«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԷ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երկրի նախագահի թեկնածուների այդքան սպասված հեռուստաբանավեճը կայացավ։ Հանրապետության ամբողջ բնակչությունն այդ երկու ժամվա ընթացքում գամված էր հեռուստաէկրաններին եւ համակ ուշադրությամբ հետեւում էր մեզ համար նոր իրադարձությանը։ Հեռուստաբանավեճն, անշուշտ, բազմիցս կվերլուծվի ապագայում։ Սակայն որոշ դիտարկումներ արդեն հիմա կարելի է կատարել։

Նախ հարկ է նշել, որ որպես երեւույթ հեռուստաբանավեճն ընդունված է քաղաքակիրթ աշխարհում եւ ողջունելի է Հայաստանում կիրառելը։ Բնական է, որ հեռուստաբանավեճը հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլում, երբ թեկնածուները երկուսն են։ Առաջին փուլումՙ մեծաթիվ թեկնածուների առկայության պարագայում դա գրեթե անհնար կլիներ։

Հաջորդը։ Այս իրադարձությունը, չնայած նման ընդունելություն գտնելուն, դեռեւս իր նշանակությանը չի ծառայում։ Շատերի համար երեւույթը ոչ թե հեռուստաբանավեճ էր, այլ լեզվակռիվ, որտեղ յուրաքանչյուր կողմի կարծիքով իր թեկնածուն «լավ փակեց» մյուսի բերանը։ Բնական է, որ նրանց համար բանավեճը որեւէ արժեք չունի, եւ յուրաքանչյուրն ընտրելու է իր թեկնածուին։ Այլ է պարագան տատանվողների եւ առաջին փուլում մյուս թեկնածուներին ձայն տվածների դեպքում։ Սակայն որոշել, թե ինչպիսի՞ն է այդ ազդեցությունը, դժբախտաբար, անհնար է այժմ։

Հեռուստաբանավեճը հարկ է անցկացնել այնպես, որպեսզի հնարավոր լինի մինչ այդ եւ դրանից հետո կատարել սոցիոլոգիական հարցումՙ պարզելու հասարակական կարծիքի արձանագրած փոփոխություններն այդ ընթացքում։ Մինչդեռ մեզ մոտ այն անցկացվեց ընտրություններին նախորդող երկրորդ օրը, որից առաջ արգելված էր սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակել, իսկ հետոՙ քարոզչություն իրականացնել։

Այնուհետեւ, բանավեճը նպատակահարմար է անցկացնել առնվազն երկու-երեք փուլով, որտեղ թեկնածուներն իրենց տեսակետները կներկայացնեն կոնկրետ թեմայի շրջանակներում։ Հասկանալի է, որ այդ թեմաները պետք է լինեն պետության հիմնախնդիրների վերաբերյալ։ Սա հնարավորություն կտա հնարավորինս լիարժեք պատկերացում կազմել առաջիկա 5 տարիների պետական քաղաքականության ուղղվածության մասին այս կամ այն թեկնածուի ընտրվելու դեպքում։

Անհրաժեշտ ենք համարում նաեւ նշել, որ ընտրված ձեւաչափը լավագույնը չէր։ Եվ ոչ միայն նրա համար, որ մեր հեռուստաընկերությունների լավագույն համարվող մեկնաբանները հաճախ դժվարանում էին իրենց հարցերը հստակ ձեւակերպել։ Պարզապես ուղղակի, չմիջնորդավորված բանավեճը, այլ ոչ թե լեզվակռիվը (ընդգծում ենք), ավելի բացահայտորեն է ցուցադրում թեկնածուների ունակություններն ու թերությունները։

Եվ վերջապես բուն բանավեճի մասին։ Ակնհայտ է, որ թեկնածուները քաշային տարբեր կարգերում էին։ Մի կողմիցՙ պետական կառավարման, այդ թվում պատերազմական եւ արտակարգ իրավիճակներում, փորձ ունեցող գործող նախագահը, մյուս կողմիցՙ պետական քաղաքականության շատ կարեւորագույն հարցերից եւ դրանց լուծումներից բոլորովին անտեղյակ նախագահի մյուս թեկնածուն։ Բանավեճն էլ համարժեք էր այդ պատկերին։ Ռոբերտ Քոչարյանի փաստարկված, կոնկրետ թվերով ամրագրված բացատրություններըՙ ուղղված քիչ թե շատ տրամաբանելու ունակ ընտրողին, հանդիպում էին Ստեփան Դեմիրճյանի ընդհանուր բնույթի խոստումներին եւ իշխանությունների հասցեին արվող մեղադրանքներինՙ ուղղված Կարեն Դեմիրճյանի որդու ընտրազանգվածին, որին, բացի այդ փաստից, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։

Այսպես թե այնպես, հեռուստաբանավեճը կայացավ։ Ինչպիսի՞ ազդեցություն թողեց ընտրողների դիրքորոշման վրաՙ հնրավոր կլինի իմանալ միայն դատելով ընտրությունների արդյունքներից։ Անշուշտ հարկ է նշել, որ ցանկացած դեպքում դա ամենեւին էլ ընտրողներին կողմնորոշող միակ գործոնը չէ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4