«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՁԵՎՈՎ ԷԻՆ ԱՆՑՆՈՒՄ

Մայրաքաղաքի թիվ 03/56, 03/58, 03/59 ընտրատեղամասերում ժամը 18.30¬19.00-ի դրությամբ ընտրություններն անցնում էին առանց խախտումների։ Մեր այցելության ժամանակ այդպես ասացին հանձնաժողովի անդամները, Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք։ 03/59 տեղամասում 1984 ընտրողից արդեն քվեարկել էին մոտ 1000-ը։ 03/56-ում 1738 ընտրողիՙ մոտ 50 տոկոսը։ Փոքր-ինչ պասսիվ էր քվեարկության ընթացքը 03/58 ընտրատեղամասումՙ 1976 ընտրողից քվեարկել էին մոտ 800 հոգի։ Երեք ընտրատեղամասերում էլ հանձնաժողովի նախագահները փաստեցին, որ թեեւ ընտրացուցակներում անճշտություններ կային, դրանք փետրվարի 19-ի համեմատությամբ նվազել են։ Եթե, օրինակ, 03/58 տեղամասում առաջին փուլում դատական կարգով ընտրելու իրավունքը վերականգնել է 16 մարդ, այժմՙ ընդամենը մեկ հոգի։ 03/59 տեղամասում էլ հանձնաժողովի նախագահ Ալմարա Կարապետյանի խոսքով, ցուցակների վիճակը լավացել է։ Առաջին փուլի 20 հոգու փոխարեն դատարան դիմողների թիվը երկուսն են։

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի արձանագրած ընտրախախտումների ֆոնին հետաքրքրական է, որ մեր այցելած երեք տեղամասում էլ թեկնածուի վստահված անձինքՙ Վահագն Մամյանը, Շողիկ Հարությունյանն ու Հարություն Ուզունյանը, փաստում էին, որ որեւէ միջադեպ չեն արձանագրվել եւ ընտրությունները գնահատում են որպես արդար եւ թափանցիկ։ Միակ բողոքները, որ նշվում էին թե՛ հանձնաժողովի անդամների եւ թե՛ թեկնածուների վստահված անձանց կողմից, ընտրացուցակներում հանրապետությունից բացակայող, մահացած մարդկանց անունների առկայությունն է, որոնք քվեարկող քաղաքացիները փորձում էին ցուցակներից հանել հենց տեղում, ինչի իրավունքն ընտրական հանձնաժողովները չունեն։ Դա քաղաքացիների կողմից պետք է արվեր ավելի վաղ։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4