«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ԺԱՆՍԵՄԻ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ ՓԱՐԻԶՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին ընդունել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժանսեմին (Հովհաննես Սեմերճյան) տիկնոջ հետ։ Բազմավաստակ նկարչի մեծարման արարողությանը ներկա են եղել հայտնի արվեստագետներ, ընկերակցությունների նախագահներ, հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ժանսեմի ընտանիքը եւ բարեկամները։

Իր ելույթում ՀՀ դեսպանը նշել է, որ Երեւանի Ցեղասպանության թանգարանին Ժանսեմի նվիրած «Ջարդեր» նկարաշարի ցուցադրության բացման օրըՙ 2002 թ. ապրիլի 24-ին, այն դիտել է 10 հազար այցելու. տվյալ ցուցանիշը կարելի է արձանագրել Գինեսի ռեկորդների գրքում։ Նալբանդյանն ընդգծել է, որ ամեն հայի համար հպարտություն է Ժանսեմի նման հայրենակից ունենալը։ Դեսպանը դրվատել է նաեւ տարիներ շարունակ ամուսնուն աջակցող տիկին Ժանսեմին։ Որպես երախտիքի նշան, նա հայկական անձնագրեր է հանձնել տեր եւ տիկին Ժանսեմներին։

Ապա պատասխան խոսքով հանդես է եկել մեծ արվեստագետը։ ՀՀ դեսպանին եւ մյուս ներկաներին շնորհակալություն հայտնելով, նա մասնավորապես պատմել է Իռլանդիա կատարած իր ճամփորդության մասին, նշելով այդ երկրի եւ Հայաստանի ընդհանրությունները, որոնք հետազոտության արժանի թեմա են։ -


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4