Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2002 թ. դեկտեմբերի 28-ին կատարված ՀՀ Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը։ Ձերբակալվել են հանցագործության անմիջական կատարողները եւ հանցավոր խմբի մյուս անդամներըՙ թվով 6 անձ։ Հանցագործության գործիք «ՏՏ» տեսակի ատրճանակն առգրավված է։ Կատարված դատաձգաբանական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ սպանությունը կատարվել է տվյալ ատրճանակից։ Կան նաեւ հանցագործության հետ առնչվող այլ անձինք, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քննությունը վարում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Ազգ»-ի ունեցած տվյալներովՙ վարձու մարդասպանների եւ նրանց օժանդակողների բացահայտումը տեղի է ունեցել 4¬5 օր առաջ, սակայն ցարդ չի հրատարակվել որպես ընտրաքարոզչություն չդիտարկելու մտահոգությամբ։
Մ. Մ.