի սեղմ արձանագրությունն արդեն 6 համակարգչային էջ էր կազմում։ Դրանց մեծամասնությունը կից արձանագրություններով հանձնվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Շինծու ֆաքսերի, կեղծ ահազանգերի տարափն ընտրությունների երկրորդ փուլի համար նորություն էր եւ, ըստ Վ. Մկրտչյանի, մի քիչ էլ անսպասելի։ «Բայց,¬ ընդգծեց նա,¬ մեր նպատակը հաղթելն է եւ ոչ դեբոշներ սարքելը, կեղծ լուրերի տարածումն ու ապատեղեկատվությունը մեր ծրագրերի մեջ չէին մտնում»։
Այն հարցին, թե նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն ինչպես է մեկնաբանում այսօր «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերում հրապարակված արդեն կնքված քվեաթերթիկների հայտնաբերման մասին պնդումը, Վ. Մկրտչյանն ասաց. «Նախ ուզում եմ նաեւ մեր դիտորդների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրորդ փուլի այս ընթացքում այդ լրատվամիջոցները խախտում են ընտրական օրենսդրությունը եւ զբաղվում ակնհայտ քարոզչությամբ։ Եվ երկրորդՙ ես կարծում եմ, որ նա, ով ներկայացրել է այդ փաստերը, դրանք նախ պիտի տրամադրեր իրավապահ մարմիններին եւ պարզաբանումներ ստանար։ Որովհետեւ այդպիսի դեպքերը քրեապես պատժելի են, եւ դեռ պետք է պարզել այդ քվեաթերթիկների հայտնվելու պատմությունը. արդյոք դա սադրա՞նք է, թե այլ իրողություն։ Դա իրավապահ մարմինների խնդիրն է»։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ