ԱՊՀ դիտորդական խմբի գնահատականը
Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն այսպես բնութագրեցին ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Նրանց ընդհանուր թիվը 30-ն էր, ներկայացնում էին 8 երկրներ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, այդ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովները։ Դիտորդները բաժանվելով 15 խմբի, այցելել էին Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանում գտնվող 216 տեղամասեր, հանդիպել պետական իշխանության ներկայացուցիչների, թեկնածուների նախընտրական շտաբների ղեկավարների, լրագրողների, մյուս դիտորդական խմբերի անդամների հետ։ Ամփոփելով այցելության արդյունքները, դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովը երեկ հանդես եկավ հայտարարությամբ։
Ընդհանուր առմամբ նախագահական ընտրություններն անցել են կազմակերպված եւ համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին։ Նախընտրական իրավիճակի վրա դրական ազդեցություն է գործել հեռուստաբանավեճը երկու թեկնածուների միջեւ։ Սակայն դիտորդները նշել են, որ առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում անցկացված հանրահավաքների, դրանցում հնչած անզուսպ արտահայտությունների պատճառով երկրում ստեղծվել էր որոշակի լարվածություն։ Առանձին լրատվամիջոցներ կողմնակալ էին նախընտրական արշավը լուսաբանելիս։
Հայտարարության մեջ միաժամանակ արձանագրվել են որոշակի թերացումներ եւ բացթողումներ քվեարկության օրը։ Առանձին ընտրատեղամասերում ընտրացուցակների անճշտությունները վերացված չէին, բացակայում էին քվեաթերթիկների ճիշտ լրացման օրինակները, հայտնաբերվել են խախտումներ քվեարկության, ձայների հաշվառման ժամանակ։ Եղել են դեպքեր, երբ ընտրական հանձնաժողովների անդամները փորձել են սահմանափակել դիտորդների իրավունքները։ Հանձնաժողովների մի շարք անդամներ էլ դուրս էին հանվել հանձնաժողովներից, որը հաճախ կատարվել է օրենսգրքի խախտումներով։
Այդուհանդերձ, այդ խախտումներն ու մյուս երեւույթները չեն կրել զանգվածային բնույթ, դրանց մի մասը վերացվել է տվյալ պահին, իսկ ընդհանուր առմամբ էական ազդեցություն չեն գործել քվեարկության մասնակիցների կամքի ազատ արտահայտման վրա։ Այդ պատճառով էլ ԱՊՀ դիտորդական առաքելությունն այս ընտրությունները գնահատում է որպես ժողովրդավարական եւ լեգիտիմ։
Դիտորդական առաքելության ղեկավարներից Կոնստանտին Մարկելովը հայտնեց, որ իրենք լավ հարաբերություններ ունեին ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբների հետ եւ երկու կողմերից էլ տեղեկատվություն էին ստանում։ Խախտումների թվում նա նշեց առանձին անձանց տեղամասային հանձնաժողովներից հանելը, առանց նրանց համաձայնության։ Նման փաստեր արձանագրվել են 70 ընտրատեղամասերում։ Շուրջ 30 տեղամասերում էլ ձայները չեն վերահաշվարկվել, չնայած Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց պահանջին։ Դա էլ օրենսդրության խախտում է։ Սակայն Կոնստանտին Մարկելովը հայտնեց, որ իրենք չեն հայտնաբերել քվեատուփերը զանգվածաբար լցնելու դեպքեր։
ԱՊՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներից Վլադիմիր Բուտաեւն անդրադարձավ այլ բնույթի, իր բնորոշմամբ, «բացթողումներին»։ Օրինակ, նա նշեց, որ մի տեղամասում իրեն դիմավորել է գյուղապետը։ Նրան ասվել է, որ իրավունք չունի քվեարկելուց հետո գտնվել տեղամասում։ Ձայների հաշվարկման ժամանակ թ. 29 ընտրատարածքի 2 տեղամասերում ձայների հաշվարկման ժամանակ փորձ է արվել խանգարել դիտորդական առաքելությանը։ Անգամ ոստիկանություն է կանչվել միայն այն պատճառով, որ դիտորդները կանգնած էին, այլ ոչ թե նստած, ինչի մասին օրենքը ոչինչ չէր ասում։ Դիտորդը զանգահարել է ընտրատարածքային հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որից հետո խնդիրը կարգավորվել է։ Վլադիմիր Բուտաեւն, անդրադառնալով զինվորականների քվեարկությանն, ասաց, որ ինքը եղել է 2 տեղամասերում, որտեղ զինվորներն ընտրել են առանց հրամանատարների ուղեկցության, իսկ քվեարկությունը կազմակերպված է եղել։
Յուրի Յարովն իր դժգոհությունը հայտնեց ընդդիմության հանրահավաքներում հնչող այն հայտարարությունների կապակցությամբ, որտեղ նշվել է, թե իբր Յուրի Յարովին հեռացրել են աշխատանքից կամ իբր դիտորդներից մեկը ելույթ է ունեցել այդտեղ եւ այլն։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ լավ կլիներ, եթե չլինեին վարչական այն պատիժները, որոնք կիրառվել են այս ընթացքում։ Այնուամենայնիվ, հիմնական միտքն այն էր, որ ընտրությունների արդյունքների վրա խախտումները չեն ազդել։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ