«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ԵՎՐՈՊԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ՊԱՐԶ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ

«Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի նոր համարը

Արդեն ընթերցողներին է հասել «Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի հերթականՙ 2002 թվականի 11-12 միացյալ համարը։ 1999 թվականից Պրահայում տպագրվող «Օրեր» ամսագիրը հայոց կյանքի ճշմարիտ պատկերն է եղել ու կա, տպագրել է ամենաբազմազան, այդ թվում նաեւՙ մշակութային նյութեր։

Այս համարը եւս բացառիկ է մշակութային առումով։ 20-րդ դարի հայ արձակի վերջին մեծինՙ Հրանտ Մաթեւոսյանին են նվիրված ամսագրի գլխավոր խմբագրի հեղինակած «Սիրենք մեծ աշխարհի մեր անկյունը», «Հավերժության ճանապարհին մենք միմյանց ենք պատկանում» նյութերը, չեխ կովկասագետ Վացլավ Չեռնիի «Գրողը հենց այնպես չի մահանում» խոսքը, Հրանտ Մաթեւոսյանի մահվան առիթով ստացված բազմաթիվ ցավակցական հեռագրեր, ինչպես նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթից արտատպված «Մի ուրացեք ձեր եղբորը...» վերնագրով հարցազրույցը։ Համայն հայության արվեստասեր մտավորականության շրջանում հարգված ամսագրում այս արտատպումը հայ գրականագետների համար անչափ կարեւոր է։

Հակոբ Ասատրյանը Հրանտ Մաթեւոսյանին, հայ աշխարհը, հայ մարդուն բացատրելու համար մեջբերել է գրողի խոսքը. «Սիրենք, սիրենք, սիրենք միմյանցՙ մեր այլանդակներին, մեր խեղճերին, մեր բարձրերին, մեր նվաստներին։ Հայրենիքը հայրենիք է դառնում սիրով։ Հայրենիքըՙ լավ կամ վատ, կյանք է։ Հայրենիքից դուրսՙ հավիտենական ոչինչ»։ Երիցս ճշմարիտ է Հակոբ Ասատրյանը, երբ ասում է, որ Հրանտ Մաթեւոսյանի այս խոսքը նրա անժամանակ մահից հետո էլ զրնգալու է ամեն մի հայ մարդու ականջինՙ իբրեւ մեր արմատներին վերադառնալու կոչ, իբրեւ սթափեցնող հրամայական, իբրեւ այլընտրանք չհանդուրժող պահանջ։ Այո, Հայաստանը, հայությունը պետք է դառնա հրաշքների հովիտ, որպեսզի դուրս գանք մեծ աշխարհի մեր անկյունից, համեմատենք ու համեմատվենք, որպեսզի դուրս եկողը չքարկոծվի եւ մնացողըՙ չխելագարվի։ Հրաշքներ պիտի կատարվեն մեր մեջ ու մեր երկրում։ Այս է ասում «Օրեր» ամսագիրը արդեն 1999-ից, այս է ասում նաեւ այս համարում։

Հայ գրագետներիս համար, անշուշտ, նորություն կլինի ամսագրի ներկայացրած չեխ կովկասագետ Վացլավ Չեռնիի խոսքը. «Այդ գրողը (Հրանտ Մաթեւոսյանը) հայ է, ներկայացուցիչը մի ազգի, որը չնայած իր պատմության ընթացքում կրած բազմաթիվ ողբերգությունների ու տանջանքների, կարողացել է պահպանել բարի ու վարակիչ, միշտ փիլիսոփայական, իմաստուն ու մարդկային հումորի զգացումը։ Մի ժողովուրդ, որն այս ընդունակությունն ունի, չի կարող փոքր լինել, իսկ այն գրողը, որն իր ստեղծագործություններով կարող է դա ընթերցողներին հաղորդել, հենց այնպես չի մահանա»։

Առաջին անգամ տպագրվում է Հրանտ Մաթեւոսյանի հետ Հակոբ Ասատրյանի հարցազրույցը, որն արվել է Ամենայն հայոց հայրապետի դեպի Դեր Զոր կատարած ուխտագնացության ժամանակ, 2001 թ. ապրիլի 24-ին։ «Յուրաքանչյուրս պետք է հասկանա, որ մենք միմյանց ենք պատկանում,¬ ասում է Հրանտ Մաթեւոսյանը սփյուռքահայությանն ու Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներին, որ այսօր բնակվում են օտար ափերում։ ¬ Նրանք իմն են, ես նրանցն եմ։ Միասնությունն է մեր զորությունը։ Ի՞նչ է, դարձալ թո՞ւրքն է, եղե՞ռնն է հավաքելու ե՛ւ հայ կաթոլիկին, ե՛ւ լուսավորչականին, ե՛ւ ավետարանականին, ե՛ւ ազգայնականին, ռամկավարին, բոլորին մի տեղՙ հարուստին, աղքատին, եւ արհավիրքների ճանապարհին միացնի։ Հասկանում ենք, որ միջոցներն այլ են, բայց այդուհանդերձ պայքարի, հավերժության ընթացքը մեկ եւ նույն այդ ճանապարհն է։ Այդ ճանապարհին մենք միմյանց ենք պատկանում»։

Հունվարի 14-15-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն առաջին անգամ երկօրյա աշխատանքային այցով եղավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ «Ազգը» ժամանակին լրատվություն տպագրել է այս այցի մասին։ «Օրերը» տպագրել է այցի ընդարձակ (ամսագրային) տեղեկատվությունը Անահիտ Հովսեփյանի գրչով։ Գերմանահայության հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ընդհանրապես սփյուռքի հետ աշխատանքը, նման սփյուռք ունեցող ժողովրդի համար, այդ ժողովրդի կառավարության, իշխանությունների համար իր աշխատանքի պարտադիր բաղկացուցիչը պետք է լինի»։ Այսպիսի մոտեցում ենք որդեգրել մի քանի տարի առաջ, եւ պետք է ասեմ, որ այս մոտեցումը հետեւողականորեն իրականացնում ենք»։

Չեխիայում ժամանակավոր բնակություն հաստատած հայերի կյանքին ու կենցաղին նվիրված նյութերից իմանում ենք, որ այսօր Չեխիայում ապրում է 7000-ից ավելի հայ փախստական, որոնք ամեն օր ստիպված են լուծել մեծ կամ փոքր առօրյա խնդիրներ։ Փախստականների ճամբարներում մի քանի հայ ընտանիքներ դեռ սպասում են փախստականի կարգավիճակ ստանալու։ Եթե, ասենք, հարավային Մորավիայի Զնոյմո քաղաքի մոտ գտնվող Հլուբոկե Մաշուվկի ուխտավայրում որոշակի բան արվում է Աստվածածնի ավստրիական միաբանության ներկայացուցիչ քահանա Գերհարդ Մ. Վալդերի նախագծով ու ջանքերով, ապա Կոստելեց նադ Օրլիցի փախստականների ճամբարում հունվարի վերջին օրերին երկու հայ հացադուլ էին հայտարարել։

«Օրեր» ամսագիրը անչափ կարեւորում է Չեխիայում բնակություն հաստատած հայերի ազգային լեզվի, ազգային մտածողության պահպանումը։ Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի մասին պատմող նյութը չի սահմանափակվում սոսկ տեղեկատվությամբ։ Դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը ցավով գրում է. «Աշխարհի տարբեր ծագերում ապրող արեւմտահայությունն իր մայրենի լեզուն պահպանել է ոչ միայն երկու, այլեւ երեք, չորս սերունդ։ Մինչդեռ Հայաստանից եկած հայերը, որոնք ամենաշատը 10-15 տարի են այստեղ, եւ մեկ սերունդ էլ չեն փոխվել, ամենեւին չեն անհանգստանում իրենց երեխաների աղքատիկ հայերենով, չեն մտածում, որ իրենց թոռն այդ հայերենն էլ չի ունենալու»։

«Օրերը», սակայն, չի սահմանափակվում սոսկ Չեխիայով։ Հայաստանում եւ սփյուռքում կատարված ամեն մի իրադարձություն անպայման արձագանքվում է ամսագրի էջերում։ Ու բնական են նաեւ Տիգրան Նաղդալյանի եւ նրա սպանության մասին պատմող նյութերը։ Սպանությունը համարելով ահաբեկչություն, Հակոբ Ասատրյանը հույս է հայտնում, որ Տիգրան Նաղդալյանի սկսած գործը կիսատ չի մնա, որ Հայաստանում իրոք կկայանա հանրային հեռուստատեսությունըՙ առանց ծառայելու այս կամ այն ռեժիմին, ապահովելով ազատ ու անկախ, բարձր մակարդակի լրատվության տարածում։

Եթե «Ազգի» ընթերցողներն արդեն ծանոթ են Ատոմ Էգոյանի հետ կապված նորություններին, Բեռլինալեի միջազգային կինոփառատոնին, Բեռլինի օպերային թատրոնում Հասմիկ Պապյանի, Մայնի Ֆրանկֆուրտում բնակվող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, երեւանցի դաշնակահար Արմեն Բաբախանյանի բացառիկ հաջողություններին, Womex-ի մրցանակաբաշխությունում Ջիվան Գասպարյանի հաղթությանը, ապա հայաստանյան ընթերցողի համար գոնե նորություն կարող է լինել Գերմանիայի Վուպերթալ քաղաքում հիմնված «Արմին Վեգներ» ընկերակցության հիմնադրումը, կամ Հունաստանի Թեսանողիկե քաղաքում Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտի» կատարումը (մենակատարՙ Խրիստոս Ղալիլիաս)։

«Օրերի» անչափ հարուստ այս համարի բոլոր նյութերը կարդացվում են մեծ հետաքրքրությամբ, եւ գոնե արվեստասեր մարդու համար այն մշտապես պահելի համար է դառնալու։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4