«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

Երեկ, ժամը 19.00-ինՙ մինչ ընտրությունների ավարտը հրավիրված մամլո ասուլիսում Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանն ամփոփելով մինչ այդ ժամն ընտրությունների ընթացքը նշեց, որ աննախադեպ խախտումներ են արձանագրվել. «Նախօրոք ծրագրված զանգվածային ընտրակեղծիքները վտանգում են ընտրությունների օրինականությունը»։ Նախ, ըստ Գրիգոր Հարությունյանի, դեռ նախորդ օրվա ընտրական գործընթացից դուրս են մղվել 100-ից ավելի հանձնաժողովների ընդդիմադիր անդամներՙ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով։ Շտաբի ղեկավարը կրկնեց նաեւ նախորդ օրը հրապարակված տեղեկատվությունը, որ հայտնաբերվել են երեք ստորագրություններով, կնքված քվեաթերթիկներՙ արդեն Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկած։ Պարոն Հարությունյանի խոսքերով, դրանք Դեմիրճյանի նախընտրական շտաբ են բերել նրանք, ում քվեաթերթիկները տրվել են լցոնման համար։ Գրիգոր Հարությունյանը նշում է, որ իրենց հաջողվել է բացահայտել ընտրակեղծիքների մինչ օրս չկիրառված մեխանիզմ։ Բացի այն ծրարներից, որոնցում ընտրատեղամասեր են տարվել կնիքները, հայտնաբերվել է նաեւ 50 ծրար, որոնք մի մասում կնքված էին ԿԸՀ կնիքով։ Ծրարի մեջ դրված ներդիրի մեջ եղել է կնիքի մյուս մասը։ Զմռսելու դեպքում ստացվում է ԿԸՀ կնիքն ամբողջությամբ։ Կնիքն օգտագործելուց հետո հնարավորություն կլինի դրանք դնել արդեն նոր ծրարներումՙ ներդիրի միջոցով կնիքը դարձնելով ամբողջական։ Ըստ շտաբի ղեկավարի, ԿԸՀ կնիքներն ունեն միայն հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, ուստի այս ընտրակեղծիքից նրանք տեղյակ են։ Դեմիրճյանի նախընտրական շտաբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությունՙ այս արարքի համար ԿԸՀ-ին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ «Մենք գիտենք, որ հաղթել ենք, այս ընտրակեղծիքներն այդ մասին են վկայում», նշեց Գրիգոր Հարությունյանը։ Ինչ վերաբերում է ընտրությունների լեգիտիմությանը, ըստ պրն Գրիգորյանի, այդ մասին խոսելը դեռ վաղ է, ավելի ուշՙ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո նախընտրական շտաբը հանդես կգա հայտարարությամբ։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4