«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՆ, ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՌԱՋԻՆԻՆՙ 64,7 ՏՈԿՈՍ

Նախնական տվյալներովՙ Ռ. Քոչարյանը հաղթական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գիշեր ժամը 2-ին հրապարակեց 1865 ընտրատեղամասերից 721-ի քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց թեկնածուներից Ստ. Դեմիրճյանի օգտին քվեարկածների թիվը կազմել է 153065 մարդ կամ 30.4 տոկոս, իսկ Ռ. Քոչարյանի օգտինՙ 344759 անձ, կամ 69.6 տոկոս։ Այսպիսով կասկած չի հարուցում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը։ Սպասելով վերջնական արդյունքներին, ստորեւ ներկայացնում ենք ընտրողների ակտիվության վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները։

Երեկ կայացավ հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլը։ Թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես մասնակցեց դրան եւ թեկնածուներից ո՞ւմ օգտին կայացվեց որոշումը, որպես վերջնական արդյունք կիմանանք այս երկու օրվա ընթացքում։ Իսկ մինչ այդ, երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 23-ի դրությամբ հայտարարեց ընտրությունների երկրորդ փուլի մասնակցության նախնական արդյունքները։

Դրանք օրվա ընթացքում զգալի փոփոխվեցին։ Մինչ կհայտարարվեին նախնական ամփոփ տվյալները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը հայտնեց, որ ընտրություններն ավարտված, կայացած էին ժամը 23-ի դրությամբ։ Ըստ պրն Սահրադյանի, երկրորդ փուլը բարեհաջող էր ավարտվել, որեւէ լուրջ բողոք չկար։

Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների, երեկ երկրորդ փուլին մասնակցել է 1 մլն 506 հազար 388 ընտրող, այսինքնՙ մասնակցությունը կազմել է 64,7 տոկոս։ Դրան գումարած արտերկրում մեր հայրենակիցներից 8 հազար 785 քաղաքացիների քվեն, որոնք Երեւանի ժամանակով ժամը 22-ի դրությամբ արդեն հասցրել էին կատարել իրենց քաղաքացիական պարտքը։

Ըստ մարզերի եւ մայրաքաղաքի, մասնակիցների թիվն ու մասնակցության տոկոսը բաշխվել են հետեւյալ կերպ.

Երեւան - 454097 - 60,8%

Արագածոտն - 56350 - 59,5

Արարատ - 132396 - 71,5

Արմավիր - 135850 - 66,8

Գեղարքունիք - 120567 - 70,8

Լոռի - - 147985 - 61,9 -

Կոտայք - - 137392 - 65,6

Շիրակ - - 130787 - 62,2

Սյունիք - - 99110 - 79,2

Վայոց ձոր - 25482 - 68,5

Տավուշ - 66372 - 71,9

Առաջին փուլի համեմատությամբ ընտրությունների երկրորդ փուլում մասնակցության առումով համամասնությունները, մարզային տվյալների կտրվածքով, պահպանվել են։ Այս անգամ էլ ամենաբարձր մասնակցությամբ առանձնանում է Սյունիքի մարզը։ Ամենացածրըՙ Արագածոտնի մարզում է։

Ըստ ընտրատարածքների, ամենաբարձր մասնակցությունը երկրորդ փուլում թիվ 26 ընտրատարածքում է (Վաղարշապատ), որտեղ կազմել է 81,8 տոկոս, մինչդեռ առաջին փուլում ամենաբարձր մասնակցությամբ առանձնացել էր թիվ 45 ընտրատարածքը (Բյուրեղավանում), որտեղ մասնակցությունը կազմել է 88,8 տոկոս։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 10 ընտրատարածքն այս անգամ էլ մասնակցությամբ ամենավերջինն էՙ երկրորդ փուլում ունենալով 49,5 տոկոս։ Այսպիսով, ընտրություններին մասնակցության նախնական ամփոփ տվյալները վերոգրյալ տեսքն ունեին։ Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, դրանց նախնական տվյալների մասին կտեղեկանանք այսօր։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4