«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃՆ ՕԳՆԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբերյանում ընտրություններն անցան հանգիստ եւ կազմակերպված

Նոյեմբերյանի բնակիչ Սուրեն Խաչիկյանն ասում է, որ ինքը ընտրել է Ստեփան Դեմիրճյանին։ «Հայրը դուրս եկել է, 14 տարի Հայաստանը ղեկավարեց։ Եթե այս մարդըՙ որդին, մեզանով հետաքրքրվում է, իմ հույսը դա է։ Քոչարյանին անձամբ ասել եմ, որ 5 տարի եղել եք նախագահ, ոչ մի անգամ չեք եղել մեր շրջանում, մեզ հաշվի չեք առնում»։

Դովեղ գյուղի բնակիչ Իսրայել Սարուխանյանն ասում է, որ ինքն ընտրել է գործող նախագահինՙ հաշվի առնելով նրա քաղաքական, տնտեսական գործունեությունը, նրա վճռականությունը ԼՂ, տնտեսական աղքատության վերացման եւ այլ հարցերում։ «Նախագահն ինչ խոստումներ տվել է այս տարիներինՙ կատարվել են», ասում է Իսրայելը։

«Մեր կյանքը միայն իշխանափոխության դեպքում կլավանա։ Ես ընտրել եմ Դեմիրճյանին, որ հալալ մարդ է։ Ոչ ոք նախագահ չի ծնվում։ Հույս ունեմ, որ նա մենակ չի լինելու, նրա կողքին են արդար մարդիկ», ասում է նոյեմբերյանցի Ավետիք Ասատրյանը։

Իսկ քաղաքի մեկ այլ բնակչիՙ Արթուր Հակոբյանին մտահոգում են առաջին փուլից հետո ընդդիմության հանրահավաքներում հնչող սպառնալիքները։ «Ես ձայնս տվել եմ Քոչարյանին, քանի որ նա կարողանում է երկիրը խաղաղ պահել», ասում է Արթուրը։

Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետ Դավիթ Աբովյանը պնդում է, որ ինչպես առաջին փուլը, այնպես էլ երկրորդն անցել են հոգեբանական ճնշման տակ։ «Բոլոր ուժային կառույցներն աշխատել են մեր դեմ։ Կողբ գյուղում պատռել են Դեմիրճյանի նկարները։ Գյուղապետերին, համայնքապետերին, հիմնարկների պետերին ստիպում են, որ իրենց թեկնածուի համար աշխատեն։ Նրանք, ովքեր Դեմիրճյանին ընտրել են առաջին փուլում, երկրորդում էլ են նրան ձայն տվել», ասում է պրն Աբովյանը։

Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Լեւոն Անտոնյանի կարծիքով, երկրորդ փուլն անցավ առաջին փուլի նմանՙ հանգիստ եւ կազմակերպված։ «Ընտրախախտումների մասին ահազանգեր չենք ստացել։ Եղել ենք մի շարք ընտրատարածքներում։ Դեմիրճյանի կողմնակիցները գիտեն, որ պարտվելու են, դրա համար նախապես խոսում են կեղծիքների մասին», ասում է պրն Անտոնյանը։

Ընտրությունների նախօրեին կազմակերպված հեռուստաբանավեճը մարդկանց օգնեց ճիշտ որոշում կայացնելու, կողմնորոշվելու։ «Հանրային եւ «Պրոմեթեւս» հեռուստատեսություններն այն տպավորությունն էին ստեղծել, թե Դեմիրճյանը խոսել չգիտի, միայն 2 նախադասություն է ասում, բայց հեռուստաբանավեճը դրական ազդեցություն թողեց Ստեփան Կարենիչի իմիջի վրա», ասում է Դեմիրճյանի շտաբի պետ Դավիթ Աբովյանը։

«Հեռուստաբանավեճ կազմակերպելը շատ ճիշտ էր։ Մի քանի անգամ էին պետք նման բանավեճեր։ Ժողովուրդը տեսավ երկու տարբեր հարթությունների վրա գտնվող նախագահի թեկնածուների։ Ստեփան Դեմիրճյանը ճիշտ կաներ ընդհանրապես չմասնակցեր բանավեճի», ասում է Քոչարյանի շտաբի պետ Լեւոն Անտոնյանը։

Դովեղ գյուղի մի ընտրող, որ չցանկացավ իր անունը նշել, ասում է. «Այդ հեռուստաբանավեճը ցույց տվեց, որ Ստեփան Դեմիրճյանը լավ պատկերացում չունի Հայաստանի առանցքային հարցերի լուծման մասինՙ ԼՂ հարց, Ցեղասպանություն, բանկային համակարգ, երկրի տնտեսական զարգացում»։

«Ես ընտրել եմ Դեմիրճյանին, որովհետեւ ժողովուրդն ընտրում է Դեմիրճյանին։ Եթե ժողովուրդը չի ուզում Քոչարյանին, ուրեմն նա չպետք է լինի նախագահ», ասում է նոյեմբերյանցի Յուրի Անանյանը։

Ընդհանուր առմամբ այն ընտրատարածքներում, որտեղ եղանք, ընտրություններն անցնում էին բավականաչափ կազմակերպված, հանգիստ, բնական պայմաններում։ Թեեւ Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետը նշում է երեք ընտրախախտումների մասին։

Ընտրությունների առաջին փուլից հետո կազմակերպված հանրահավաքներում իշխանությունն ուժով փոխելու կոչերը դրական ազդեցություն չեն ունեցել մարդկանց հոգեբանության վրա։ Շարքային քաղաքացին, ում առավել հետաքրքրում է հացի խնդիրը, հիասթափված է, որ ընտրությունների պատճառով ժողովրդին հանում են միմյանց դեմ։ «Ես շատ եմ հանդիպում մարդկանց, շփվում նրանց հետ, խնդիրները պետք է լուծել սեղանի շուրջ, ոչ թե հրապարակներում», ասում է Լեւոն Անտոնյանը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նոյեմբերյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4