Պնդում են նաեւ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք
Որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ավելի կազմակերպված էր Էրեբունու համայնքում, համոզվեցինք մի քանի տեղամասեր այցելելուց հետո։ 0394/17 տեղամասում, ուր առաջին փուլում խախտում էր արձանագրվել, այնպիսի խաղաղ մթնոլորտ էր, որ տպավորություն ստացա, թե ընտրողների ակտիվությունը նվազել է։ Սակայն հանձնաժողովի նախագահ Սուրեն Ասլիկյանը փաստեց, որ ակտիվությունը նույնիսկ ավելացել է, իսկ ավելի հարմար ու ապահով սենյակ տեղափոխվելով, իրենց հաջողվել է բացառել իրարանցման դեպքերն ու ընտրախախտումներ կատարելու փորձերը։ Նույնը պնդեցին նաեւ Ստ. Դեմիրճյանի վստահված անձ Լուսինե Աղամալյանը եւ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձ Անուշ Աղաջանյանը։
0387/17 ընտրատեղամասում նույնպես նախագահի 2 թեկնածուների վստահված անձինք հավաստիացրին, որ որեւէ խախտում չի գրանցվել, ամեն ինչ նորմալ է, միայն ընտրացուցակներում նկատվել են որոշ անճշտություններ։ Հանձնաժողովի նախագահ Մանվել Սիմոնյանը նշեց, որ 2-րդ փուլում բավականին նկատելի է ժողովրդի քաղաքական մակարդակի բարձրացումը, որն, ըստ նրա, արդյունք է քաղաքական բանավեճերի։
0386/17 տեղամաս մտա այն պահին, երբ այնտեղ էր Իրանի դիտորդական առաքելության խմբի ղեկավար Մոհամմադ Հաշեմին։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Լյովա Գրիգորյանը շարունակ կրկնում էր, որ ժ. 17-ի տվյալներով խախտումներ չեն եղել, սակայն ով գիտի, դեռ ինչեր կարող են պատահել։ Դիտորդական խմբի ղեկավարին այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու էր վստահված անձն այդքան տագնապում, որ քվեատուփը փակելուց առաջ անպայման պիտի խախտում տեղի ունենար։ Հիշեցնենք, որ նախորդ փուլում նույն վստահված անձը պարզապես հիացած էր ընտրությունների արդարությամբ եւ բավականին բարձր տրամադրություն ուներ։ Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Գրիգորյանը հայտնեց, որ ընտրողների ակտիվությունը չի նվազել, սակայն անհանգստություն է նկատվում այս տեղամասում, եւ պայմանավորվեցինք ավելի ուշ ճշտել ընտրախախտումների մասին։ Քվեատուփերը փակվելուց առաջՙ մոտավորապես ժ 19։50-ին տկն Գրիգորյանը հեռախոսով հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է եւ որեւէ խախտում տեղի չի ունեցել։
Ընտրությունների կազմակերպման մակարդակով աչքի ընկավ 0372/17 տեղամասը, որտեղ նույնպես վստահված անձինք վկայեցին, որ արտառոց ոչ մի դեպք չի կատարվել, ընտրողներն ակտիվորեն մասնակցում են եւ ընդհանուր առմամբ ամեն ինչ խաղաղ է։ Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Կարապետյանն ասաց, որ տեղի են ունենում նորմալ, ազատ ընտրություններ, պատկերը խիստ դրական է նախորդ ընտրությունների համեմատ, որի ընթացքում ընտրացուցակներում արձանագրվեցին մեծ թվով անճշտություններ։
Հետաքրքրական է այն փաստը, որ տեղամասերում ընդդիմության թեկնածուի վստահված անձինք փաստում են, թե որեւէ խախտում չի արձանագրվում, որ իրենք անչափ գոհ են ընտրություններից, սակայն ընտրությունները դեռ չավարտվածՙ ընդդիմությունը շտապում է հայտարարել համատարած ընտրախախտումների մասին։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ