Ինչպես տեղեկացանք Նոր Նորքի թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ Սերգեյ Խալափյանից, 1-ին փուլին ընտրություններն ընթացել են 52 տեղամասերում, ընտրողների թիվը եղել է 92.573, իսկ 2-րդ փուլին նրանց թիվն ավելացել է։ 92.720 ընտրողների թվում են նրանք, որոնց 18 տարին (մինչեւ մարտի 5-ը) լրացել է, նաեւ 31-ը, որոնք դատարանի միջոցով վերականգնել են իրենց ընտրելու իրավունքը։
Թիվ 2 ընտրատարածքի 23 ընտրատեղամասերում 1-ին փուլի ընտրություններն անցել են նորմալ, փաստեց ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Ալբերտ Քիշոյանը եւ նշեց, որ մեկ դեպք է եղել թիվ 0029 տեղամասում, որի արդյունքները ճշտելու համար բացվել է արկղն ու եղել է շատ չնչին անճշտություն, որն անգամ տոկոս չի կազմել։ Ընդհանուր անճշտությունները եղել են 8 քվեարթերթիկ, որից 3-ն անվավեր, 4-ըՙ տեղափոխված (մեկ թեկնածուի ձայնը դրված էր մյուսին)։ 1-ին փուլում 23 ընտրատեղամասերում ընտրողների թիվը ցուցակներում եղել է 41.958, իսկ 2-րդ փուլումՙ 41.944-ի։ Մտահոգիչ էր, որ իմ այցելած տեղամասերում մինչեւ ժ. 16-ը համարյա երիտասարդներ չէին մասնակցել ընտրություններին, եւ դա նույնպես մտահոգում էր պրն Քիշոյանին, թեպետ դժվարությամբ էր հասկանում երիտասարդների նման մտածելակերպը։ 2/0036 ընտրատեղամասում ժամը 14։00-ի դրությամբ արդեն 1712 ընտրողներից քվեարկել էին մոտ 598-ը, սակայն հանձնաժողովի գործարարական մատյանում ոչ բոլոր արձանագրություններն էին նշված, մի մասն էլՙ կիսատ-պռատ։ Հանձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանն 1-ին անգամ էր նախագահում եւ այնքան էլ տեղյակ չէր իր գործից։ Այդ տեղամասում Ս. Դեմիրճյանի վստահված անձ Էդգար Մկրտչյանը եւ «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդ Էդուարդ Պողոսյանը նշեցին, որ որեւէ խախտում չեն նկատել, ընտրությունները ընթանում են հարթ։
Մանիկ Հայրապետյանը Ռ. Քոչարյանի վստահված անձն էր, եւ նա էլ հաստատեց, որ ամեն ինչ ընթանում է նորմալ, սակայն մտահոգված էր, որ երիտասարդների մասնակցությունը սակավաթիվ է։ Տարօրինակ էր, որ տեղամասի բակում խմբված երիտասարդներըՙ Արմենը, Սահակը, Գեղամը, Հայկն ու Սերոբը չէին ընտրել եւ չէին էլ ուզում մասնակցել։ Սերոբը պատճառաբանեց, որ հոգնել է ընտրություններից, իսկ Արմենը մեջբերեց իր տատից լսածը. «Ինչպես տարին սկսես, այնպես էլ կգնա», ու պնդեց, որ մի անգամ ընտրել եմ, էլ ընտրության գնացողը չե՜մ։ Հայկն էլ ավելացրեց. «Հո մենք տիկնիկ չենք, որ ոնց ուզեն, պարացնեն, հլա լավ նայի, թասիբով տղերք ենք, մի անգամ ընտրել ենք մեր թեկնածուին ու վերջ»։ Զարմանալի է, որ թասիբով տղաներն ալարել էին ընդամենը 2 մետր անցնել ու նորից ընտրել իրենց ապագա նախագահին։
2/0034 տեղամասի նախագահի տեղակալ Սուսաննա Մարտիրոսյանը նշեց, որ 1-ին փուլում ընտրողների թիվը եղել է 1795, իսկ 2-րդ փուլում այդ թիվն ավելացել է 1-ով, եւ ընտրություններն ընթանում են հարթ ու առանց խախտումների։ Նույնը պնդեցին նաեւ Տիգրան Մկրտչյանը (Ս. Դեմիրճյանի վստահված անձ) եւ Տավրոս Սարգսյանը («Ընտրությունը քոնն է» ՀԿ դիտորդ)։ Ընտրող Գեղեցիկ Անդրեասյանը վաղ առավոտյան շտապում էր տեղամասՙ իր նախընտրած թեկնածուին նորից ընտրելու եւ մտահոգ էր, որ հանկարծ խախտումներ չանեն եւ իր թեկնածուի ձայները չկեղծեն։ Ինչպես տեղեկացանք պրն Քիշոյանից, ժամը 19։30-ի դրությամբ նախնական արդյունքները թիվ 2 ընտրատարածքի 23 տեղամասերում կազմում են 22.500, որը մասնակիցների մոտավորապես 62 տոկոսն է։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ