Վստահված անձինք այլ թերություններ չեն մատնանշում
Շենգավիթի համայնքի բոլոր ընտրատեղամասերում, որտեղ մենք երեկ եղանք որպես ընտրական գործընթացի ամենախոցելի կետ, դարձյալ մատնանշվում էին ընտրացուցակների անճշտությունները։
Թիվ 0258/12 տեղամասում ժամը 15.30-ի դրությամբ տասը մարդիկ, չգտնելով իրենց անունները ցուցակում, գնացել էին իրենց ընտրելու իրավունքը դատարանում վերականգնելու։ Այդ ժամի դրությամբ, տեղամասի 1682 ընտրողներից 685-ն էին ներկայացելՙ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Տեղամասային հանձնաժողովի նախագահ Արմեն Աբրահամյանի հավաստմամբ, ընտրողների ակտիվության ցուցանիշները գրեթե չեն զիջում փետրվարի 19-ի ցուցանիշներին։
Տեղամասում ե՛ւ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Տիգրան Զալինյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձ Սվետլանա Խաչատրյանն ընտրությունների ընթացքն այդ պահի դրությամբ գնահատեցին բնականոնՙ վստահեցնելով, թե որեւէ խախտում, միջադեպ չեն գրանցել։
Այսպիսին էին նաեւ թիվ 0259/12 տեղամասում ընտրությունների ընթացքին հետեւող վստահված անձանցՙ Ստեփան Դեմիրճյանին ներկայացնող Համլետ Մեջլումյանի եւ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնող Ջուլիետա Թոռչյանի դիտարկումները։ Այս ընտրատեղամասում 1745 քվեարկողներից 1000-ն արդեն եկել էին ընտրության։ Այստեղ, ըստ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մարգարյանի, ընտրացուցակներն առավել ճշգրտված են նախորդ փուլի համեմատ։
0282/13 ընտրատեղամասի նախագահն էլ նշեց, թե 15.00-ի դրությամբ միայն մեկ քաղաքացի է դատարան ուղարկվել։ Բայց ընտրողների դժգոհությունները տեղամասերում փակցված ցուցակների մոտ շարունակվում էին։
Թիվ 14 ընտրատեղամասում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Ռուզաննա Խաչատրյանը նշեց, թե «մարդիկ անգամ մեզ են բողոքում ընտրացուցակներում անճշտությունների պատճառով։ Մենք դեպքեր ենք գրանցել, երբ փետրվարի 19-ին դատարանում ընտրելու իրենց իրավունքը վերականգնած քաղաքացիների անուններն այսօր դարձյալ բացակայում են ցուցակներում»։
Այնուամենայնիվ, չորս ընտրատեղամասերում էլ մինչեւ ժամը 13.00-ն եղել էին ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդներ ու, ըստ վստահված անձանց եւ հանձնաժողովների նախագահների, որեւէ միջադեպ չեն գրանցել։
Թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովից, որը համակարգում է Շենգավիթի համայնքի տասը, Մալաթիա-Սեբաստիայիՙ տասը եւ Կենտրոնի մեկ ընտրատեղամաս, տեղեկացանք, որ ժամը 16.00-ի դրությամբ այս տեղամասերի 38.002 ընտրողներից 17240-ն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքըՙ շուրջ 100 մարդով ավելի, քան առաջին փուլի նույն ժամի տվյալներով։
Լ. Գ.